ԶԱՔԱՐԻԱ 3

3
Քահանայապետի տեսիլքը
1Ապա ինձ ցույց տվեց քահանայապետ Հեսուին, որ կանգնել էր Տիրոջ հրեշտակի առաջ, իսկ սատանան կանգնել էր նրա աջ կողմում՝ նրան ընդդիմանալու համար։ 2Եվ Տիրոջ հրեշտակն ասաց սատանային. «Տերը թող հանդիմանի քեզ, ո՛վ սատանա, և թող Տերը, որ ընտրել է Երուսաղեմին, քեզ հանդիմանի. մի՞թե սա կրակից ազատված խանձվողը չէ»։
3Հեսուն կեղտոտ հագուստներ էր հագել և կանգնել հրեշտակի առաջ։ 4Եվ հրեշտակը պատասխանեց ու ասաց իր առաջ կանգնածներին. «Հեռացրե՛ք նրա վրայից այդ կեղտոտ հագուստները»։ Իսկ նրան ասաց. «Տե՛ս, ես քո վրայից վերցրի քո անօրենությունը և քեզ պատվական զգեստներ պիտի հագցնեմ»։ 5Եվ ես ասացի, որ նրա գլխին մաքուր խույր դնեն։ Եվ մաքուր խույր դրեցին նրա գլխին և հանդերձներ հագցրին նրան։ Եվ Տիրոջ հրեշտակը կանգնած էր։
6Եվ Տիրոջ հրեշտակն ազդարարեց Հեսուին և ասաց. 7«Զորքերի Տերն այսպես է ասում. “Եթե իմ ճանապարհներով գնաս և եթե իմ ավանդը պահես, այն ժամանակ դու իմ տունը կդատես և իմ սրահները կհսկես, և ես քեզ այդ կանգնողների մեջ լինելը կտամ։ 8Հիմա լսի՛ր, ո՛վ քահանայապետ Հեսու, դու և քո առաջ նստող պաշտոնակիցներդ, քանի որ նրանք իբրև նշան տրված մարդիկ են, որովհետև ես ահա բերելու եմ իմ ծառային՝ Շառավիղին։ 9Որովհետև ահա այն քարը, որ դրել եմ Հեսուի առաջ. մի քարի վրա յոթ աչք կա, ահա ես փորագրում եմ նրա գրերը,- ասում է Զորքերի Տերը,- և մեկ օրում պիտի վերացնեմ այս երկրի անօրենությունը։ 10Այդ օրը,- ասում է Զորքերի Տերը,- դուք յուրաքանչյուրդ կհրավիրեք ձեր ընկերոջը իր որթատունկի տակ և թզենու տակ”»։

Արդեն Ընտրված.

ԶԱՔԱՐԻԱ 3: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք