Հավատացյալի գաղտնի օգնությունըՕրինակ
Քո կյանքի փոփոխությունը պետք է հստակ ու տեսանելի լինի
Այսօր ուղերձների նոր շարք ենք սկսում, որը կրում է «Հավատացյալի գաղտնի օգնությունը» անվանումը։ Երբևէ մտածե՞լ ես, թե ինչու են որոշ մարդկանց անվանում հավատացյալներ։ Իրականում, այս անվանումը կա ողջ աշխարհով մեկ, սակայն հայկական միջավայրում այն առանձնահատուկ իմաստ է կրում։ Այլ երկրներում այն մարդկանց, որոնց մենք հավատացյալներ ենք կոչում, անվանում են քրիստոնյաներ։ Սակայն, քանի որ մեր միջավայրում գրեթե բոլորն են իրենց քրիստոնյա տեսնում, անհրաժեշտություն է առաջացել որևէ այլ բառով նկարագրել ընդհանուր քրիստոնյաներից տարբերվող հատուկ քրիստոնյաներին։ Եվ այդ տարբերվող քրիստոնյաներին սկսել են անվանել հավատացյալներ։
Սիրելի՛ բարեկամ, ասեմ, որ հավատացյալ լինելը մեծ պատիվ է։ Հավատացյալ քրիստոնյաներին ոչ հավատացյալ քրիստոնյաներից տարբերողը նրանց հավատքն է։ Իհարկե, տարօրինակ է հնչում «ոչ հավատացյալ քրիստոնյա» արտահայտությունը, քանի որ իրական կյանքում նման հասկացություն գոյություն չունի, սակայն, որպեսզի հասկանանք մեր իրականությունը, ստիպված ենք նման սահմանում օգտագործելու։ Մեծ հույս ունեմ, որ մեր ունկնդիրների մեջ չեն լինի ոչ հավատացյալ քրիստոնյաներ, իսկ եթե լինեն էլ, ապա այս ուղերձները նրանց կմղեն ապաշխարության և ճշմարիտ քրիստոնեական կյանքի։
Եվ այսպես, հավատացյալ քրիստոնյաներին ոչ հավատացյալ քրիստոնյաներից տարբերողը նրանց հավատքն է։ Հավատացյալներն էլ, մյուս քրիստոնյաներն էլ հավատում են Քրիստոսին։ Նրանց տարբերությունն այն է, որ հավատացյալները հավատում են Քրիստոսի գոյությանը, Նրա կատարած գործին և ուսուցանած ճշմարտություններին, իսկ սովորական քրիստոնյաները հավատում են Քրիստոսի գոյությանը, կատարած գործին, սակայն մեծ կարևորություն չեն տալիս Նրա ուսուցանած ճշմարտություններին։
Հավատացյալ լինելը թանկ արժեք է։ Սովորական քրիստոնյաները որոշակի քրիստոնյաների սկսեցին հավատացյալ կոչել, քանի որ վերջիններիս կյանքը սկսեց տարբերվել մյուսների ապրած կյանքից։ Հավատացյալներն Աստվածաշունչ էին կարդում, հեռու էին մնում այն ամենից, ինչն արգելում էր Աստվածաշունչը, և անում էին բաներ, որքան էլ տարօրինակ լինեին այդ բաները, որ Տեր Հիսուսն ու առաքյալներին էին սովորեցրել Աստվածաշնչի էջերում։ Հավատացյալների կյանքը կարելի էր բնութագրել որպես Քրիստոսի Ավետարանին հնազանդ կյանք։
«Բայց բոլորը չէ, որ Ավետարանին հնազանդ եղան։ Եսային ասում է. «Տե՛ր, մեր ավետիսին ո՞վ հավատաց»։ Ուրեմն հավատը լսելուց է, իսկ լսելը՝ Քրիստոսի խոսքից» (Հռոմեացիս 10.16-17):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր շատերն են իրենց հավատացյալ կոչում։ Եվ մենք ստիպված ենք ևս մեկ անգամ տարանջատել ճշմարիտ ու կեղծ հավատացյալներին։ Քրիստոսի խոսքերին հավատացող մարդիկ և Նրա ուսուցումներին հնազանդության փափագ ունեցողները ճշմարիտ հավատացյալներն են։ Իսկ այն մարդիկ, որոնք հավատացյալի կերպարանք ունեն, սակայն չեն կարևորում մեղքի ու սրբության կյանքի վերաբերյալ Քրիստոսի ուսուցումները և ջանք չեն անում փոխակերպելու իրենց կյանքերը, որպեսզի ապրեն Աստծու կամքի սահմաններում, կեղծ հավատացյալներն են, որոնք խորը ապաշխարության կարիք ունեն։
Հավատացյալի կյանքի փոփոխությունը պետք է լինի հստակ և տեսանելի իր շրջապատի մարդկանց համար։ Անհնար է, որ մարդը կարողանա թաքցնել իր հավատացյալ լինելը, քանի որ հավատացյալի կյանքը աղի պես համ է տալիս իր շրջապատին և լույսի պես լուսավորում է ամեն խավար միջավայր։ Իսկ թե ինչ գաղտնի օգնություն է պատրաստել Աստված ճշմարիտ հավատացյալների համար, կքննարկենք մեր հաջորդ ուղերձի մեջ։
«Դուք եք երկրի աղը. եթե աղն իր համը կորցնի, ինչո՞վ կհամեմվի. այլևս ոչնչի պիտանի չի լինի, այլ դուրս կթափվի ու մարդկանց կողմից ոտնակոխ կլինի։ Դուք եք աշխարհի լույսը։ Մի քաղաք, որ լեռան վրա է կառուցված, չի կարող թաքնվել» (Մատթեոս 5․13-14):
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել.Hisus.amկայքում։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին
Հավատացյալ լինելը թանկ արժեք է։ Այսօր շատերն են իրենց հավատացյալ կոչում։ Հավատացյալի կյանքի փոփոխությունը պետք է լինի հստակ և տեսանելի իր շրջապատի մարդկանց համար։ Առանց Տեր Աստծու օգնության ո՛չ մի մարդ չի կարող ապրել այն կյանքը, որն Աստված ակնկալում է: Աստված Իր Խոսքին հավատացող զավակների համար օգնություն է պատրաստել, որպեսզի կարողանան ապրել այն կյանքը, որն Ինքն է ակնկալում նրանցից։ Աստված առատորեն հասանելի է դարձրել Իր շնորհը այն մարդկանց, որոնք ձգտում են իրենց կյանքից հեռացնել մեղքը:
More