ՄԱՐԿՈՍ 12

12
Չար մշակների առակը
(Մտթ. 21.33-46, Ղուկ. 20.9-19)
1Հիսուսն սկսեց նրանց հետ առակներով խոսել և ասել. «Մի մարդ այգի տնկեց, նրա շուրջը ցանկապատ քաշեց, հնձանի փոս փորեց, աշտարակ շինեց, ապա այն վարձու տվեց մշակների և գնաց ուրիշ երկիր։ 2Երբ ժամանակը հասավ, մշակների մոտ մի ծառայի ուղարկեց, որպեսզի մշակներից վերցնի այգու բերքի իր բաժինը։ 3Մշակները, նրան բռնելով, ծեծեցին և ձեռնունայն արձակեցին։ 4Նա մեկ այլ ծառայի դարձյալ ուղարկեց, բայց նրա գլուխը ջախջախեցին և անարգելով արձակեցին։ 5Դարձյալ մեկ ուրիշի ուղարկեց. նրան սպանեցին։ Ուրիշ շատերի էլ ուղարկեց. ոմանց ծեծում էին, իսկ ոմանց՝ սպանում։ 6Նա մի սիրելի որդի ուներ։ Վերջում նրան ուղարկեց նրանց մոտ՝ ասելով. “Թերևս իմ որդու հանդեպ պատկառանք ունենան”։ 7Իսկ մշակները, երբ տեսան, որ նա գալիս է, իրար ասացին. “Սա է ժառանգը, եկեք սպանենք սրան, և ժառանգությունը մերը կլինի”։ 8Բռնելով նրան՝ սպանեցին և այգուց դուրս նետեցին։ 9Արդ, այգու տերը ի՞նչ կանի. կգա, կսպանի մշակներին և այգին կտա ուրիշների ձեռքը։ 10Դուք չե՞ք կարդացել Սուրբ Գրքի այն խոսքը, թե՝
“Այն քարը, որ շինարարները մերժեցին,
նա՛ անկյունաքար եղավ։
11Տիրոջ կողմից եղավ սա,
և մեր աչքին սքանչելի է”»։
Կայսրին տրվելիք հարկը
(Մտթ. 22.15-22, Ղուկ. 20.20-26)
12Նրանք հնար էին փնտրում՝ Հիսուսին ձերբակալելու, որովհետև հասկացան, որ առակն իրենց վերաբերյալ ասաց. բայց ժողովրդից վախեցան, թողեցին նրան ու գնացին։
13Հիսուսի մոտ ուղարկեցին փարիսեցիներից ու հերովդեսականներից ոմանց, որպեսզի խոսքով նրան ծուղակը գցեն։ 14Նրանք եկան և նենգամտորեն հարց էին տալիս Հիսուսին ու ասում. «Վարդապե՛տ, գիտենք, որ արդարամիտ ես և որևէ մեկին հաճոյանալու հոգ չես անում, որովհետև մարդկանց միջև խտրականություն չես դնում, այլ ճշմարտությամբ Աստծու ճանապարհն ես ուսուցանում. արդ, ասա՛ մեզ, օրինավո՞ր է հարկ տալ կայսրին, թե՞ ոչ. տա՞նք, թե՞ չտանք»։ 15Հիսուսը հասկացավ նրանց կեղծավորությունը և ասաց. «Ինչո՞ւ եք ինձ փորձում, կեղծավորնե՛ր։ Ինձ մի դահեկա՛ն բերեք, որ տեսնեմ»։ 16Եվ նրանք բերեցին։ Ապա նրանց ասաց. «Ո՞ւմն է այս պատկերը կամ արձանագրությունը»։ Նրանք ասացին. «Կայսրինը»։ 17Հիսուսն էլ պատասխան տվեց և ասաց նրանց. «Գնացե՛ք, տվե՛ք կայսրինը՝ կայսերը, իսկ Աստծունը՝ Աստծուն»։ Եվ այդ պատասխանից մնացին ապշած։
Հարության մասին
(Մտթ. 22.23-33, Ղուկ. 20.27-40)
18Հիսուսի մոտ եկան սադուկեցիները, որոնք ասում են, թե՝ հարություն չկա, և նրան հարց տվեցին ու ասացին. 19«Վարդապե՛տ, Մովսեսը մեզ համար գրել է. “Եթե մեկի եղբայրը մեռնի և կին թողնի, բայց զավակ չթողնի, նրա եղբայրը թող ամուսնանա նրա կնոջ հետ և իր եղբոր համար զավակ ապահովի” (Բ Օր. 25.5)։ 20Արդ, մեզ մոտ յոթ եղբայրներ կային։ Առաջինն ամուսնացավ և մեռավ՝ առանց զավակ թողնելու։ 21Երկրորդն ամուսնացավ նույն կնոջ հետ, և նա էլ մեռավ առանց զավակ թողնելու։ Երրորդը նույնպես։ 22Յոթն էլ ամուսնացան և զավակ չթողեցին։ Բոլորից հետո մեռավ նաև կինը։ 23Արդ, հարության ժամանակ, երբ նրանք հարություն առնեն, նրանցից ո՞ւմ կինը կլինի, քանի որ յոթն էլ նրան որպես կին ունեցան»։ 24Հիսուսը պատասխան տվեց և ասաց նրանց. «Արդյոք հենց այն պատճառով չե՞ք մոլորված, որ չգիտեք ո՛չ Սուրբ Գիրքը, ո՛չ էլ Աստծու զորությունը։ 25Արդարև, երբ մեռելներից հարություն առնեն, ո՛չ տղամարդիկ կամուսնանան, և ո՛չ էլ՝ կանայք, այլ կլինեն ինչպես հրեշտակները, որ երկնքում են։ 26Իսկ մեռելների հարության մասին դուք չե՞ք կարդացել Մովսեսի գրքում՝ մորենու դրվագում, թե ինչպես Աստված ասաց նրան. “Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը” (Ելք 3.6)։ 27Իսկ Աստված մեռելների Աստված չէ, այլ ողջերի։ Ուստի դուք չափազանց մոլորված եք»։
Գլխավոր պատվիրանը
(Մտթ. 22.34-40, Ղուկ. 10.25-28)
28Դպիրներից մեկը, մոտենալով, լսում էր նրանց վիճաբանությունը։ Երբ տեսավ, թե Հիսուսը նրանց լավ պատասխան տվեց, հարցրեց նրան և ասաց. «Ո՞րն է գլխավոր պատվիրանը»։ 29Հիսուսն ասաց նրան. «Ամենից գլխավոր պատվիրանն է. “Լսի՛ր, Իսրայե՛լ, Տերը՝ մեր Աստվածը, միակ Տերն է”։ 30Եվ՝ “Սիրի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ զորությամբ” (Բ Օր. 6.4-5)։ Սա է գլխավոր պատվիրանը։ 31Երկրորդը նման է սրան. “Սիրի՛ր քո ընկերոջը քո անձի պես” (Ղևտ. 19.18)։ Սրանցից ավելի մեծ պատվիրան չկա»։ 32Դպիրը նրան ասաց. «Լա՛վ է, Վարդապե՛տ, ճիշտ ասացիր, որ Աստված մեկ է, և նրանից բացի ուրիշ Աստված չկա, 33և նրան ամբողջ սրտով, ամբողջ զորությամբ և ամբողջ մտքով սիրելը, ինչպես նաև ընկերոջն իր անձի պես սիրելն առավել է, քան ողջակեզներն ու զոհերը»։ 34Հիսուսը, տեսնելով, որ նա խելացի պատասխանեց, նրան ասաց. «Հեռու չես Աստծու արքայությունից»։ Եվ ոչ ոք այլևս չէր համարձակվում որևէ բան հարցնել նրան։
Հիսուսը՝ Որդի և Տեր Դավթի
(Մտթ. 22.41-46, Ղուկ. 20.41-44)
35Երբ Հիսուսն ուսուցանում էր տաճարում, ասաց. «Դպիրներն ինչպե՞ս են ասում, թե Քրիստոսը Դավթի Որդի է, 36երբ Դավիթն ինքը Սուրբ Հոգով ասում է.
“Տերն իմ Տիրոջն ասաց.
“Նստի՛ր իմ աջ կողմում,
մինչև որ քո թշնամիներին դնեմ իբրև ոտքերիդ պատվանդան” (Սաղ. 109(110).1)։
37Արդ, եթե Դավիթն ինքն իսկ նրան Տեր է կոչում, ինչպե՞ս նրա որդին կլինի»։ Եվ մի մեծ բազմություն հաճույքով լսում էր նրան։
Հիսուսը դատապարտում է դպիրներին
(Մտթ. 23.1-36, Ղուկ. 20.45-47)
38Հիսուսն իր ուսուցման ընթացքում ասում էր. «Զգո՛ւյշ եղեք դպիրներից, որոնք սիրում են աչքի զարնող զգեստներով շրջել, հրապարակներում հարգանքի ողջույններ որոնել, 39ժողովարաններում առաջին աթոռները գրավել և ընթրիքների ժամանակ՝ պատվավոր տեղերը։ 40Նրանք ցուցադրաբար երկարացնում են աղոթքները, սակայն լափում են այրիների տները։ Նրանք շատ խիստ դատապարտության պիտի արժանանան»։
Այրի կնոջ լուման
(Ղուկ. 21.1-4)
41Հիսուսը, կանգնած գանձանակի դիմաց, դիտում էր, թե ինչպե՛ս էր ժողովուրդը դրամ գցում գանձանակի մեջ։ Շատ հարուստներ մեծ գումարներ գցեցին։ 42Մի այրի կին եկավ և երկու լումա գցեց, այսինքն՝ մի նաքարակիտ։ 43Հիսուսը, իր մոտ կանչելով իր աշակերտներին, ասաց նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այն թշվառ այրին ավելի շատ գցեց, քան բոլոր նրանք, որ գանձանակի մեջ դրամ գցեցին, 44որովհետև բոլորն իրենց ավելորդից գցեցին, մինչդեռ նա իր չքավոր վիճակով գցեց այն ամենը, ինչ ուներ՝ իր ամբողջ ապրուստը»։

Արդեն Ընտրված.

ՄԱՐԿՈՍ 12: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք