ՄԱՐԿՈՍ 9

9
Հիսուսի այլակերպությունը
(Մտթ. 17.1-13, Ղուկ. 9.28-36)
1Եվ ավելացրեց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ գտնվողներից ոմանք մահ չպիտի ճաշակեն, մինչև որ չտեսնեն Աստծու թագավորությունը՝ զորությամբ եկած»։ 2Վեց օր հետո Հիսուսն իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին ու Հովհաննեսին, նրանց առանձին հանեց մի բարձր լեռ և պայծառակերպվեց նրանց առջև։ 3Նրա զգեստները դարձան փայլուն, խիստ սպիտակ, այնպես, որ աշխարհի վրա ոչ մի լվացարար չի կարող այդքան սպիտակեցնել։ 4Եվ նրանց երևաց Եղիան՝ Մովսեսի հետ, ու նրանք խոսում էին Հիսուսի հետ։ 5Պետրոսն սկսեց խոսել և ասաց Հիսուսին. «Ռաբբի՛, լավ է, որ մենք այստեղ ենք, երեք վրաններ շինենք, մեկը՝ քեզ, մեկը՝ Մովսեսի և մեկն էլ՝ Եղիայի համար»։ 6Քանի որ չգիտեր՝ ի՛նչ էր խոսում, որովհետև սարսափահար էին։ 7Մի ամպ հովանի եղավ նրանց. ամպից մի ձայն ելավ, որ ասում էր. «Դա է իմ սիրելի Որդին, նրա՛ն լսեք»։ 8Հանկարծ այս ու այն կողմ նայելով՝ նրանք Հիսուսից բացի այլևս ոչ ոքի չտեսան իրենց հետ։ 9Եվ մինչ լեռից իջնում էին, Հիսուսը պատվիրեց նրանց, որ իրենց տեսածի մասին ոչ ոքի չպատմեն, մինչև որ Մարդու Որդին մեռելներից հարություն չառնի։ 10Նրանք այս խոսքը պահում էին իրենց մտքում և հարցնում էին միմյանց, թե ի՛նչ է մեռելներից հարություն առնելը։ 11Ապա հարցրին Հիսուսին և ասացին. «Ի՞նչ է նշանակում այն, որ դպիրներն ասում են, թե նախ Եղիան պետք է գա»։ 12Պատասխանեց նրանց և ասաց. «Իրապես, նախ Եղիան պիտի գա և ամեն ինչ կարգի դնի։ Իսկ ինչո՞ւ է Մարդու Որդու մասին Սուրբ Գրքում գրված, որ բազում չարչարանքներ կկրի ու կանարգվի։ 13Բայց ես ասում եմ ձեզ, որ Եղիան եկել է, և նրան արեցին այն, ինչ կամեցան, ինչպես որ գրված է նրա մասին»։
Չար ոգով բռնված տղայի բժշկումը
(Մտթ. 17.14-21, Ղուկ. 9.37-44ա)
14Մյուս աշակերտների մոտ գալով՝ նրանց շուրջը տեսան մի մեծ բազմություն և դպիրներին, որոնք վիճում էին նրանց հետ։ 15Այդ պահին ամբողջ ժողովուրդը, երբ տեսավ Հիսուսին, անակնկալի եկավ և ընդառաջ վազելով՝ ողջույն էր տալիս նրան։ 16Հիսուսը նրանց հարցրեց. «Ինչի՞ մասին էիք վիճում նրանց հետ»։ 17Բազմության միջից մեկը պատասխանեց և ասաց. «Վարդապե՛տ, քեզ մոտ բերեցի որդուս, որին մի համր ոգի է բռնել 18և որտեղ պատահի, նրան գետնին է զարկում. որդիս փրփրում է, կրճտացնում է իր ատամները և ապա փայտանում։ Քո աշակերտներին ասացի, որ հանեն նրան, բայց չկարողացան»։ 19Հիսուսը պատասխանեց նրանց և ասաց. «Ո՛վ անհավատ սերունդ, մինչև ե՞րբ պիտի լինեմ ձեզ հետ, մինչև ե՞րբ պիտի հանդուրժեմ ձեզ. նրան ինձ մո՛տ բերեք»։ 20Եվ նրան Հիսուսի մոտ բերեցին։ Երբ ոգին նրան տեսավ, իսկույն ցնցեց տղային։ Վերջինս էլ, գետնին ընկնելով, սկսեց թավալվել և փրփրել։ 21Հիսուսը հարցրեց նրա հորը և ասաց. «Ինչքա՞ն ժամանակ է անցել այն օրից, ինչ այս բանը նրան պատահել է»։ «Մանկությունից,- ասաց հայրը։- 22Ոգին շատ անգամ նրան կրակի ու ջրի մեջ է նետում, որ կորստյան մատնի. արդ, եթե կարող ես ինչ-որ բան անել, Տե՛ր, գթա՛ և օգնի՛ր մեզ»։ 23Հիսուսը նրան ասաց. «Ասացիր՝ “Եթե կարող ես”։ Ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով հավատում է»։ 24Տղայի հայրն իսկույն աղաղակեց և ասաց. «Հավատում եմ, օգնի՛ր իմ անհավատությանը»։ 25Երբ Հիսուսը տեսավ, որ ժողովուրդն իրար վրա է կուտակվում, սաստեց