Դու կարո՛ղ ես հանդիպել ԱստծունՕրինակ
Աստծու ներկայությունը Նոր Ուխտի ժամանակներում
Մենք ավարտում ենք ուղերձների շարքը, որը կրում էր «Դու կարո՛ղ ես հանդիպել Աստծուն» անվանումը։ Մենք Նոր Ուխտի հավատացյալներ ենք։ Քրիստոնյաները մեծագույն արտոնություն ունեն Տեր Աստծու ներկայության մեջ լինելու առումով, որը չեն ունեցել Աստծու զորավոր ծառաները, որոնք ապրել ու գործել են Հին Ուխտի ժամանակներում։
Սիրելի՛ բարեկամ, Մովսեսի ժամանակներից սկսած՝ Հին Ուխտի հավատացյալները և Տաճարի ծառայողները Աստծու հետ հանդիպում ունենալու համար մշտապես գնացել են այն վայրը, որտեղ Ուխտի Տապանակն էր, որը խորհրդանշում էր Տեր Աստծու ներկայությունը։ Այն սկզբում խորանի մեջ էր, իսկ հետո՝ Տաճարում, սակայն մշտապես գտնվում էր Սրբություն Սրբոց կոչվող սենյակում, որը վարագույրով բաժանված էր այն սենյակից, որտեղ իրավունք ունեին մուտք գործել Տաճարի սպասավորները։
Ինչպես արդեն նշել ենք մեր նախորդ ուղերձների մեջ, Տեր Հիսուսի խաչելությամբ Տաճարի վարագույրը վերից վար պատռվեց։ Աստված հեռացնում էր բաժանարար պատը Իր ներկայության և մարդկանց համար թույլատրելի տարածքի միջև։ Քրիստոսի խաչելությամբ Աստված հեռացրեց բաժանարար պատը և մի զորավոր խոստում տվեց, որը գիտակցելը ցնցող մի ճշմարտություն է բացահայտում յուրաքանչյուր հավատացյալ քրիստոնյայի համար։
«Կամ չգիտե՞ք, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, և որն Աստծուց ունեք, և դուք ձերը չեք» (Ա Կորնթացիս 6․19):
Եթե դու հավատում ես Տեր Հիսուս Քրիստոսին և ամբողջ սրտով ընդունել ես Նրա ուսուցանած ճշմարտություններն ու որոշում ես կայացրել ապրել՝ այս երկրի վրա Նրա կամքին հնազանդվելը դարձնելով քո կյանքի կարևորագույն առաջնահերթությունը, ապա քո մարմինը արդեն իսկ Աստծու Սուրբ Հոգու Տաճարն է։
Եթե Հին Ուխտի ժամանակներում Աստված Իր ներկայությունը հայտնում էր Տաճարում, Նոր Ուխտի ժամանակներում սկզբունքը չի փոխվել։ Փոխվել է Տաճարի վայրը։ Քրիստոսի աշակերտներիս՝ իմ և քո մարմիններն են Աստծու ներկայության դրսևորման տաճարները։ Աստծու Խոսքը անհերքելի ճշմարտություն է մեզ փոխանցում, որին հավատալը կփոխի մեր վերաբերմունքը մեր կյանքի, մեր մարմինների և, ամենակարևորը, Տեր Աստծու սուրբ ներկայության հանդեպ։
«Ով ունի Իմ պատվիրանները և պահում է դրանք, նա՛ է Ինձ սիրում. ով Ինձ սիրում է, պիտի սիրվի Իմ Հորից, Ես էլ պիտի սիրեմ նրան և Ինձ պիտի հայտնեմ նրան։ Եթե մեկն Ինձ սիրում է, Իմ խոսքը կպահի։ Եվ Իմ Հայրը կսիրի նրան, և նրա մոտ կգանք ու բնակություն կհաստատենք նրա մոտ» (Հովհաննես 14.21,23):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, դու կարո՛ղ ես հանդիպել Աստծուն․․․ Եվ ո՛չ միայն կարող ես հանդիպել, այլ տերերի Տեր և թագավորների Թագավոր Հիսուս Քրիստոսի անխախտ խոստումն է, որ Ինքն Իրեն հայտնելու է այն մարդուն, որը սիրում է Իրեն և պահում Իր պատվիրանները։ Ավելին՝ Տերը սովորեցնում է, որ եթե մեկը սիրում է Իրեն, ապա կպահի Իր խոսքը։ Աստծուն սիրելը դրսևորվում է Նրա կամքին հնազանդվելու մեջ։ Եթե մենք սիրենք Նրա ուսուցանած պատվիրանները և ամեն ջանք անենք, որ ապրենք ըստ Նրա փոխանցած սկզբունքների, ապա մենք սիրում ենք Տեր Հիսուսին։ Հենց ա՛յս մարդկանց է Տերը վստահեցնում, որ Հայրն Ինքն է սիրելու նման մարդուն և Աստված Իր փառավոր ներկայությամբ բնակություն է հաստատելու նման մարդու մեջ։
Ինչպիսի՜ փառավոր խոստում։ Իսկ դու հավատո՞ւմ ես Տեր Հիսուսի այս խոստմանը։ Դու փափագո՞ւմ ես ո՛չ միայն հանդիպել Աստծուն, այլ դառնալ Նրա բնակության վայրը՝ Նրա սքանչելի ներկայության մերօրյա Տաճարը։ Որքան էլ անհավանական հնչեն այս խոսքերը, դրանք Աստծու անսխալական Խոսքի խոստումներն են Աստծու պատվիրաններին հնազանդվող և Տեր Հիսուսին սիրող մարդկանց համար։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել.Hisus.amկայքում։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Յուրաքանչյուր մարդ կարող է հանդիպել Աստծուն։ Այս պնդման ապացույցը Նրա հետ հանդիպած մարդկանց փոխակերպված կյանքն է։ Տեր Աստծու հետ հանդիպում ունենալու նախապայմանը սրբության կյանքի փափագ ունենալն է։ Այն նշանակում է տարբերվել աշխարհից Աստծու կամքի և մեղքի հանդեպ մեր վերաբերմունքի մեջ։ Տեր Հիսուսը դարձավ դեպի Տերը տանող ճանապարհը՝ վճարելով մեղքից ու մահից մեր ազատվելու համար անհրաժեշտ փրկագինը։
More