Եթե ուզում ես, որ հավատքդ զորանաՕրինակ
Հավատքդ սնուցի՛ր միակ ճիշտ Աղբյուրից
Աստվածաշունչը խոսում է տարբեր տեսակի հավատքների մասին։ Հավատքը կարող է լինել կենդանի, կարող է լինել նաև մեռած։ Հավատքը կարող է լինել ճշմարտության հանդեպ, սակայն կարող է լինել նաև ստությունների ու մոլորությունների հանդեպ։ Ցանկացած մարդ ունի հավատք։ Սակայն մարդու կյանքում ճշմարիտ ու իրական հավատքի կազմավորման հարցը կախված է այդ հավատքի սնուցման աղբյուրից։
Սիրելի՛ բարեկամ, իսկ ո՞ր աղբյուրից է սնուցվում քո՛ հավատքը։ Սա շատ կարևոր հարց է, որը կարող է որոշել ինչպես քո կյանքն այս երկրի վրա, այնպես էլ քո հավիտենական ճակատագիրը։ Ո՞ր աղբյուրից է սնվում քո՛ հավատքը․․․
«Ուրեմն հավատը լսելուց է, իսկ լսելը՝ Քրիստոսի խոսքից» (Հռոմեացիս 10.17)։
Ճշմարիտ ու փրկարար հավատքը սնվում է Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերից։ Իսկ դու Աստվածաշունչ ընթերցո՞ղ մարդ ես։ Դու սիրո՞ւմ ես ժամանակ անցկացնել ընթերցածդ Աստծու Խոսքի շուրջ մտորումների մեջ։ Դու աղոթո՞ւմ ես, որպեսզի Աստծու Սուրբ Հոգին բացի քեզ համար քո ընթերցած հատվածների մեջ պարփակված հայտնություններն ու հոգևոր դասերը։ Քո հավատքը սնվո՞ւմ է արդյոք Աստծու Խոսքից, թե՞ այն միջնորդավորված է և սնվում է մյուսների բացատրություններից, մեկնաբանություններից կամ, որ ավելի վատ է՝ առասպելներից, սովորույթներից ու ավանդություններից։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, հավատքդ սնուցի՛ր միակ ճշմարիտ Աղբյուրից՝ Աստվածաշնչից։ Մի՛ լսիր մոլորեցնողներին, որոնք ասում են, թե Աստվածաշունչը բարդ է գրված, և ոչ ոք չի կարող այն հասկանալ։ Աստված բարի է և ո՛չ թե՝ չար։ Բարի Աստված հոգացել է, որ անգամ երեխաները հասկանան Իր գրվածքները։
Այո՛, եթե Աստվածաշնչում գաղտնի գիտելիք փնտրես, ապա դա շատ բարդ մի բան է։ Քանի որ Աստված չի գաղտնագրել Իր ուղերձն այնպես, որ միայն ընտրյալները հասկանան, այլ պարզ շարադրել է բոլոր մարդկանց համար։ Շատ բարդ է, երբ Աստվածաշնչում փնտրում ես մի բան, որն այնտեղ չկա։ Աստվածաշնչում չկա՛ գաղտնի գիտելիք, որը հասանելի է միայն «օծյալների» համար։ Աստվածաշունչը պարզ և հասարակ, հասանելի ու կիրառելի ճշմարտությունների մի ամբողջություն է, որի նպատակը իմ և քո հավատքը սնուցելն ու ամրացնելն է։
Սակայն գոյություն ունի նաև մեր հավատքի թշնամին, որն ամեն բան անում է, որ մենք հեռու մնանք Աստվածաշնչից և Քրիստոսի խոսքերի հանդեպ ճշմարիտ հավատքից։ Նա ամեն բան անում է, որպեսզի մենք հավատանք ցանկացած այլ բանի, սակայն ո՛չ Քրիստոսի Ավետարանին․ «…որոնց մեջ անհավատների սրտերը այս աշխարհի աստվածը կուրացրեց, որպեսզի նրանց վրա չծագի Քրիստոսի փառավոր Ավետարանի լույսը, որ աներևույթ Աստծու պատկերն է» (Բ Կորնթացիս 4.4)։
Գիտե՞ս՝ ինչպես է սատանան մարդկանց սրտերը կուրացնում՝ իր ստերի հանդեպ հավատք ներշնչելով։ Հավատա՛ Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերին։ Ամրացրո՛ւ հավատքդ Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանությամբ։ Գտի՛ր Աստվածաշնչով առաջնորդվող եկեղեցի և հոգևոր առաջնորդ։ Դարձի՛ր Քրիստոսի հավատարիմ աշակերտը և կտեսնե՛ս, թե ինչպես է հավատքդ ամրանում, աճում և պտղաբերում՝ քո կյանքը լցնելով հավատացյալների համար Աստծու խոստացած զորավոր օրհնություններով։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Բացահայտի՛ր հավատքի էությունը: Ճշմարիտ ու փրկարար հավատքը սնվում է Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերից։ Աղոթքը կարո՛ղ է զորացնել քո և մյուսների հավատքը: Քո հավատքը առատանում է, երբ որևէ մեկին վկայում ես այն:
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/