Ինչպե՞ս է ծնվում Աստծուն ծառայելու տեսիլքըՕրինակ
Չորրորդ քայլը ծառայության քաղցր լծի տակ մտնելն է
Մենք շարունակում ենք «Ինչպե՞ս է ծնվում Աստծուն ծառայելու տեսիլքը» անվանումը կրող ուղերձների շարքը։ Եվ այսօր անդրադառնալու ենք տեսիլքի ձևավորման չորրորդ քայլին։ Այն շատ գործնական է։ Երբ արդեն գիտես, թե ո՛ր կարիքն է քեզ կանչում և թե ի՛նչ ուղղվածություն պետք է ունենա քո ծառայությունը, ապա ժամանակն է ինչ-որ բանից սկսելու։ Ծառայության տեսիլքը սպանելու միջոցներից մեկը գործնական քայլերի սկիզբը հետաձգելն է։
Սիրելի՛ բարեկամ, այնքա՜ն հրաշալի է Տեր Աստծու հետ ընթացք անցնելը։ Զորությա՞ն պակաս ունես։ Նա ասում է՝ խնդրի՛ր Ինձնից, և կտամ քեզ։ Ճիշտ որոշումներ կայացնելու և ճիշտ ժամանակին գործելու հարցում իմաստությա՞ն պակաս ունես։ Նա ասում է՝ խնդրի՛ր Ինձնից, և կտամ քեզ։
«Նրա աստվածային զորությունը մեզ շնորհեց կյանքին և աստվածապաշտությանը վերաբերող ամեն ինչ՝ ճանաչեցնելով Նրան, Ով մեզ կանչեց փառքով ու առաքինությամբ․․․» (Բ Պետրոս 1.3):
Երբ արդեն գիտես, թե ինչ պետք է անես հանուն Աստծու և հանուն Նրա սիրո, որ Նա ունի քո հանդեպ և քո շրջապատի մարդկանց հանդեպ, դու պետք է նաև վստահ լինես, որ քո ծառայության արդյունավետ իրագործման համար Աստված արդեն իսկ ամեն բան հոգացել է։ Քեզ մնում է միայն աղոթել Աստծուն, որպեսզի Նա քեզ իմաստություն տա ճիշտ որոշումներ կայացնելու և ճիշտ ժամանակին գործնական քայլեր ձեռնարկելու համար։
Կրկին անդրադառնանք Նեեմիայի օրինակին։ Աստված ամեն բան հոգացել էր Երուսաղեմի պարիսպների վերականգնման համար։ Տերը գիտեր կարիքը, Տերը գիտեր դժվարությունների մասին և գիտեր, թե ինչպիսի որակներ ունեցող մարդը կարող էր առաջնորդել այդ ծառայությունը։ Նա ընտրել էր Նեեմիային և մեկացրել նրան իր զգացած կարիքի ցավի հետ։ Նեեմիան իր ժողովրդի կարիքը դարձրել էր իր սեփականը։ Նա աղոթում էր, ծոմ էր պահում և ելք էր փնտրում ստեղծված իրավիճակի կարգավորմանը նպաստելու համար։
Աստված երբե՛ք անպատասխան չի թողնում Իր կամքի մեջ կատարված աղոթքները։ Տերը իմաստություն տվեց Նեեմիային, որպեսզի նա կատարի առաջին քայլը՝ իր խնդիրը ներկայացնի թագավորին։ Եվ Աստված ոչ միայն իմաստություն տվեց, այլև այնպես արեց, որ Նեեմիան շնորհ գտնի թագավորի առջև, որը և նրան ապահովեց իր առաքելությունն իրագործելու համար ամեն անհրաժեշտ աջակցությամբ, իշխանությամբ և միջոցներով։ Աստված միշտ շռայլորեն է պատասխանում Իրեն ծառայելու խորը փափագ ունեցող սրտի անկեղծ աղոթքներին։
«․․․և ասացի թագավորին. «Արքա՛, հավիտյան ապրի՛ր. ինչո՞ւ չտրտմի իմ երեսը, երբ իմ հայրերի գերեզմանատան քաղաքը ավերակ է, և նրա դռները կրակից այրվել են»։ Թագավորն ինձ ասաց. «Ի՞նչ է քո ուզածը»։ Եվ ես աղոթեցի երկնքի Աստծուն։ Եվ ես ասացի թագավորին. «Եթե թագավորին հաճելի է, և եթե ծառադ հաճելի է քո առջև, ինձ ուղարկի՛ր Հրեաստան՝ իմ հայրերի գերեզմանատան քաղաքը, որպեսզի շինեմ այն» (Նեեմիա 2․3-5):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր աղոթում եմ քեզ համար, որ Աստված ցույց տա քեզ քո տեսիլքի իրականացմանն ուղղված գործնական քայլերը և իմաստություն տա քեզ, որպեսզի հեզությամբ ու խոնարհությամբ մարդկանց ներկայացնես այն և անհրաժեշտ աջակցությունն ընդունես քո պտղաբեր և արդյունավետ ծառայության համար։
Տեր Աստծու սիրտն ուրախանում է, երբ Իրեն ծառայելու մղումը բխում է Իր և մարդկանց հանդեպ մեր ունեցած սիրո շարժառիթից։ Ե՛կ այսօր ուրախացնենք մեր Տեր Աստծու հոգատար ու բարի սիրտը։ Ե՛կ մտնենք Նրան ծառայելու քաղցր լծի տակ։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Աստծուն ծառայելն առաջին հերթին մեր շնորհակալության և երախտագիտության միջոցն է։ Աստծուն ծառայելու տեսիլքի ձևավորման համար պետք է տեսնել կարիքը, հետո տեսած կարիքի ցավը զգալ, այն քո սեփականը դարձնել և մտնել Նրան ծառայելու քաղցր լծի տակ։Երբ ունես ծառայության քո տեսիլքը, երբ ունես քեզ ուղարկողի օրհնությունը և Աստծու բարի ձեռքը քեզ վրա է, քեզ մնում է պարզապես սկսել շարժվել դեպի քո տեսիլքի իրագործումը։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://Hisus.am