Փառաբանի՛ր և երկրպագի՛ր ԱստծունՕրինակ

Փառաբանի՛ր և երկրպագի՛ր Աստծուն

ՕՐ 6 7-ից

Դու կարող ես դառնալ Քրիստոսին ժառանգակից մեկը․․․

Աստված սիրում է յուրաքանչյուր մարդու։ Հայրն Իր Որդուն է զոհել ամբողջ աշխարհի բոլոր մարդկանց մեղքերի ներման համար։ Տերը մեծագույն ժառանգություն է պատրաստել Իր զավակների համար։ Սակայն այդ ժառանգության մասնակից են դառնում միայն այն մարդիկ, որոնք հավատում են Տեր Հիսուս Քրիստոսի կատարած գործին և Նրա ուսուցանած ճշմարտություններին։

Սիրելի՛ բարեկամ, դու կարո՛ղ ես դառնալ Քրիստոսին ժառանգակից մեկը։ Նա Հոր Որդին է և ժառանգը։ Իսկ մենք՝ Նրան հավատացողներս, ընդունելով Տեր Հիսուսի ուսուցումներն ու իշխանությունը մեր կյանքերում, միանում ենք Աստծու ընտանիքին և դառնում Քրիստոսին ժառանգակից։

«Ծա՛փ տվեք, բոլո՛ր ժողովուրդներ, ցնծության ձայնով աղաղակե՛ք Աստծուն, որովհետև Տերը Բարձրյալ և ահեղ է. մեծ Թագավոր է ամբողջ երկրի վրա։ Ժողովուրդներին Նա մեզ է հպատակեցնում և ազգերին մեր ոտքերի տակ դնում։ Նա մեզ համար ընտրում է մեր ժառանգությունը՝ Հակոբի փառավորությունը, որին Նա սիրում է» (Սաղմոս 47․1-4)։

«Նա մեզ համար ընտրում է մեր ժառանգությունը․․․»։ Մեր ժառանգությունն ընտրողն Ինքն Աստված է։ Երբ մարդիկ անակնկալ ժառանգություն են ստանում որևէ ունեցվածք, մեծագույն ցնծություն և ուրախություն է տիրում նրանց սրտերում։ Անգամ խաբեբաները գիտեն դա և շատերին են նամակներ ուղարկում կամ որևէ նյութի մեկնաբանություններում գրում, թե մեծ գումարներ ունեն, շուտով մահանալու են և փնտրում են մեկին, որ փոխանցեն այդ ամենը՝ որպես ժառանգություն։

Իհարկե, մենք պետք է զգույշ լինենք նման ֆինանսական խաբեություններից։ Բայց իմ օրինակների նպատակն այն է, որ շեշտադրեմ ժառանգություն ստանալու ուրախությունը։ Եվ այդ ուրախությունը հավատացյալների համար անհաշվելի անգամներ ավելի ուժգին պետք է լինի, երբ խոսքը վերաբերում է Տեր Աստծու կողմից մեզ համար պատրաստված ժառանգությանը։ Իսկ ի՞նչ ժառանգություն է դա։

«Օրհնյալ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ Իր առատ ողորմությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար՝ մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ, այն անեղծ, անարատ ու անթառամ ժառանգության համար, որ երկնքում պահված է ձեզ համար, որ Աստծու զորությամբ հավատով պահպանվում եք փրկության համար, որ պատրաստ է հայտնվելու վերջին ժամին» (Ա Պետրոս 1.3-5):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, տերերի Տերն ու թագավորների Թագավորը հրավիրում է քեզ, որ դառնաս Իր ընտանիքի անդամը՝ Իր ժառանգակիցը։ Դա մի անեղծ, անարատ ու անթառամ ժառանգություն է, որի արժեքը չի կարող արտահայտվել չափի ու հարստության երկրային միավորներով։ Այդ ժառանգությունն անըմբռնելիորեն մեծ է, իսկ դրա իրական արժեքը մենք կհասկանանք միայն հավիտենության մեջ։

Ինչպես արդեն ասացի, այս ժառանգությունն ընդունելու համար պետք է հավատք, իսկ դրան տիրանալու համար պետք է պահել հավատքը և հավատարիմ մնալ մինչև վերջ։ Աղոթում եմ քեզ համար, որ հետևյալ խոսքերն իրականություն դառնան քո կյանքում, և դու լինես Քրիստոսի փառավոր ժառանգությանը ժառանգակից մեկը։

«Ուրեմն մի՛ կորցրեք ձեր վստահությունը, որ մեծ վարձատրություն ունի։ Ձեզ համբերություն է պետք, որպեսզի Աստծու կամքը կատարելով՝ խոստումն ստանաք» (Եբրայեցիս 10․35-36):

Արժե՛ սրտանց ու ցնծությամբ փառաբանել Աստծուն, քանի որ Նա մեզ Իր Որդու ժառանգակիցներն է դարձրել։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 5Օր 7

Այս Ծրագրի Մասին

Փառաբանի՛ր և երկրպագի՛ր Աստծուն

Տեր Աստծուն ուղղված փառաբանությունը պետք է ուրախության ցնծություն պարունակի։ Աստծուն ուղղված փառաբանությունը և երկրպագությունը Նրա իշխանության տակ լինելու և այդ իշխանության տակ լինելուց բխած գոհության արտահայտություն է։ Փառաբանությունը մեծարում է մեր երկնային Թագավորին և արտահայտում Նրան արժանի գովասանքը։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/