Ինչպե՞ս է ծնվում Աստծուն ծառայելու տեսիլքըՕրինակ

Ինչպե՞ս է ծնվում Աստծուն ծառայելու տեսիլքը

ՕՐ 1 7-ից

Իսկ դու ունե՞ս Աստծուն ծառայելու տեսիլք

Այսօր մենք ուղերձների նոր շարք ենք սկսում, որը կոչվում է «Ինչպե՞ս է ծնվում Աստծուն ծառայելու տեսիլքը»։ Հուսով եմ, որ առաջիկա յոթ օրերի ուղերձները օրհնություն կդառնան քո հոգևոր ընթացքի համար, ինչպես նաև կօգնեն քեզ Քրիստոսին ծառայելու հարցում կողմնորոշվելու և ծառայության հստակ ուղղություններ տեսնելու ու գործնական քայլեր ձեռնարկելու հարցերում։

Սիրելի՛ բարեկամ, իսկ դու ունե՞ս Աստծուն ծառայելու տեսիլք։ Գիտե՞ս արդյոք, թե ինչպիսի զորավոր օրհնություններ կան պատրաստված Աստծուն ծառայողների համար։ Աստծուն ծառայելն առաջին հերթին մեր շնորհակալության և երախտագիտության միջոցն է, քանի որ գնահատում ենք այն մեծ սերը, որ Աստված ունի մեր հանդեպ։ Նա Իր միածին Որդուն չի խնայել հանուն մեր փրկության և մեր մեղքերի համար զոհել է Նրան Գողգոթայի խաչի վրա։

Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր մարդ բնական մղում ունի դեպի Նրան ծառայելը, քանի որ Աստծուն ծառայելը նաև շնորհակալության դրսևորում է։ Սակայն Տիրոջը ծառայելը նաև Նրան հետևելու ապացույցն է։ Եթե դու փափագ չունես Տիրոջը ծառայելու, ամենայն հավանականությամբ, շեղվել ես Նրա նախանշած ճանապարհից կամ մոլորվել քո կյանքի դժվարությունների ու հոգսերի մեջ։

Ահա թե ինչ էր ասում Տեր Հիսուսը Իրեն հետևելու մասին․ «Եթե մեկը ծառայում է Ինձ, թող գա Իմ հետևից, և որտեղ Ես եմ, Իմ ծառան ևս այնտեղ կլինի։ Եթե մեկն Ինձ ծառայի, նրան կպատվի Հայրը» (Հովհաննես 12․26):

Աստծուն ծառայելը մեծագույն օրհնություն է։ Աստծուն ծառայելը մեծագույն արտոնություն է։ Աստծուն ծառայողների համար մեծագույն օրհնություններ ու խոստումներ կան, որոնք անկարելի է մտքով պատկերացնել, և դժվար է գիտակցել դրանց մեծությունը։ Ահա թե ինչ է Ինքն Աստված ասում Իրեն ծառայողների մասին․ «Եվ նրանք Իմը կլինեն,- ասում է Զորքերի Տերը,- այն օրում, երբ Ես կպատրաստեմ Իմ իսկ սեփականությունը։ Ես կխնայեմ նրանց, ինչպես մարդ իր որդուն է խնայում, որ ծառայում է իրեն։ Դուք ետ կդառնաք և կտեսնեք արդարի և ամբարիշտի, Աստծուն ծառայողի և չծառայողի տարբերությունը» (Մաղաքիա 3․17-18):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ դու ուզո՞ւմ ես ծառայել Աստծուն։ Եթե այո, ապա ուզում եմ քեզ հարցնել, թե արդյոք քո սրտում կա՞ համոզվածություն, թե ի՛նչ պետք է անես Տիրոջ գործի համար։ Ունե՞ս արդյոք հստակ տեսիլք և ծառայության ուղղվածություն։ Գիտե՞ս քո պարգևները, որոնք Աստված է քեզ շնորհել, որպեսզի Իր դաշտի մշակը լինես, որ կծառայի Իրեն արդյունավետ ու պտղաբեր ծառայությամբ։

Առաջիկա յոթ օրերին մենք խոսելու ենք այն մասին, թե ինչպես է ծնվում Աստծուն ծառայելու տեսիլքը, և վեց քայլ ենք ուսումնասիրելու տեսիլքի կազմավորման և դրա իրականացմանն ուղղված գործնական քայլերի վերաբերյալ։ Մի հրաշալի ուսուցում կա, որը ես դասավանդում եմ տարբեր եկեղեցիների ծառայողներին, և ուղերձների այս շարքի հիմնական նյութը վերցրել եմ հենց այդ ուսուցումից, որի անվանումն է «Պատմություն կերտողների ճամփորդություն»։

Ես իմ ամբողջ սրտով հավատում եմ և աղոթում եմ քեզ համար, որ Քրիստոսին ծառայելու տեսիլքը քո կյանքում լինի հստակ ու գործնական և որ ուղերձների այս շարքը օգնի քեզ քո հետագա ծառայությունների մեջ պտղաբեր և արդյունավետ ընթացք ունենալու հարցում։ Քրիստոսի Արքայության գործին ծառայելու քո կանչվածությունը բացահայտելը քո հոգևոր պտղաբերության առաջին քայլն է։

«Ինչ էլ որ անեք, սրտա՛նց արեք, ինչպես կանեիք Տիրոջ և ոչ թե մարդկանց համար, իմանալով, որ Տիրոջից ժառանգության հատուցումը կստանաք, որովհետև Տիրոջը՝ Քրիստոսին եք ծառայում» (Կողոսացիս 3․23-24):

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել.Hisus.amկայքում։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 2

Այս Ծրագրի Մասին

Ինչպե՞ս է ծնվում Աստծուն ծառայելու տեսիլքը

Աստծուն ծառայելն առաջին հերթին մեր շնորհակալության և երախտագիտության միջոցն է։ Աստծուն ծառայելու տեսիլքի ձևավորման համար պետք է տեսնել կարիքը, հետո տեսած կարիքի ցավը զգալ, այն քո սեփականը դարձնել և մտնել Նրան ծառայելու քաղցր լծի տակ։Երբ ունես ծառայության քո տեսիլքը, երբ ունես քեզ ուղարկողի օրհնությունը և Աստծու բարի ձեռքը քեզ վրա է, քեզ մնում է պարզապես սկսել շարժվել դեպի քո տեսիլքի իրագործումը։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://Hisus.am