ԵՐԳ ԵՐԳՈՑ 5:2-16

ԵՐԳ ԵՐԳՈՑ 5:2-16 ՆՎԱԱ

Ես քնում էի, բայց սիրտս արթուն էր։ Սիրեկանիս ձայնն է. դուռը թակում է. «Բա՛ց ինձ համար, իմ քո՛ւյր, իմ սիրուհի՛, աղավնի՛ս, կատարյա՛լս, որովհետև գլուխս թրջված է ցողով, խոպոպներս՝ գիշերվա շաղերով»։ Պատմուճանս հանել եմ. ինչպե՞ս հագնեմ այն. ոտքերս լվացել եմ. ինչպե՞ս աղտոտեմ դրանք։ Սիրեկանս ձեռքը պարզեց ծակով, և ընդերքս ալեկոծվեց նրա համար։ Ես վեր կացա, որպեսզի բացեմ սիրեկանիս համար, և ձեռքերիցս զմուռս կաթեց և մատներիցս՝ հոսող զմուռս փականի բռնատեղի վրա։ Ես բացեցի սիրեկանիս համար, բայց իմ սիրեկանը շրջվել գնացել էր. սիրտս նվաղել էր, մինչ նա խոսում էր. փնտրեցի նրան, բայց չգտա. կանչեցի, բայց չպատասխանեց ինձ։ Ինձ գտան քաղաքում շրջող պահապանները, խփեցին, վիրավորեցին ինձ, պարիսպների պահապանները քողս վրայիցս վերցրին։ Երդվեցնում եմ ձեզ, ո՛վ Երուսաղեմի աղջիկներ, եթե գտնեք իմ սիրեկանին, ի՞նչ եք ասելու նրան. ասացե՛ք, որ սիրով հիվանդ եմ ես։ «Քո սիրեկանն ինչո՞վ է առավել ուրիշ սիրեկաններից, ո՛վ կանանց մեջ գեղեցկագույնդ, ինչո՞վ է առավել քո սիրեկանն ուրիշ սիրեկաններից, որ մեզ այդպես երդվեցնում ես»։ «Իմ սիրեկանը սպիտակ և կարմրագույն է, բյուրերից գերազանց է։ Նրա գլուխը զտված ոսկի է, նրա խոպոպները ծածանվում են, սև են ագռավի պես։ Նրա աչքերը աղավնիների նման են ջրի վտակների մոտ, կաթով լվացված, լիովին ագուցված։ Նրա այտերը համեմունքի մարգերի պես են, բուրավետ ածուներ, շրթունքները հոսուն զմուռս կաթեցնող շուշաններ են։ Նրա ձեռքերը ոսկե մականներ են՝ Թարսիսի քարերով զարդարված, նրա որովայնը հղկված փղոսկր է՝ պատված շափյուղաներով։ Նրա սրունքները մարմարե սյուներ են՝ հաստատված զտված ոսկյա խարիսխների վրա. կերպարանքը՝ Լիբանանի պես, ընտիր, ինչպես եղևնիները։ Նրա քիմքը քաղցր է, և նա ինքն ամբողջովին ցանկալի է. ահա իմ սիրեկանը և ահա իմ ընկերը, ո՛վ Երուսաղեմի աղջիկներ»։