Մտքի Նորոգության ՃանապարհըՕրինակ

Մտքի Նորոգության Ճանապարհը

ՕՐ 2 6-ից

Թույլ մի՛ տուր, որ կասկածներդ խոսեն քեզ հետ։

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, այլևս թույլ մի՛ տուր, որ քո կասկածներն խոսեն քեզ հետ։ Թեև դրանք բնական են ինչպես կարկուտը, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է կարկուտի տակ կանգնած մնանք, քանի որ այն բնական երևույթ է։ Իմաստուն մարդը սովորում է պատսպարվել ու պաշտպանվել այն բոլոր բնական երևույթներից, որոնք կարող են մեզ վնաս պատճառել։

Սիրելի բարեկա՛մ, բոլորի նման, վստահ եմ, դու էլ երբեմն կարող ես այսպիսի կասկածներ ունենալ. «Արդյոք Աստված իսկապե՞ս հոգ է տանում իմ մասին… Իսկ գուցե ինչ -որ պահի Նա թողնի ինձ միայնա՞կ… Մի՞թե Նա կրկին ինձ կօգնի, երբ հաջորդ անգամ խնդրի առջև կանգնեմ․․․ Իսկ ինչո՞ւ իմ սրտանց աղոթքը չպատասխանվեց․․․»։

Այսպիսի և նմանատիպ մտքերի տեղատարափը շատ բնական երևույթ է մարդու համար։ Կասկածի մտքեր ունենալը միանգամայն բնական է և հատուկ է մարդկային բնույթին, ինչպես օրինակ կարկուտը բնական երևույթ է և հատուկ է երկրագնդի բնությանը:

Արդյո՞ք Աստված դատապարտում է մեզ կասկածի մտքերի համար: Ուզում եմ հստակ իմանաս, որ ո՛չ։ Քո կասկածները Աստծո համար խնդիր չեն: Դրանք բնական են, և Նա գիտի, որ քո կյանքում նման մտքերն անխուսափելի են։ Դրանք մեր մարդկային բնույթի մի մասն են կազմում։

Անգամ աշակերտները, որ Տեր Հիսուսի հետ էին երեք ու կես տարի, լսում էին Նրան ու սովորում Նրանից, ժամանակ առ ժամանակ լրջագույն կասկածներ էին ունենում:

Օրինակ, Պետրոսը, ով բավականին վստահ և ճշմարիտ կերպով հայտարարեց, որ Հիսուսն է Մեսիան՝ կենդանի Աստծու Որդին (Մատթեոս 16․16), այնուամենայնիվ, ավելի վաղ կասկածել էր և դրա պատճառով սկսել էր սուզվել, երբ քայլում էր ջրերի վրայով (Մատթեոս 14․31)

Ահա թե ինչ եմ ուզում, որ հիշես այսօր.

Քո կասկածները խնդիր չեն Աստծո համար... եթե միայն սովորես դրանք վստահել Նրան:

Մի՛ պահիր կասկածներդ քո մեջ:

Պահելով դրանք քո ներսում, դու հնարավորություն ես ստեղծում, որպեսզի դրանք նորից ու նորից պտտվեն քո մտքում։

Իսկ երբ դրանք տալիս ես Աստծուն, ապա կասկածները կորցնում են իրենց ազդեցությունն ու քո կամքի վրա ունեցած իշխանությունը։

Թույլ մի՛ տուր, որ քո կասկածները խոսեն քեզ հետ... Թույլ տուր, որպեսզի Աստված խոսի:

Տերը գիտի, թե ինչպես վստահությամբ լցնի քեզ և Իր խաղաղությունը դնի քո սրտում:

Ինձ շատ է դուր գալիս աստվածաշնչյան այս հատվածը․ «Հավիտյան Տիրո՛ջը վստահեք, որովհետև Տեր Աստված հավիտենական վեմ է» (Եսայիա 26․4)։

Այսօր քեզ կոչ եմ անում չկասկածել, այլ վստահել Աստծուն:

Հույսդ Քրիստոսի վրա դի՛ր։ Հենվի՛ր Աստծո հավիտենական Ժայռի վրա: Նա, ով ամուր է և անսասան, կտա քեզ անհրաժեշտ հանգստությունը, մտքի խաղաղությունն ու հոգեկան հավասարակշռությունը։ Քո կասկածները փախչում են Նրա ներկայությունից։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 1Օր 3

Այս Ծրագրի Մասին

Մտքի Նորոգության Ճանապարհը

Երբեմն հանգամանքներն ու իրավիճակները կարող են մեր մեջ կասկածի մտքեր առաջացնել, թե արդյոք Աստված իսկապե՞ս սիրում է մեզ.․․ այդ պահերին կարող ենք մտածել, եթե այս ամենը պատահել է ինձ հետ, ուրեմն ես արժանի եմ դրան։ Ոչինչ ավելի հեռու չէ ճշմարտությունից, քան նման եզրահանգումը։ Առաջարկում եմ քեզ ընթերցել այս հետաքրքիր թեմայով կազմված ծրագիրը և բացահայտել, թե իրականում Աստված ինչ է ուզում փոխել մեր կյանքում որպեսզի մենք ազատ լինենք սխալ մտքերից։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Jesus.net-ին այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/