ԶԱՔԱՐԻԱ 2

2
Չափալարի տեսիլքը
1Եվ ես աչքերս վեր բարձրացրի և ահա մի մարդ տեսա՝ ձեռքին չափալար։ 2Եվ ասացի. «Դու ո՞ւր ես գնում»։ Եվ նա ինձ ասաց. «Երուսաղեմը չափելու, որ տեսնեմ, թե որքան է լայնությունը, և որքան՝ երկարությունը»։ 3Եվ ահա ինձ հետ խոսող հրեշտակը դուրս եկավ, և մի ուրիշ հրեշտակ դուրս եկավ նրան ընդառաջ։ 4Եվ նա ասաց. «Վազի՛ր և ասա՛ այս երիտասարդին. “Երուսաղեմն իր մեջ եղած մարդկանց և անասունների շատության պատճառով առանց պարսպի պիտի բնակեցվի։ 5Եվ ես նրա համար շուրջբոլորը հրեղեն պարիսպ պիտի լինեմ,- ասում է Տերը,- և նրա մեջ փառք պիտի լինեմ”»։
Տուն վերադառնալու կանչ աքսորվածներին
6«Օ՜, օ՜, հյուսիսի երկրից փախե՛ք,- ասում է Տերը,- որովհետև երկնքի չորս հողմերի պես ցրել եմ ձեզ,- ասում է Տերը։- 7Օ՜, Սիո՛ն, ազատվի՛ր, որ բնակվում ես Բաբելոնի դստեր մոտ»։ 8Որովհետև Զորքերի Տերն այսպես է ասում. «Փառքի հետևից է ինձ ուղարկել ձեզ կողոպտող ազգերին, որովհետև ձեզ դիպչողը նրա աչքերի բիբին է դիպչում։ 9Որովհետև ես իմ ձեռքն ահա շարժելու եմ նրանց դեմ, և նրանք իրենց ծառայողներին ավար պիտի դառնան, և պիտի իմանաք, որ Զորքերի Տերն է ինձ ուղարկել։ 10Ցնծա՛ և ուրախացի՛ր, ո՛վ Սիոնի դուստր, որովհետև ես ահա գալիս եմ ու բնակվելու եմ քո մեջ»,- ասում է Տերը։ 11«Այդ օրը շատ ազգեր Տիրոջն են հարելու և ինձ ժողովուրդ են լինելու, և ես քո մեջ եմ բնակվելու։ Եվ դու կիմանաս, որ Զորքերի Տերն է ինձ ուղարկել քեզ մոտ։ 12Եվ Տերը սուրբ երկրում որպես իր բաժին պիտի ժառանգի Հուդային և կրկին պիտի ընտրի Երուսաղեմին»։ 13Եվ թող ամեն մարմին լռի Տիրոջ առաջ, որովհետև նա զարթնեց իր սուրբ բնակարանից։

Արդեն Ընտրված.

ԶԱՔԱՐԻԱ 2: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք