ԵՐԳ ԵՐԳՈՑ 5
5
1Ես եկա իմ պարտեզը, իմ քո՛ւյր, հա՛րս, քաղեցի իմ զմուռսն իմ համեմունքի հետ, կերա իմ խորիսխն իմ մեղրի հետ, խմեցի իմ գինին իմ կաթի հետ։ Կերե՛ք, ո՛վ բարեկամներ, խմե՛ք, հարբեցե՛ք սիրով։
Չորրորդ երգ
2Ես քնում էի, բայց սիրտս արթուն էր։ Սիրեկանիս ձայնն է. դուռը թակում է. «Բա՛ց ինձ համար, իմ քո՛ւյր, իմ սիրուհի՛, աղավնի՛ս, կատարյա՛լս, որովհետև գլուխս թրջված է ցողով, խոպոպներս՝ գիշերվա շաղերով»։
3Պատմուճանս հանել եմ. ինչպե՞ս հագնեմ այն. ոտքերս լվացել եմ. ինչպե՞ս աղտոտեմ դրանք։
4Սիրեկանս ձեռքը պարզեց ծակով, և ընդերքս ալեկոծվեց նրա համար։
5Ես վեր կացա, որպեսզի բացեմ սիրեկանիս համար, և ձեռքերիցս զմուռս կաթեց և մատներիցս՝ հոսող զմուռս փականի բռնատեղի վրա։
6Ես բացեցի սիրեկանիս համար, բայց իմ սիրեկանը շրջվել գնացել էր. սիրտս նվաղել էր, մինչ նա խոսում էր. փնտրեցի նրան, բայց չգտա. կանչեցի, բայց չպատասխանեց ինձ։
7Ինձ գտան քաղաքում շրջող պահապանները, խփեցին, վիրավորեցին ինձ, պարիսպների պահապանները քողս վրայիցս վերցրին։
8Երդվեցնում եմ ձեզ, ո՛վ Երուսաղեմի աղջիկներ, եթե գտնեք իմ սիրեկանին, ի՞նչ եք ասելու նրան. ասացե՛ք, որ սիրով հիվանդ եմ ես։
9«Քո սիրեկանն ինչո՞վ է առավել ուրիշ սիրեկաններից, ո՛վ կանանց մեջ գեղեցկագույնդ, ինչո՞վ է առավել քո սիրեկանն ուրիշ սիրեկաններից, որ մեզ այդպես երդվեցնում ես»։
10«Իմ սիրեկանը սպիտակ և կարմրագույն է, բյուրերից գերազանց է։
11Նրա գլուխը զտված ոսկի է, նրա խոպոպները ծածանվում են, սև են ագռավի պես։
12Նրա աչքերը աղավնիների նման են ջրի վտակների մոտ, կաթով լվացված, լիովին ագուցված։
13Նրա այտերը համեմունքի մարգերի պես են, բուրավետ ածուներ, շրթունքները հոսուն զմուռս կաթեցնող շուշաններ են։
14Նրա ձեռքերը ոսկե մականներ են՝ Թարսիսի քարերով զարդարված, նրա որովայնը հղկված փղոսկր է՝ պատված շափյուղաներով։
15Նրա սրունքները մարմարե սյուներ են՝ հաստատված զտված ոսկյա խարիսխների վրա. կերպարանքը՝ Լիբանանի պես, ընտիր, ինչպես եղևնիները։
16Նրա քիմքը քաղցր է, և նա ինքն ամբողջովին ցանկալի է. ահա իմ սիրեկանը և ահա իմ ընկերը, ո՛վ Երուսաղեմի աղջիկներ»։
Արդեն Ընտրված.
ԵՐԳ ԵՐԳՈՑ 5: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018