Ինչպիսի՞ սեր և պաշտպանություն ունեն Քրիստոսի հավատարիմ աշակերտներըՕրինակ

Ինչպիսի՞ սեր և պաշտպանություն ունեն Քրիստոսի հավատարիմ աշակերտները

ՕՐ 5 7-ից

Ընթրիքը պատրաստ է․․․

«Դու սեղան ես պատրաստում իմ առջև՝ իմ թշնամիների դիմաց. դու իմ գլուխն օծում ես յուղով, իմ բաժակը լեփ-լեցուն է»: (Սաղմոս 23.5)

Սիրելի՛ բարեկամ, գիտե՞ս արդյոք, որ Տերը մի օր սատանային հարց տվեց. «Իմ ծառա Հոբին ուշադրություն դարձրի՞ր» (Հոբ 1․8)։

Աստված մի յուրահատուկ զգացում ուներ Իր զավակ Հոբի հանդեպ։ Հոբի ապրած կյանքը ուրախացնում էր Տեր Աստծո սիրտը։ Հոբը արդար և ազնիվ մարդ էր, աստվածավախ և չարից հեռացող: Իսկ մարդկանց ատող ու նախանձող սատանան բառացիորեն պատել էր նրան ծանր փորձություններով՝ խլելով նրանից ամեն բան, այդ թվում՝ նաև առողջությունը։

Սակայն Հոբը արժանապատվորեն անցավ Աստծո կողմից թույլատրված այդ ծանր փորձությունը, և Հոբի կյանքը վերականգնելուց հետո Աստված բազմապատկեց նրա ունեցվածքը, հարստությունը և առողջությունը (Հոբ 42.10):

Միայն կարող ենք երևակայել, թե որքա՜ն պարտված էր իրեն զգում սատանան այս ամենից հետո։ Աստված շատ հավանական է, որ նրան ասեր. «Սատանա՛, իմ զավակների մեղադրող, դու հերթական անգամ պարտվեցիր: Իմ զավակ Հոբը հավատարիմ մնաց մինչև վերջ և հաղթեց: Եվ Ես սեղան պատրաստեցի նրա առաջ՝ իր թշնամիների առջև» (տես Սաղմոս 3.7)։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, ես չգիտեմ, թե ինչ փորձություններով ու դժվարություններով ես դու անցնում, սակայն ամբողջ սրտով հավատում եմ, որ Աստված ցանկանում է վերականգնել և օրհնել քեզ։ Եթե միայն սովորես համբերել և հավատարիմ մնալ մինչև վերջ, Աստված սեղան է պատրաստելու քո առջև՝ քո թշնամիների ներկայությամբ: Եվ երբ Աստված է սեղանը պատրաստողը, դու ոչ միայն պաշտպանված ես բոլոր վտանգներից, այլև Տերը Ինքն է քեզ պատվում քո հավատարմության համար։

Ամենածանր պահերին Աստծուն հավատարմությունը Հոբի նմանությամբ քեզ դարձնում է Աստծո սիրտը ուրախացնող մեկը, և դու առանձնահատուկ վերաբերմունքի ես արժանանում Տեր Աստծու կողմից։

Տեր Հիսուսը ծանրագույն իրավիճակներում հավատարմության ու համբերության կատարյալ օրինակն է։ Նա անցել է շատ ավելի ծանր իրավիճակներով և կարող է մխիթարել քեզ, բժշկել, ներել և նորից իր ցնծալի կյանքով լցնել քո էությունը:

Խորհի՛ր Հոբի մասին, ով կորցրել էր ամեն բան, սակայն Աստված մեծապես բարձրացրեց նրան: Խորհի՛ր Տեր Հիսուսի մասին, ով Աստծո կամքին հնազանդվելը բարձր դասեց Իր սեփական կյանքից։ Եվ համարձակորեն մոտեցի՛ր այն սեղանին, որը Տերն է պատրաստել Իր հավատարիմ զավակների համար․․․

Այո՛, նստիր այդ սեղանի շուրջ, որը Աստված պատրաստել է քեզ համար: Քո թշնամիների ու դժվարությունների առջև Աստված երբեք չի դադարում սնուցել, օրհնել և լցնել քեզ Իր արդարությամբ, ուրախությամբ ու խաղաղությամբ: Մտի՛ր Նրա ներկայության մեջ և վայելի՛ր հավատարիմների համար Նրա պատրաստած ուտեստները․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 4Օր 6

Այս Ծրագրի Մասին

Ինչպիսի՞ սեր և պաշտպանություն ունեն Քրիստոսի հավատարիմ աշակերտները

Ամենուր պատերազմներ են և պատերազմական լուրեր։ Սակայն այս ամենի մեջ իրական քրիստոնյաները՝ Աստծո Խոսքին հավատալու շնորհիվ վերստին ծնունդ ընդունած Քրիստոսի հավատարիմ աշակերտներն ունեն աստվածային և հավիտենական մի ապաստան:

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/