Դու կարո՛ղ ես հանդիպել ԱստծունՕրինակ

Դու կարո՛ղ ես հանդիպել Աստծուն

ՕՐ 7 7-ից

Տերը քեզ հետ է․ մի՛ վախեցիր․․․

Այսօր մենք ավարտում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Դու կարո՛ղ ես հանդիպել Աստծուն» անվանումը։ Հույս ունեմ, որ ինչ-որ իմաստով այս շարքն օգնեց քեզ Տեր Աստծու հետ իրական հանդիպում ունենալու հարցում։ Աստված Իր Խոսքի մեջ հստակ ցուցումներ և պայմաններ է մեզ փոխանցում Իր ներկայության մեջ մտնելու համար, և մեր նախորդ ուղերձների մեջ մենք միասին քննարկեցինք այդ պայմաններից, խոստումներից ու խորհուրդներից շատերը։

Սիրելի՛ բարեկամ, այսօր այս շարքի մեր վերջին ուղերձի մեջ ուզում եմ, որ միասին անդրադառնանք մի կարևորագույն խնդրի, որին բախվում են մեր շրջապատի բազմաթիվ մարդիկ, իսկ երբեմն էլ՝ մենք ինքներս։ Որոշ մարդիկ վախ ու սարսափ են զգում անգամ միայն Աստծու ներկայության մեջ մտնելու մտքից։ Սա բնական է, սակայն ամեն բնական բան չէ, որ ճիշտ է։ Աստվածավախությունը կարևոր որակ է քրիստոնյայի համար, սակայն դա երբե՛ք ու երբե՛ք չի նշանակում վախենալ Աստծու հետ մտերմությունից, Նրա հետ իրական հանդիպում ունենալուց կամ Նրա քաղցր ու սուրբ ներկայության մեջ մուտք գործելուց։

«Ամբողջ ժողովուրդը լսում էր որոտները, կայծակները և փողի ձայնը ու տեսնում լեռան ծխալը։ Ժողովուրդը վախենալով ետ քաշվեց ու հեռու կանգնեց։ Եվ ասացին Մովսեսին. «Դո՛ւ խոսիր մեզ հետ, և մենք կլսենք. բայց Աստված թող չխոսի մեզ հետ, որ չմեռնենք»։ Մովսեսն ասաց ժողովրդին. «Մի՛ վախեցեք, որովհետև Աստված եկել է, որ փորձի ձեզ, այնպես որ Նրա երկյուղը ձեր առաջ լինի, որպեսզի չմեղանչեք»։ Ժողովուրդը հեռու կանգնեց, իսկ Մովսեսը մոտեցավ այն թանձր խավարին, ուր Աստված էր» (Ելք 20.18-21):

Աստված ուզում էր հաղորդակցվել Իր ժողովրդի հետ, սակայն ժողովուրդը մերժեց դա` սխալ վախի պատճառով։ Իրականում, Աստծու երկյուղը՝ Նրա առաջ սրբության զարդարանքով և արդարության սպիտակ բեհեզներով ապրելը, մեզ պահում է մնացած բոլոր վախերից։ Մենք պետք է վախենանք ո՛չ թե Աստծու ներկայության մեջ մուտք գործելուց, պետք է վախենանք ո՛չ թե Նրան մեր կյանքերի մեջ ընդունելուց, այլ պետք է վախենանք ու սարսափենք Նրան ոչ հաճելի կյանքով ապրելուց ու Նրա դեմ ապստամբելուց։

Վախի, կասկածի, դատապարտության ու տագնապի մտքերը չարի կրակոտ նետերն են, որոնք հնարավոր է հանգցնել միայն և միմիայն հավատքի վահանի շնորհիվ։ Եթե մարդը չի ապրում Աստծու ներկայության մեջ և չի ձգտում իր վարքագիծն ու ընդունած որոշումները համապատասխանեցնել Աստծու կամքին և Աստծու Խոսքի հանդեպ ունեցած իր հավատքին, ապա նա չի կարող կիրառել իր կյանքում հավատքի վահանի պաշտպանությունը, քանի որ իր ապրած կյանքը խոսում է այն մասին, որ իր հավատքը մեռած հավատք է։

«Արդ հաստատո՛ւն կանգնեք՝ ձեր մեջքը ճշմարտությամբ գոտևորած ու արդարության զրահը հագած և ձեր ոտքերին պատրաստակամությունն իբրև կոշիկ հագած՝ խաղաղության Ավետարանը քարոզելու համար։ Եվ այդ բոլորի վրա հավատի վահա՛նն առեք, որպեսզի կարողանաք չարի բոլոր կրակոտ նետերը հանգցնել։ Առե՛ք նաև փրկության սաղավարտը և Հոգու սուրը, որ Աստծու խոսքն է։ Ամեն ժամ աղոթե՛ք և խնդրե՛ք Հոգով. և սրա մեջ արթո՛ւն մնացեք․․․» (Եփեսացիս 6․14-18):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Աստծու հետ մտերմությունը և հավատարիմ աշակերտության շնորհիվ քո գրանցած հոգևոր աճը քեզ կփոխանցեն հոգևոր պատերազմի ողջ զինանոցը։ Դու այլևս չես տատանվի տարբեր վարդապետական քամիներից, չես կքվի ինքնադատապարտության, կասկածի, անհանգստության, թերահավատության, վախի ու տագնապի մտքերի ծանրության ներքո։ Տեր Աստծու հետ մտերմությունը և Նրա ներկայության մեջ պարբերաբար Նրա Հոգով լցվելը քեզ կդարձնեն մյուսների կյանքում հոգևոր աճի ու ամրության միջոց։

«Եվ տոնի վերջին մեծ օրը Հիսուսը կանգնած էր և աղաղակում էր՝ ասելով. «Եթե մեկը ծարավ է, թող Ինձ մոտ գա ու խմի։ Ինչպես Գիրքն է ասում. "Ով Ինձ հավատում է, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն"»։ Նա այս ասաց՝ նկատի ունենալով Հոգուն, որն ընդունելու էին Նրան հավատացողները․․․» (Հովհաննես 7․37-39):

Փափագի՛ր Տեր Աստծու հետ հանդիպմանը։ Լցվի՛ր Նրա Հոգով Նրա քաղցր ներկայության մեջ։ Դարձի՛ր կենդանի ջրերի աղբյուր քո շրջապատի մարդկանց համար և վայելի՛ր Աստծուն ծառայելու աննկարագրելի վայելքը․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել.Hisus.amկայքում։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 6

Այս Ծրագրի Մասին

Դու կարո՛ղ ես հանդիպել Աստծուն

Մարդկության պատմության ողջ ընթացքում բազմաթիվ վկայություններ փաստում են, որ այն մարդիկ, որոնք որոշում են կայացրել Աստծուն փնտրելու, հանդիպել են տիեզերքի Արարիչ Աստծուն։ Աստված նախապայման ունի Իրեն փնտրող մարդկանց համար, և այդ նախապայմանը սրբության կյանքն է, որը սկսվում է ապաշխարությունով, շարունակվում է հոգևոր աճով ու հասունությամբ, երբ մարդն հմտանում է Աստծու կամքը ճանաչելու և դրան հնազանդ կյանք ապրելու մեջ։ Աստված ո՛չ միայն ուզում է հանդիպել քեզ, այլև փափագում է քեզ որդեգրել:

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://Hisus.am