ԾՆՆԴՈՑ 1
1
Արարչագործության պատմությունը
1Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը։ 2Երկիրն անձև ու դատարկ էր. և անդունդի վրա խավար էր, և Աստծու Հոգին շրջում էր ջրերի վրա։ 3Եվ Աստված ասաց. «Թող լույս լինի»։ Եվ լույս եղավ։ 4Աստված տեսավ, որ լույսը բարի է. և Աստված լույսը բաժանեց խավարից։ 5Աստված լույսը կոչեց Ցերեկ և խավարը կոչեց Գիշեր։ Եվ երեկո ու առավոտ եղավ՝ օր առաջին։
6Եվ Աստված ասաց. «Թող հաստատություն լինի ջրերի միջև, որ ջրերը բաժանի ջրերից»։ 7Եվ Աստված արարեց հաստատությունը ու բաժանեց հաստատության տակ եղած ջրերը տարածության վրա եղած ջրերից։ Եվ այդպես եղավ։ 8Աստված հաստատությունը կոչեց Երկինք։ Եվ երեկո ու առավոտ եղավ՝ օր երկրորդ։
9Եվ Աստված ասաց. «Երկնքի տակ եղած ջրերը թող մի տեղ հավաքվեն, և ցամաքը երևա»։ Եվ այդպես եղավ։ 10Աստված ցամաքը կոչեց Երկիր, իսկ հավաքված ջրերը կոչեց Ծով։ Աստված տեսավ, որ բարի է։ 11Եվ Աստված ասաց. «Երկիրը թող կանաչ խոտ աճեցնի, սերմ տվող խոտ և պտղաբեր ծառ, որ պտուղ տա՝ իր տեսակի պես, որի սերմը իր մեջ լինի երկրի վրա»։ Եվ այդպես եղավ։ 12Երկիրը կանաչ խոտ աճեցրեց, սերմ տվող խոտ՝ իր տեսակի պես, և պտղաբեր ծառ, որի սերմը իր մեջ է՝ իր տեսակի պես։ Աստված տեսավ, որ բարի է։ 13Եվ երեկո ու առավոտ եղավ՝ օր երրորդ։
14Եվ Աստված ասաց. «Թող լուսատուներ լինեն երկնքի հաստատության մեջ, որպեսզի ցերեկը բաժանեն գիշերից. և նշանների, ժամանակների, օրերի ու տարիների համար լինեն։ 15Եվ լուսատուներ լինեն երկնքի հաստատության մեջ, որպեսզի լուսավորեն երկիրը»։ Եվ այդպես եղավ։ 16Եվ Աստված երկու մեծ լուսատուներ արարեց. մեծ լուսատուն՝ ցերեկվա վրա իշխելու համար, իսկ փոքր լուսատուն՝ գիշերվա վրա իշխելու համար. ստեղծեց նաև աստղերը։ 17Աստված դրանք դրեց երկնքի հաստատության մեջ, որպեսզի լուսավորեն երկիրը, 18իշխեն ցերեկվա ու գիշերվա վրա և լույսը բաժանեն խավարից։ Եվ Աստված տեսավ, որ բարի է։ 19Եվ երեկո ու առավոտ եղավ՝ օր չորրորդ։
20Եվ Աստված ասաց. «Ջրերը թող եռան կենդանի շունչ ունեցող զեռուններով, և թռչուններ թռչեն երկրի վրա, երկնքի հաստատության միջով»։ 21Եվ Աստված ստեղծեց մեծամեծ կետերը և կենդանի շունչ ունեցող բոլոր սողունները, որ ջրերը եռացին դրանցով՝ իրենց տեսակի պես, և բոլոր թևավոր թռչունները՝ իրենց տեսակի պես։ Եվ Աստված տեսավ, որ բարի է։ 22Աստված օրհնեց դրանք՝ ասելով. «Աճեցե՛ք և բազմացե՛ք ու լցրե՛ք ծովերի ջրերը, և թռչունները թող շատանան երկրի վրա»։ 23Եվ երեկո ու առավոտ եղավ՝ օր հինգերորդ։
24Եվ Աստված ասաց. «Երկիրը շնչավոր կենդանի թող հանի իր տեսակի պես. անասուններ, սողուններ և երկրի գազաններ՝ իրենց տեսակի պես»։ Եվ այդպես եղավ։ 25Եվ Աստված երկրի գազաններն ստեղծեց՝ իրենց տեսակի պես, անասունները՝ իրենց տեսակի պես և գետնի բոլոր սողունները՝ իրենց տեսակի պես։ Եվ Աստված տեսավ, որ բարի է։
26Եվ Աստված ասաց. «Մեր պատկերով ու մեր նմանությամբ մարդ#1.26 Եբր. Ադամ։ արարենք, որպեսզի իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, անասունների ու ամբողջ երկրի վրա և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։ 27Եվ Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով. Աստծու պատկերով ստեղծեց նրան. արու և էգ ստեղծեց նրանց։ 28Աստված օրհնեց նրանց և Աստված ասաց նրանց. «Աճեցե՛ք, բազմացե՛ք և լցրե՛ք երկիրն ու տիրեցե՛ք դրան. իշխե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների վրա ու երկրի վրա սողացող բոլոր կենդանիների վրա»։
29Եվ Աստված ասաց. «Ահա ամեն խոտ, որ սերմ ունի ամբողջ երկրի վրա, և ամեն ծառ, որի մեջ կա սերմ տվող ծառի պտուղ, ահա ձեզ տվեցի, որ կերակուր լինի ձեզ համար։ 30Իսկ երկրի բոլոր կենդանիների, երկնքի բոլոր թռչունների և երկրի վրայի բոլոր սողունների համար, որոնց մեջ կենդանության շունչ կա, թող կերակուր լինի ամեն կանաչ խոտ»։ Եվ այդպես եղավ։
31Եվ Աստված տեսավ, որ այն ամենը, ինչ որ արել էր, ահա շատ բարի էր։ Եվ երեկո ու առավոտ եղավ՝ օր վեցերորդ։
Nke Ahọpụtara Ugbu A:
ԾՆՆԴՈՑ 1: ՆՎԱԱ
Mee ka ọ bụrụ isi
Kesaa
Mapịa
Ịchọrọ ka echekwaara gị ihe ndị gasị ị mere ka ha pụta ìhè ná ngwaọrụ gị niile? Debanye aha gị ma ọ bụ mee mbanye
© Bible Society in Armenia, 2018