Մտքի Նորոգության ՃանապարհըՕրինակ

Մտքի Նորոգության Ճանապարհը

ՕՐ 1 6-ից

Այնուամենայնիվ, Աստված սիրում է քեզ: 💛

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, ինչպիսի իրավիճակներով անցնես, ինչպիսի խորը փոսի մեջ էլ հայտնված լինես, ինչպիսի մեղքի ճահճում էլ լինես, Աստված վստահաբար սիրում է քեզ այնպիսի մի սիրով, որն անսահաման է ու անկասելի։ Եթե միայն հայացքդ կասկածներից ուղղես դեպի ճշմարտությունը․․․ Դու ինքդ կճաշակես ու կհամոզվես Նրա ողորմած, ներող, բժշկող, ազատագրող ու բարձրացնող սիրո իրական լինելու հարցում։

Սիրելի բարեկա՛մ, երբեմն հանգամանքներն ու իրավիճակները կարող են մեր մեջ կասկածի մտքեր առաջացնել առ այն, թե արդյոք Աստված իսկապե՞ս սիրում է մեզ.․․ Մենք անակնկալ կերպով կարող ենք զրկվել մեր աշխատանքից, մարդիկ կարող են խիստ քննադատել մեզ այս կամ այն բանի համար, մեր կյանքում կարող է լինել մեղք, որի դեմ պայքարում մենք անընդհատ պարտություններ ենք կրում, մեր կյանքում կարող են լինել խորը հիասթափություններ ու դավաճանություններ, հիվանդություններ, դժբախտ պատահարներ և այլն։

Եվ այդ պահերին կարող ենք մտածել, թե եթե այս ամենը պատահել է ինձ հետ, ուրեմն ես արժանի եմ դրան… և, ամենայն հավանականությամբ, Աստված ինձ չի սիրում: Ոչինչ ավելի հեռու չէ ճշմարտությունից, քան նման եզրահանգումը։ Եթե երբևէ ունեցել եք նման մտքեր կամ այժմ էլ ունեք, ապա լավագույն մոտեցումը դրանք անմիջապես մերժելն է որպես չարից ուղարկված ստեր։

Քանի որ Աստված սիրում է քեզ և չի կարող լինել որևէ հանգամանք, որը երբևէ կարող է փոխել այդ իրողությունը, ուրեմն․․․ «․․․ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ զորությունները, ո՛չ ներկայիս և ո՛չ գալիք բաները, ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ ստեղծված մի ուրիշ բան չեն կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է։» (Հռոմեացիներին 8․38-39)։

Գուցե հավատաս այս ճշմարտությանը, գուցե ոչ, սակայն իրականությունն այն է, որ ոչ ոք և ոչ մի բան չի կարող քեզ բաժանել Աստծո սիրուց․․․Ոչինչը չի կարող խանգարել, որ մեր երկնային Հայրը սիրի մեզ։ Ամբողջ հարցը միայն նրանում է, թե մենք սիրո՞ւմ ենք արդյոք Նրան փոխադարձ սիրով։ Սիրո՞ւմ ենք արդյոք այնպես, ինչպես Նա է ակնկալում, որ սիրենք։

Ոչ մի բան չի կարող քեզ բաժանել Աստծո սիրուց․

Ո՛չ քո կասկածները,

Ո՛չ քո հիվանդությունը,

Ո՛չ կողակցի, գործընկերոջ կամ ամենամոտ մարդու դավաճանությունը,

Ո՛չ ֆինանսական խնդիրները,

ՈՉԻՆՉԸ չի կարող բաժանել քեզ Աստծո սիրուց։

Ե՛կ աղոթենք միասին․ «Իմ սքանչելի Տե՜ր, իմ Փրկիչ Հիսո՜ւս, երբե՛ք չեմ կարող բավականաչափ երախտապարտ լինել քո անսահման սիրո, համբերության և հոգատարության համար։ Ինչպիսի՜ մեծ ուրախություն է իմանալ, որ ոչինչը չի կարող նվազեցնել իմ հանդեպ ունեցած Քո սերը։ Ոչինչը չի կարող բաժանել մեզ իրարից։ Խնդրում եմ՝ սովորեցրու ինձ Քեզ ավելի մտերիմ լինելու ճանապարհները։ Ես ուզում եմ ամեն օր ավելի ու ավելի մոտ լինեմ Քո սիրող սրտին, որպեսզի լսեմ Քո մխիթարող ձայնը և ընդունեմ Քո խրատներն ու ուղղորդումները իմ կյանքի համար։ Աղոթում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն։»

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել. Hisus.amկայքում։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 2

Այս Ծրագրի Մասին

Մտքի Նորոգության Ճանապարհը

Երբեմն հանգամանքներն ու իրավիճակները կարող են մեր մեջ կասկածի մտքեր առաջացնել, թե արդյոք Աստված իսկապե՞ս սիրում է մեզ.․․ այդ պահերին կարող ենք մտածել, եթե այս ամենը պատահել է ինձ հետ, ուրեմն ես արժանի եմ դրան։ Ոչինչ ավելի հեռու չէ ճշմարտությունից, քան նման եզրահանգումը։ Առաջարկում եմ քեզ ընթերցել այս հետաքրքիր թեմայով կազմված ծրագիրը և բացահայտել, թե իրականում Աստված ինչ է ուզում փոխել մեր կյանքում որպեսզի մենք ազատ լինենք սխալ մտքերից։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Jesus.net-ին այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/