ՄԱՐԿՈՍ 4
4
Սերմնացանի առակը
(Մտթ. 13.1-9, Ղուկ. 8.4-8)
1Հիսուսը դարձյալ սկսեց ուսուցանել լճի եզերքին, և նրա շուրջն այնքան շատ ժողովուրդ խռնվեց, որ նա նավակ մտավ ու նստեց այնտեղ՝ լճի վրա, իսկ ամբողջ ժողովուրդը ցամաքին էր՝ լճի եզերքին։ 2Նա առակներով շատ բան էր ուսուցանում նրանց և իր ուսուցման ընթացքում նրանց ասում էր. 3«Լսե՛ք, ահա մի սերմանող ելավ սերմանելու։ 4Պատահեց, որ սերմանելու ժամանակ սերմի մի մասն ընկավ ճանապարհի եզրին, և թռչունները եկան ու կերան այն։ 5Ուրիշ մասն ընկավ ապառաժի վրա, որտեղ շատ հող չկար, և իսկույն բուսավ, որովհետև հողը խորունկ չէր. 6բայց երբ արևը ծագեց, տաքացավ և քանի որ արմատներ չուներ, չորացավ։ 7Մի ուրիշ մաս ընկավ փշերի մեջ. փշերը բարձրացան և խեղդեցին այն, և պտուղ չտվեց։ 8Մի ուրիշ մաս էլ ընկավ լավ հողի մեջ և բուսնելով ու աճելով՝ պտուղ տվեց. մեկի դիմաց՝ երեսուն, մեկի դիմաց՝ վաթսուն և մեկի դիմաց՝ հարյուր»։ 9Եվ ասում էր. «Ով լսելու ականջ ունի, թող լսի»։
Հիսուսը մեկնում է սերմնացանի առակը
(Մտթ. 13.18-23, Ղուկ. 8.11-15)
10Երբ Հիսուսն առանձին մնաց, նրանք, ովքեր նրա շուրջն էին, աշակերտների հետ հարցրին նրան այս առակի մասին։ 11Հիսուսը նրանց ասաց. «Ձեզ տրված է իմանալ Աստծու արքայության խորհուրդները, բայց նրանց համար, ովքեր դրսից են, ամեն ինչ առակներով կլինի, 12այնպես որ
«Ինչքան էլ որ նայեն, չեն տեսնի,
ինչքան էլ որ լսեն, չեն հասկանա...
որով դարձի չեն գա,
որ ներվի նրանց» (Ես. 6.9-10)։
13Ապա նրանց ասաց. «Այս առակը չեք հասկանում, ապա ինչպե՞ս պիտի հասկանաք մյուս բոլոր առակները։ 14Նա, որ սերմանում է, Աստծու խոսքն է սերմանում։ 15Ճանապարհի եզրին սերմանվածները նրանք են, որոնց մեջ խոսքն է սերմանվում, բայց երբ լսում են խոսքը, գալիս է սատանան և դուրս է հանում նրանց սրտերի մեջ սերմանված խոսքը։ 16Ապառաժի վրա սերմանվածները նրանք են, ովքեր երբ լսում են խոսքը, իսկույն ուրախությամբ ընդունում են այն, 17բայց քանի որ իրենց մեջ արմատներ չունեն, այլ որոշ ժամանակի համար են, ապա երբ խոսքի պատճառով նեղություն կամ հալածանք է լինում, իսկույն գայթակղվում են։ 18Փշերի մեջ սերմանվածները նրանք են, ովքեր լսում են խոսքը, 19սակայն այս աշխարհի հոգսերն ու հարստության պատրանքները ներխուժում և խեղդում են խոսքը, և այն անպտուղ է լինում։ 20Իսկ լավ հողի մեջ սերմանվածները նրանք են, ովքեր լսում են խոսքը, ընդունում այն և պտուղ տալիս. մեկի դիմաց՝ երեսուն, մեկի դիմաց՝ վաթսուն և մեկի դիմաց՝ հարյուր»։
Ճրագի օրինակը
(Ղուկ. 8.16-18)
