ԶԱՔԱՐԻԱ 11

11
Բռնապետների անկումը
1Բա՛ց արա քո դռները, ո՛վ Լիբանան, և կրակը թող լափի քո եղևնիները։ 2Ողբա՛, ո՛վ մայրի, որովհետև ընկել է եղևնին, որովհետև փառավորները կործանվեցին. թող ողբան Բասանի կաղնիները, որովհետև անանցանելի անտառը կտրվեց։ 3Լսե՛ք ողբացող հովիվների ձայնը. որովհետև կործանվել է նրանց շքեղությունը. մռնչացող կորյունների ձայնը, որովհետև ամայացել է Հորդանանի մացառուտը։
Երկու հովիվները
4Այսպես է ասում իմ Տեր Աստվածը. «Արածեցրո՛ւ մորթվելու հոտը, 5որոնց գնողները նրանց մորթում են և հանցավոր չեն զգում. և որոնց ծախողներն ասում են. “Թող օրհնյալ լինի Տերը, որ հարստացա”. և նրանց հովիվները չեն գթալու իրենց։ 6Որովհետև այլևս չեմ գթալու երկրի բնակիչներին,- ասում է Տերը,- և ահա ես մարդկանց մեկին մյուսի ձեռքը պիտի մատնեմ, նաև՝ թագավորի ձեռքը։ Եվ նրանք պիտի կործանեն երկիրը, և նրանց ձեռքից չեմ ազատելու»։
7Եվ ես արածեցրի մորթվելու հոտը, այսինքն՝ հոտի թշվառներին։ Եվ երկու գավազան առա. մեկն անվանեցի Բարեսիրություն, մյուսն անվանեցի Համաձայնություն և արածեցրի հոտը։ 8Եվ մեկ ամսում ոչնչացրի երեք հովիվներին, որովհետև համբերությունս հատել էր նրանց հանդեպ, իսկ նրանք ինձանից էին զզվել։ 9Ուստի ասացի. «Ձեզ չեմ հովվելու, մեռնողը թող մեռնի, և կործանվողը կործանվի, իսկ մնացածները թող իրար միս ուտեն»։ 10Եվ ես վերցրի իմ գավազանը՝ Շնորհալիությունը, և կոտրեցի այն, որպեսզի խզեմ իմ ուխտը, որ կապել եմ բոլոր ժողովուրդների հետ։ 11Եվ այն խզվեց նույն օրը, և այսպես հոտի թշվառները, որոնք ինձ էին դիտում, ճանաչեցին, որ սա Տիրոջ խոսքն է։
12Եվ ես նրանց ասացի. «Եթե ձեր աչքին հաճելի է, տվե՛ք իմ վարձքը, իսկ եթե ոչ, հրաժարվե՛ք»։ Եվ նրանք կշռեցին իմ վարձքը՝ երեսուն սիկղ արծաթ։ 13Եվ Տերն ինձ ասաց. «Դա նետի՛ր գանձարանը»։ Պատվական գինը, որով ես գնահատվեցի նրանց կողմից։ Եվ ես վերցրի այն երեսուն արծաթը և դրանք գցեցի Տիրոջ տունը՝ գանձարանի մեջ։ 14Եվ ես կոտրեցի իմ երկրորդ գավազանը՝ Միությունը, որպեսզի քանդեմ Հուդայի և Իսրայելի եղբայրությունը։
15Եվ Տերն ինձ ասաց. «Քեզ համար կրկին հիմար հովվի գործիքնե՛ր վերցրու։ 16Որովհետև ես երկրի վրա ահա մի հովիվ եմ կանգնեցնելու։ Նա կորածին չպիտի խնամի և ցրվածին չպիտի որոնի և բեկվածին չպիտի բժշկի, առողջին չպիտի կերակրի, այլ պարարտների միսը պիտի ուտի և նրանց կճղակները հերձի։ 17Վա՜յ փուչ հովվին, որ լքում է հոտը. սո՜ւր նրա բազկին և նրա աջ աչքին. նրա բազուկն ամբողջովին պիտի չորանա, և նրա աջ աչքը բոլորովին պիտի խավարի»։

Արդեն Ընտրված.

ԶԱՔԱՐԻԱ 11: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք