Դուք Կաղոթեք Ինձ, եւ Ես Կլսեմ Ձեզ»։Օրինակ
Բացի՛ր հավատքիդ թևերը և սավառնիր․․․
Սիրելի՛ բարեկամ, մարդիկ լինում են տարբեր և նաև տարբեր կերպ են արձագանքում ծոմապահությանը։ Իմ առաջին ծոմապահությունն, օրինակ, միանգամից եռօրյա ծոմ էր՝ առանց որևէ սննդի, հեղուկների և ջրի։ Հետագայում ես հասկացա, որ դա շատ վտանգավոր էր առողջությանս համար։ Սա ծայրահեղության մի կողմն է, որը ոգևորված մարդուն մղում է ոչ խելամիտ ծոմապահության։
Մյուս ծայրահեղությունն այն է, որ մարդիկ կարծում են, թե իրենք երբեք չեն կարողանա գոնե մեկ օր իրենց զրկել սննդից։ Շատերը կարծում են, թե կարելի է ծոմ պահել մեկ կամ մի քանի ժամով և հետո սնունդ ընդունել։ Իսկ մյուսներն էլ համոզված են, թե կարելի է առանց ծոմի էլ հոգևոր կյանքով ապրել։
Իրականում ծոմապահության տարբեր տեսակներ կան։ Աստվածաշնչում նկարագրվում են տարբեր ժամկետներ ունեցող ծոմեր, ինչպես նաև հայտնի է Դանիելի ծոմապահությունը, ով քսանմեկ օր չընդունեց որևէ համեղ կերակուր։ Սկսնակ ծոմ պահողները կարող են մեկօրյա ծոմ պահել հենց Դանիելի սկզբունքով՝ ուտելով ոչ համեղ կերակուրներ։ Թեև որոշ դեպքերում հավատացյալները կիսվել են ինձ հետ, որ երկարատև առումով Դանիելի ծոմապահությունն ավելի դժվարին է, քանի ամբողջական ծոմապահությունը։
Ամեն դեպքում, երբ որոշես ծոմ պահել, պատրաստ եղի՛ր մարմնիդ բուռն արձագանքին ու անհամաձայնությանը։ Անշուշտ, Աստված մեզ հորդորում է խնամք տանել մեր մարմինների համար, քանի որ դրանք Սուրբ Հոգու տաճար են (տե՛ս Ա Կորնթացիս 6․19 խոսքը: Սակայն հենց մարմնի հակազդեցությանը հաղթահարելու հմտությունն ու կամքն են, որ զարգացնում են մեր հոգևոր ունակությունները։
Այսպիսով, այն, ինչը շատերին թվում է բոլորովին անհնարին և բժշկական առումով աննպատակահարմար, կարող է դառնալ մի բան, որը սկիզբ կդնի քո կյանքի հոգևոր օրհնություններին ու մարմնի վրա քո հոգու իշխանության հաստատմանը։ Ես բազմաթիվ մարդիկ եմ ճանաչում, որոնք անհամբեր սպասում են ծոմապահության օրերին, քանի որ ճաշակել են ծոմապահության հոգևոր բարիքները և գիտեն, որ ճիշտ ծոմապահությունը թևեր է տալիս մարդու հավատքին և օգնում մարդուն սավառնել գերբնական ոլորտում:
Աստվածաշնչում կարդում ենք հետևյալը. «Որովհետև ովքեր ըստ մարմնի են, մարմնական բաներ են մտածում, իսկ ըստ Հոգու եղողները՝ հոգևոր» (Հռոմեացիներին 8:5):
Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, երբե՛ք չվախենաս ծոմապահության օրհնյալ փորձառությունից։ Աստված կտա քեզ զորություն և կաջակցի քեզ, երբ գա քո ծոմապահության ժամանակը: Մի՛ հուսահատվիր, երբ քեզ չի հաջողվում ծոմ պահել: Հիշի՛ր, որ Աստված չի բարկանում քեզ վրա, այլ ընդհակառակը, Նա ցանկանում է խրախուսել քեզ, որ չհանձնվես: Ճիշտ հոգևոր առաջնորդության ու խորհուրդների պարագայում դու քայլ առ քայլ կհմտանաս ծոմապահության օրհնյալ փորձառության կիրառությանը։ Դու կգտնես ծոմ պահելու քեզ հարմար կերպը՝ սկսելով քչից, և Աստված կօգնի քեզ բացահայտելու հավատքի թևերը բացելու և գերբնական ու հաղթական կերպով այս կյանքով սավառնելու օրհնությունները։
Առաջարկում եմ աղոթել ինձ հետ միասին այս աղոթքով․ «Տե՛ր, Դու տեսնում ես իմ ցանկությունը՝ հնազանդվելու Քեզ և ժամանակ հատկացնելու ծոմ պահելուն ու աղոթքին, որոնցով կկարողանամ ավելի ու ավելի մոտենալ Քեզ: Խնդրում եմ, որպեսզի ինձ զորացնես ծոմապահության հարցում և իմաստություն տաս ընտրելու ճիշտ ծոմապահության կերպը։ Իմ փափագը Քեզ հնազանդվելն է ու Քեզ պատվելը իմ փոխված կյանքով։ Փա՜ռք Քեզ, իմ բարի ու ողորմած Տե՛ր: Աղոթում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել.Hisus.amկայքում։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին
Դու հավատո՞ւմ ես, որ աղոթքը կարող է օգնել մեզ մեր հոգսերն Աստծուն հանձնելու հարցում։ Չանհանգստանալ այն ամենի համար, ինչը մեր իշխանության տակ չէ, և կախված չէ մեր վերաբերմունքից ու անելիքներից։ Շատ կարևոր է մեր կյանքի համար Տեր Աստծո կամքին համահունչ՝ հստակ տեսիլք ունենալը: Եթե ցանկանում ես տեղեկանալ, թե ինչ է անհրաժեշտ որպեսզի Աստված լսի քո աղոթքը, ապա առաջարկում եմ ընթերցել այս ծրագիրը, որի թեման հենց այդ մասին է։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/