Եթե ուզում ես, որ հավատքդ զորանաՕրինակ
Բաշխի՛ր, և կավելանա
Հավատքը մի արտասովոր հատկություն ունի՝ որքան շատ ես այն բաժնեկցում մյուսների հետ, այնքան շատանում է հենց քոնը։ Ճշմարիտ է նաև հակառակը՝ որքան պահում ես այն քո ներսում և չես կիսվում դրանով մյուսների հետ, այնքան այն թուլանում է և պակասում հե՛նց քո սրտում։
Սիրելի՛ բարեկամ, քո հավատքը կզորանա, երբ ակնհայտորեն տեսնես քո իսկ կյանքում Տեր Հիսուսի ներկայության պտուղները։ Նա խոստացել է մշտապես լինել Իր այն աշակերտների կյանքում, որոնք իրենց հավատքը բաժնեկցում են մյուսների հետ․ «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։ Արդ գնացե՛ք, աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը» (Մատթեոս 28.18-20)։
Եթե դու հավատում ես Տեր Հիսուսին, ապա չես կարող չլինել Նրա աշակերտը։ Եթե հավատում ես Նրան, ապա չես կարող չհնազանդվել քո հավատքը մյուսների հետ բաժնեկցելու Նրա հանձնարարականին։ Եթե հավատում ես Տեր Հիսուսի խոսքերին, ապա պետք է նաև ընդունես նվիրվելու, տալու և բաժնեկցելու հետ կապ ունեցող այս զորավոր սկզբունքը․ «Տվե՛ք, և կտրվի ձեզ. ձեր գոգը կլցվի լա՛վ չափով՝ լեփ-լեցուն, առատ, որովհետև ինչ չափով որ չափեք, նույնով էլ ձեզ կչափվի» (Ղուկաս 6.38)։
Տեր Հիսուսի փոխանցած այս զորավոր սկզբունքը ճշմարիտ է մարդու կյանքի տարբեր ոլորտներում, այդ թվում նաև՝ հավատքի հարցում։ Քո հավատքը քո ներսում լեփ-լեցուն ու առատ է դառնում, երբ որևէ մեկին վկայում ես այն, ինչն Աստված է արել քո կյանքում Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ քո հավատքի շնորհիվ։ Դա մի աննկարագրելի զգացողություն է, որը բխում է ամեն օր մեզ հետ լինելու Տեր Հիսուսի խոստումից։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Հիսուսի խոսքերի հանդեպ հավատքը քեզ փրկություն է պարգևում։ Տեր Հիսուսի խոսքերի հանդեպ հավատքը զորացնում է քեզ հոգևոր պատերազմի ժամանակ և հաղթանակներ պարգևում։ Տեր Հիսուսի խոսքերի հանդեպ հավատքը բժշկում է քո հոգևոր կյանքը, ինչն էլ, ըստ Աստծու Խոսքի, իր ազդեցությունն է ունենում քո ֆիզիկական առողջության և մնացած բոլոր գործերի հաջողության վրա (տե՛ս Գ Հովհաննես 1․2 խոսքը)։
Ուզում եմ այսօր հատուկ քաջալերել քեզ, որպեսզի լրջորեն խորհես, աղոթես ու քննես, թե արդյոք դու հավատքդ մյուսների հետ բաժնեկցո՞ղ քրիստոնյա ես․․․ Շատ հավատացյալների կյանքում հոգևոր անկում է լինում հենց ա՛յն պարզ պատճառով, որ նրանք դադարում են հիանալ իրենց կյանքում Տեր Հիսուսի կատարած գործերով և, բնականաբար, չեն կիսվում դրանց մասին վկայություններով մյուսների հետ։
Իսկ քաջալերանքս հետևյալն է․ երբե՛ք ուշ չէ ապաշխարելու համար։ Տերն աչքը ճանապարհին սպասում է քո վերադարձին՝ քո ապաշխարությանը և հավատքի կյանքում զորացմանն ու ամրացմանը։ Ընդամենը մեկ սրտանց որոշում, որ չես ամաչելու և չես վախենալու վկայել ճշմարտությունը Տեր Հիսուսի մասին։ Պետք չէ քարոզել։ Պետք չէ պատասխանել մարդկանց բոլոր հարցերին։ Պետք է միայն վկայել այն ամենը, ինչը Տերն արել է քո կյանքում, և ցույց տալ, որ ապաշխարության պարագայում Նա այդ ամենը կարող է անել նաև դիմացինի կյանքում։
Եվ ինչ դժվարությունով էլ անցնելիս լինես քո կյանքի այս ժամանակահատվածում, երբե՛ք չմոռանաս, որ Աստված զորացնում է այն մարդկանց, որոնք իրենց հավատքը բաժնեկցում են մյուսների հետ։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Բացահայտի՛ր հավատքի էությունը: Ճշմարիտ ու փրկարար հավատքը սնվում է Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերից։ Աղոթքը կարո՛ղ է զորացնել քո և մյուսների հավատքը: Քո հավատքը առատանում է, երբ որևէ մեկին վկայում ես այն:
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/