ՀՌՈՒԹ 2:1-23

ՀՌՈՒԹ 2:1-23 ՆՎԱԱ

Նոեմին իր մարդու կողմից մի ազգական ուներ. նա շատ հարուստ մարդ էր Ելիմելեքի ազգատոհմից, և նրա անունն էր Բոոս։ Եվ մովաբացի Հռութը Նոեմիին ասաց. «Գնամ արտերը և ում աչքի առջև ողորմություն գտնեմ, նրա ետևից հասկեր հավաքեմ»։ Եվ նա ասաց նրան. «Գնա՛, աղջի՛կս»։ Նա գնաց ու մտնելով մի արտի մեջ՝ հնձվորների ետևից հասկ էր հավաքում. և այնպես պատահեց, որ նա մտավ այն արտը, որ Բոոսինն էր՝ Ելիմելեքի ազգատոհմից։ Եվ ահա Բոոսը Բեթլեհեմից եկավ ու հնձվորներին ասաց. «Տերը ձեզ հետ»։ Եվ նրանք ասացին. «Տերը քեզ օրհնի»։ Եվ Բոոսը հնձվորների վրա նշանակված պատանուն ասաց. «Ո՞ւմն է այս աղջիկը»։ Հնձվորների վերակացու պատանին պատասխանեց և ասաց. «Նոեմիի հետ Մովաբի երկրից եկած մովաբացի աղջիկն է։ Եվ մեզ ասաց. “Աղաչում եմ, թողեք հնձվորների ետևից խրձերի մեջ հասկ քաղեմ ու հավաքեմ”. և նա վաղ առավոտից եկել է ու մնացել մինչև հիմա և միայն հիմա մի քիչ նստեց տանը»։ Եվ Բոոսն ասաց Հռութին. «Ահա, աղջի՛կս, հասկ հավաքելու համար ուրիշի արտը չգնաս և այստեղից էլ չհեռանաս, այլ կմնաս այստեղ՝ իմ աղջիկների մոտ։ Թող աչքդ նրանց հնձած արտի վրա լինի, և գնա՛ նրանց ետևից. ահա պատանիներին պատվիրել եմ, որ քեզ չդիպչեն, և երբ ծարավես, գնա՛ ամանների մոտ և խմի՛ր պատանիների դուրս քաշած ջրից»։ Աղջիկն ընկավ երեսի վրա և մինչև գետին երկրպագելով՝ նրան ասաց. «Ինչի՞ց է, որ ես շնորհ եմ գտել քո աչքերի առաջ, և դու ճանաչում ես ինձ. չէ՞ որ ես մի օտար կին եմ»։ Բոոսը պատասխանեց և նրան ասաց. «Ինձ պատմել են այն ամենը, ինչ քո մարդու մեռնելուց հետո դու արել ես սկեսուրիդ համար և թե ինչպես թողել ես քո հորն ու մորը և քո ծնված երկիրը և եկել ես այս ժողովրդի մոտ, որին առաջ չէիր ճանաչում։ Թող Տերը քեզ հատուցի քո գործերի փոխարեն, և թող առատորեն քեզ տրվի քո վարձն Իսրայելի Աստծու կողմից, որովհետև դու եկար, որ ապաստան գտնես նրա թևերի տակ»։ Եվ նա ասաց. «Տե՛ր իմ, թող ես շնորհ գտնեմ քո աչքերի առջև, որովհետև դու մխիթարեցիր ինձ և քաղցրությամբ խոսեցիր քո աղախնի հետ, թեև ես աղախին էլ չեմ քո աղախիններից մեկի պես»։ Եվ Բոոսը կերակրի ժամանակ նրան ասաց. «Մոտեցի՛ր ու հա՛ց կեր և պատառդ թաթախի՛ր քացախի մեջ»։ Հռութը նստեց հնձվորների մոտ, Բոոսը հեղի տվեց նրան, նա էլ կերավ, կշտացավ և ավելացածը պահեց։ Եվ երբ վեր կացավ հասկ հավաքելու, Բոոսն իր պատանիներին պատվիրեց՝ ասելով. «Թողեք՝ խրձերի միջից էլ հավաքի, և մի՛ ամաչեցրեք նրան։ Եվ խրձերից էլ նրա համար գետի՛ն գցեք և թողե՛ք, որ հավաքի, և մի՛ հանդիմանեք նրան»։ Նա մինչև իրիկուն հասկ հավաքեց այդ արտի մեջ և երբ հավաքածը ծեծեց, մեկ արդուի չափ գարի եղավ։ Եվ վերցրեց ու քաղաք մտավ. և սկեսուրը նրա հավաքածը տեսավ. Հռութը հանեց այն ուտելիքը, որն ավելացել էր իր կշտանալուց հետո, և տվեց նրան։ Եվ սկեսուրը նրան ասաց. «Որտե՞ղ հավաքեցիր այսօր և ո՞ւր աշխատեցիր. օրհնյալ լինի քեզ ճանաչողը»։ Այն ժամանակ նա իր սկեսուրին հայտնեց, թե ում մոտ է աշխատել, ու ասաց. «Այդ մարդու անունը, ում մոտ այսօր աշխատեցի, Բոոս է»։ Եվ Նոեմին իր հարսին ասաց. «Նա օրհնյա՜լ լինի Տիրոջից, որ իր ողորմությունը չպակասեցրեց ողջերից և մեռածներից»։ Եվ Նոեմին նրան ասաց. «Այդ մարդը մեր ազգատոհմից է. նա մոտիկ ազգական է մեզ»։ Եվ մովաբացի Հռութն ասաց. «Ինձ ասաց նաև, թե՝ “Իմ պատանիների մոտից չբաժանվես, մինչև որ նրանք իմ ամբողջ հունձը չվերջացնեն”»։ Եվ Նոեմին իր հարս Հռութին ասաց. «Լավ է, աղջի՛կս, որ դու նրա աղջիկների հետ լինես, և քեզ չհանդիպեն ուրիշ արտի մեջ»։ Եվ նա Բոոսի աղջիկներից չբաժանվեց, մինչև գարու հնձի ու ցորենի հնձի վերջը հասկ հավաքեց և բնակվում էր իր սկեսուրի մոտ։