21Հետո նրանց ասաց. «Մի՞թե ճրագը բերվում է, որ կաթսայի կամ մահճի տակ դրվի. չէ՞ որ աշտանակի վրա է դրվում։ 22Արդ, ծածուկ բան չկա, որ չբացահայտվի, և գաղտնի բան չի եղել, որ ի հայտ չգա։ 23Թե մեկը լսելու ականջ ունի, թող լսի»։ 24Ապա նրանց ասաց. «Ուշադի՛ր եղեք ձեր լսածներին. լսողներիդ ավելին կտրվի. ինչ չափով, որ չափում եք, նույնով կչափվի ձեզ համար։ 25Ով ունի, նրան կտրվի. իսկ ով չունի, նրանից կվերցվի նաև այն, ինչ ունի»։
Աճող սերմի առակը
26Հիսուսը շարունակեց. «Այսպե՛ս է Աստծու արքայությունը. որպես թե մի մարդ հողի մեջ սերմեր ցանի. 27և նա ննջի թե վեր կենա, գիշեր թե ցերեկ, սերմերը կբուսնեն ու կաճեն, և նա չի իմանա, 28թե հողն ինքնաբերաբար բերք է տալիս. նախ՝ խոտը, ապա՝ հասկը և ապա՝ լեցուն ցորենը հասկի մեջ։ 29Սակայն երբ բերք տա, իսկույն մանգաղ կուղարկի, որովհետև հասած կլինի հնձի ժամանակը»։
Մանանեխի հատիկի օրինակը
(Մտթ. 13.31-32, Ղուկ. 13.18-19)
30Եվ ասաց. «Ինչի՞ նմանեցնենք Աստծու արքայությունը կամ ի՞նչ օրինակով ներկայացնենք այն։ 31Այն նման է մանանեխի հատիկին, որը, երբ սերմանվում է հողի մեջ, ավելի մանր է լինում, քան երկրի վրա եղող բոլոր սերմերը. 32բայց սերմանվելով՝ բուսնում և ավելի մեծ է լինում, քան բոլոր տունկերը, և արձակում է այնքան մեծ ճյուղեր, որ երկնքի թռչունները նրա հովանու տակ կարող են բնադրել»։ 33Հիսուսն այսպիսի առակներով էր նրանց ուսուցանում խոսքը, այնպես որ կարողանային հասկանալ։ 34Եվ առանց առակի նրանց հետ ոչինչ չէր խոսում, բայց իր աշակերտներին առանձին ամեն ինչ բացատրում էր։
Հիսուսը խաղաղեցնում է փոթորիկը
(Մտթ. 8.23-27, Ղուկ. 8.22-25)
35Այդ նույն օրը՝ երեկոյան կողմ, Հիսուսն աշակերտներին ասաց. «Եկե՛ք անցնենք լճի մյուս կողմը»։ 36Աշակերտները թողեցին ժողովրդին և իրենց հետ վերցրին Հիսուսին ու մի նավակով հեռացան։ Նրանց ուղեկցում էին նաև այլ նավակներ։ 37Եվ մեծ հողմամրրիկ բարձրացավ, ու ալիքները նավակի մեջ էր թափում, այն աստիճան որ նավակը գրեթե լցվում էր։ 38Իսկ նա նավակի հետնամասում՝ բարձի վրա, ննջում էր։ Նրան արթնացրին և ասացին. «Վարդապե՛տ, քո հոգը չէ՞, որ ահա այստեղ կորչում ենք»։ 39Արթնանալով՝ Հիսուսը սաստեց հողմին և ասաց լճին. «Դադարի՛ր, լռի՛ր»։ Հողմը դադարեց, ու կատարյալ հանդարտություն եղավ։ 40Ապա նրանց ասաց. «Ինչո՞ւ եք այդպես վախկոտ. դեռևս հավատ չունե՞ք»։ 41Իսկ նրանք սաստիկ վախեցան և միմյանց ասում էին. «Ո՞վ է արդյոք սա, որ թե՛ հողմը, թե՛ լիճը հնազանդվում են նրան»։
Արդեն Ընտրված.
ՄԱՐԿՈՍ 4: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն