Ինչպե՞ս է ծնվում Աստծուն ծառայելու տեսիլքըՕրինակ

Ինչպե՞ս է ծնվում Աստծուն ծառայելու տեսիլքը

ՕՐ 6 7-ից

Հինգերորդ քայլը հավատքով Աստծուն վստահելն է

Մենք շարունակում ենք «Ինչպե՞ս է ծնվում Աստծուն ծառայելու տեսիլքը» անվանումը կրող ուղերձների շարքը։ Եվ այսօր անդրադառնալու ենք տեսիլքի ձևավորման հինգերորդ քայլին։ Երբ մենք վերջնականապես որոշում ենք ներդրվել Աստծուն ծառայելու համար և իրագործել այն տեսիլքը, որը ծնվել է մեր տեսած կարիքի ցավից, բախվում ենք մի խոչընդոտի, որի հաղթահարման դեպքում է միայն, որ կարողանալու ենք առաջ ընթանալ դեպի արդյունավետ ու պտղաբեր ծառայություն։

Սիրելի՛ բարեկամ, Տեր Աստծու տված տեսիլքը գրեթե միշտ ավելի մեծ է, քան մեր մարդկային ունակությունները։ Ես հավատում եմ, որ եթե Աստծուն ծառայելու քո տեսիլքը տեղավորվում է քո բնական ունակությունների սահմաններում, ապա այն, ամենայն հավանականությամբ, Աստծուց չէ, այլ քո սեփական մտքից։ Աստված մեզ կանչում է այնպիսի գործերի մեջ, որոնք մենք անկարող ենք լինելու իրագործել առանց Նրա օգնության։ Աստծու տված տեսիլքը գրեթե միշտ ավելի մեծ է, քան մեր հնարավորություններն ու տաղանդները։

Եվ հենց այստե՛ղ է, որ մենք պետք է կարողանանք հաղթահարել անհավատությունն ու իրականություն դարձնել տեսիլքի ձևավորմանն ու դրա իրականացմանը միտված հինգերորդ քայլը։ Այս քայլի իմաստը հավատքով Աստծուն վստահելն է։ Երբեմն իրավիճակներն ու մեր առջև ծառացած խնդիրներն այնքա՜ն մեծ են երևում, որ առաջին միտքը, որ ծնվում է մեր գլխում, այդ տեսիլքի իրագործման և ծառայության իրականացման անհնարինությունն է։

«Հիսուսը նրանց նայեց ու ասաց. «Մարդկանց համար դա անհնար է, բայց ո՛չ Աստծու համար։ Աստծու համար ամեն ինչ է հնարավոր» (Մարկոս 10.27):

Երբ մեր հույսը մեր ունակություններն են, տեսիլքի իրականացումը կարող է անհավանական թվալ։ Սակայն երբ մեր հույսն Աստված է և Նրա տված իմաստությունը, զորությունն ու ցուցաբերած օգնությունը, ապա մարդկանց համար անհնարինի իրագործումը դառնում է հնարավոր, քանի որ մենք ոչ թե գործում ենք, այլ համագործակցում․․․ համագործակցում ամենակարող Աստծու հետ։

«․․․որովհետև հավատով ենք ընթանում և ոչ թե տեսողությամբ» (Բ Կորնթացիս 5․7):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստծուն ծառայելու քո տեսիլքի իրականացման ամենամեծ թշնամին թերահավատությունն է։ Այն ամբողջ ձայնով աղաղակում է, որ չե՛ս կարող, քեզ չի՛ հաջողվի, կձախողվես ու կհիասթափվես և ավելի լավ է՝ ընդհանրապես չսկսես։ Եվ այս ամենն իր հիմնավորումներն ունի, որոնք բոլորը սկսվում են «տե՛ս» բառով։ Տե՛ս, այն մեկը չկարողացավ։ Տե՛ս, այն մեկը ոչ մի արդյունքի չհասավ։ Տե՛ս՝ որքա՜ն բարդ է հանձնարարությունը և որքա՜ն դժվարին է ծառայությունը։

Նեեմիան բոլոր նախադրյալներն ուներ անհավատությանը տեղ տալու համար։ Թե՛ Երուսաղեմի՝ հազարավոր կիլոմետրեր հեռու լինելը, թե՛ ճանապարհի վտանգներն ու դժվարությունները, թե՛ հրեաների բնավորությունը և թե՛ շրջակա ազգերի թշնամանքը․․․ Սրանք բոլորը երևացող էին ու իրական, սակայն Նեեմիան տեղ չտվեց թերահավատությանը, այլ զորացավ հավատքով ու, Աստծուն ապավինելով, գնաց դեպի իր տեսիլքի իրականացումը։

Իսկ դու ո՞ր մտքերին ես տեղ տալիս քո ներսում՝ տեսանելի իրականության՝ թերահավատություն ծնող մտքերի՞ն, թե՞ անտեսանելի իրականության հավատք ծնող խոստումներին․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 5Օր 7

Այս Ծրագրի Մասին

Ինչպե՞ս է ծնվում Աստծուն ծառայելու տեսիլքը

Աստծուն ծառայելն առաջին հերթին մեր շնորհակալության և երախտագիտության միջոցն է։ Աստծուն ծառայելու տեսիլքի ձևավորման համար պետք է տեսնել կարիքը, հետո տեսած կարիքի ցավը զգալ, այն քո սեփականը դարձնել և մտնել Նրան ծառայելու քաղցր լծի տակ։Երբ ունես ծառայության քո տեսիլքը, երբ ունես քեզ ուղարկողի օրհնությունը և Աստծու բարի ձեռքը քեզ վրա է, քեզ մնում է պարզապես սկսել շարժվել դեպի քո տեսիլքի իրագործումը։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://Hisus.am