պիղծ ոգուն և ասաց. «Համր և խո՛ւլ ոգի, ես հրամայում եմ քեզ, դո՛ւրս ելիր նրա միջից և այլևս չմտնես նրա մեջ»։ 26Պիղծ ոգին աղաղակեց, նրան ուժգին ցնցեց և դուրս ելավ։ Պատանին մեռելի պես եղավ, այնպես որ շատերն ասացին, թե մեռավ։ 27Հիսուսը բռնեց նրա ձեռքից, բարձրացրեց նրան, և նա ոտքի կանգնեց։ 28Երբ Հիսուսը տուն մտավ, աշակերտներն առանձին հարցրին նրան. «Մենք ինչո՞ւ չկարողացանք հանել նրան»։ 29Հիսուսը նրանց պատասխանեց. «Այդ տեսակ ոգին այլ կերպ դուրս չի ելնում, եթե ոչ ծոմապահությամբ ու աղոթքով»։
Հիսուսը կրկին խոսում է մահվան և հարության մասին
(Մտթ. 17.22-23, Ղուկ. 9.44բ-45)
30Նրանք այնտեղից մեկնեցին և անցնում էին Գալիլեայի միջով։ Հիսուսը չէր ուզում, որ որևէ մեկն իմանա, 31քանի որ իր աշակերտներին ուսուցանում էր և ասում նրանց. «Մարդու Որդին մատնվելու է մարդկանց ձեռքը, նրանք պիտի սպանեն նրան. և երբ սպանվի, երրորդ օրը հարություն պիտի առնի»։ 32Բայց նրանք չէին հասկանում այս խոսքը և վախենում էին նրան հարցնելուց։
Ո՞վ է մեծ
(Մտթ. 18.1-5, Ղուկ. 9.46-48)
33Հիսուսը եկավ Կափառնաում և, երբ տուն մտավ, աշակերտներին հարցրեց. «Ճանապարհին իրար հետ ինչի՞ մասին էիք վիճում»։ 34Նրանք լուռ մնացին, որովհետև ճանապարհին իրար հետ վիճում էին, թե ո՛վ է մեծը։ 35Երբ նստեց, կանչեց տասներկուսին և նրանց ասաց. «Եթե մեկն ուզում է առաջինը լինել, թող լինի բոլորի վերջինը և բոլորի սպասավորը»։ 36Ապա մի մանուկ վերցնելով՝ կանգնեցրեց նրանց մեջ և նրան իր գիրկն առնելով՝ ասաց նրանց. 37«Ով այսպիսի մանուկներից մեկին ընդունում է իմ անունով, ինձ է ընդունում, և ով ինձ է ընդունում, ոչ թե ինձ է ընդունում, այլ նրան, ով ինձ ուղարկեց»։
Ով մեզ դեմ չէ, մեր կողմն է
(Ղուկ. 9.49-50)
38Հովհաննեսը խոսքն ուղղեց Հիսուսին և ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մեկին, որ քո անունով դևեր էր հանում, բայց մեզ հետ չի շրջում, և արգելեցինք նրան»։ 39Հիսուսն ասաց. «Արգելք մի՛ եղեք նրան, որովհետև չկա մեկը, որ իմ անունով զորավոր գործեր անի ու կարողանա ինձ հայհոյել. 40քանզի նա, ով մեզ հակառակ չէ, մեր կողմն է։ 41Ով ձեզ մի բաժակ ջուր տա հանուն այն բանի, որ դուք Քրիստոսին եք պատկանում, ճշմարիտ եմ ասում ձեզ, նա իր վարձը չի կորցնի։
Գայթակղության մասին
(Մտթ. 18.6-9, Ղուկ. 17.1-2)
42Ով ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, նրա համար ավելի լավ կլիներ, եթե նրա պարանոցից գրաստի երկանաքար կախվեր և ծովը գցվեր։ 43Եթե քո ձեռքը գայթակղեցնում է քեզ, կտրի՛ր, դե՛ն գցիր քեզնից, որովհետև քեզ համար ավելի լավ է խեղանդամ մտնել հավիտենական կյանքը, քան թե երկու ձեռք ունենալ և գնալ գեհեն՝ անշեջ կրակի մեջ։ 45Եթե քո ոտքն է գայթակղեցնում քեզ, կտրի՛ր, այն դե՛ն գցիր քեզնից. մեզ համար ավելի լավ է կաղ մտնել հավիտենական կյանքը, քան թե երկու ոտք ունենալ և գեհեն ընկնել։ 47Իսկ եթե քո աչքն է գայթակղեցնում քեզ, հանի՛ր այն. մեզ համար ավելի լավ է մեկ աչքով մտնել Աստծու արքայությունը, քան թե երկու աչք ունենալ ու գեհեն ընկնել, 48որտեղ նրանց որդը չի մեռնում, և կրակը չի հանգչում, 49որովհետև ամեն ինչ կրակով պիտի աղվի։ 50Աղը լավ բան է, բայց եթե համը կորցնի, ինչո՞վ պիտի համեմվի։ Արդ, դուք ձեր մե՛ջ ունեցեք աղը և իրար հետ խաղաղությա՛մբ ապրեք»։

Արդեն Ընտրված.

ՄԱՐԿՈՍ 9: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք