ՀՈՎՀԱՆՆԵՍ 15

15
Հիսուսը՝ ճշմարիտ որթատունկ
1«Ես եմ ճշմարիտ որթատունկը, և իմ Հայրը մշակն է։ 2Յուրաքանչյուր որթաճյուղ, որ ինձ վրա է և պտուղ չի տալիս, նա կտրում է այն. և յուրաքանչյուր պտղաբեր որթաճյուղ էտում է, որ առավել պտղաբեր լինի։ 3Դուք արդեն մաքրվել եք այն խոսքի միջոցով, որ ձեզ ասացի։ 4Մնացե՛ք իմ մեջ, ես էլ՝ ձեր մեջ։ Ինչպես որթաճյուղն ինքն իրենից չի կարող պտղաբերել, եթե որթատունկի հետ միավորված չլինի, այնպես էլ դուք, եթե ինձ հետ չմիավորվեք։ 5Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը. ով ինձ հետ է միավորվում, իսկ ես՝ նրա հետ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց ինձ ոչինչ չեք կարող անել։ 6Եթե մեկն ինձ հետ չի միավորվում, նրան որթաճյուղի պես կնետեն, և կչորանա։ Ապա այն կհավաքեն, կրակը կգցեն, և կայրվի։ 7Եթե ինձ հետ միավորված մնաք, իմ խոսքերն էլ ձեր մեջ մնան, ինչ որ կամենաք, խնդրեք, այն ձեզ կտրվի։ 8Իմ Հայրն այն դեպքում կփառավորվի, երբ դուք շատ պտուղ տաք և իմ աշակերտները լինեք։
9Ինչպես Հայրն ինձ սիրեց, այնպես էլ ես ձեզ սիրեցի. մնացե՛ք իմ սիրո մեջ։ 10Եթե իմ պատվիրանները պահեք, կմնաք իմ սիրո մեջ, ինչպես ես իմ Հոր պատվիրանները պահեցի և նրա սիրո մեջ եմ մնում։
11Այս բաները ձեզ ասացի, որպեսզի իմ ուրախությունը ձեր մեջ լինի, և ձեր ուրախությունը կատարյալ լինի։ 12Սա է իմ պատվիրանը, որ սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի։ 13Ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան նա, ով իր կյանքն է տալիս իր բարեկամների համար։ 14Դուք իմ բարեկամներն եք, եթե անեք այն, ինչ ես պատվիրում եմ ձեզ։ 15Ձեզ այլևս ծառաներ չեմ կոչում, որովհետև ծառան չգիտի, թե իր տերն ի՛նչ է անում։ Ձեզ բարեկամներ եմ կոչում, որովհետև այն ամենը, ինչ իմ Հորից լսեցի, ձեզ հայտնեցի։ 16Դո՛ւք չէ, որ ինձ ընտրեցիք, այլ ե՛ս ձեզ ընտրեցի ու ձեզ կարգեցի, որպեսզի դուք գնաք և պտղաբերեք, ու ձեր պտուղը մնա. որպեսզի ինչ որ իմ անունով խնդրեք Հորից, տա ձեզ։ 17Այս եմ ձեզ պատվիրում, որ սիրեք միմյանց։
Աշխարհի ատելությունը
18Եթե աշխարհը ձեզ ատում է, իմացե՛ք, որ նախ ինձ է ատել։ 19Եթե այս աշխարհից լինեիք, ապա աշխարհը ձեզ իբրև յուրայինների կսիրեր. բայց քանի որ աշխարհից չեք, այլ ես ձեզ աշխարհից ընտրեցի, դրա համար աշխարհն ատում է ձեզ։ 20Հիշե՛ք այն խոսքը, որ ես ձեզ ասացի. "Ծառան ավելի մեծ չէ, քան իր տերը"։ Եթե ինձ հալածեցին, ձեզ նույնպես հալածելու են. եթե իմ խոսքը պահեցին, ձերն էլ կպահեն։ 21Բայց այս ամենը իմ անվան պատճառով կանեն ձեզ, որովհետև ինձ ուղարկողին չեն ճանաչում։ 22Եթե ես եկած և նրանց հետ խոսած չլինեի, նրանք մեղք չէին ունենա. բայց հիմա իրենց մեղքի համար ոչ մի արդարացում չունեն։ 23Ով ինձ ատում է, իմ Հորն էլ է ատում։ 24Եթե նրանց մեջ կատարած չլինեի այն գործերը, որ ուրիշ ոչ ոք չէր կատարել, մեղք չէին ունենա։ Սակայն այժմ այդ գործերը տեսան ու ատեցին թե՛ ինձ, թե՛ իմ Հորը։ 25Բայց դա տեղի ունեցավ, որպեսզի կատարվի նրանց օրենքում գրված խոսքը. "Ինձ առանց պատճառի ատեցին" (Սաղ. 35.19, 69.4)։
26Երբ Մխիթարիչը գա, որին ես Հոր կողմից կուղարկեմ ձեզ, ճշմարտության Հոգին, որ Հորից է ելնում, նա կվկայի իմ մասին։ 27Եվ դուք էլ կվկայեք, որովհետև սկզբից ինձ հետ եք»։

Выделить

Поделиться

Копировать

None

Хотите, чтобы то, что вы выделили, сохранялось на всех ваших устройствах? Зарегистрируйтесь или авторизуйтесь