ՀՌՈՒԹ 2

2
Հռութն աշխատում է Բոոսի արտում
1Նոեմին իր մարդու կողմից մի ազգական ուներ. նա շատ հարուստ մարդ էր Ելիմելեքի ազգատոհմից, և նրա անունն էր Բոոս։ 2Եվ մովաբացի Հռութը Նոեմիին ասաց. «Գնամ արտերը և ում աչքի առջև ողորմություն գտնեմ, նրա ետևից հասկեր հավաքեմ»։ Եվ նա ասաց նրան. «Գնա՛, աղջի՛կս»։ 3Նա գնաց ու մտնելով մի արտի մեջ՝ հնձվորների ետևից հասկ էր հավաքում. և այնպես պատահեց, որ նա մտավ այն արտը, որ Բոոսինն էր՝ Ելիմելեքի ազգատոհմից։
4Եվ ահա Բոոսը Բեթլեհեմից եկավ ու հնձվորներին ասաց. «Տերը ձեզ հետ»։ Եվ նրանք ասացին. «Տերը քեզ օրհնի»։ 5Եվ Բոոսը հնձվորների վրա նշանակված պատանուն ասաց. «Ո՞ւմն է այս աղջիկը»։ 6Հնձվորների վերակացու պատանին պատասխանեց և ասաց. «Նոեմիի հետ Մովաբի երկրից եկած մովաբացի աղջիկն է։ 7Եվ մեզ ասաց. “Աղաչում եմ, թողեք հնձվորների ետևից խրձերի մեջ հասկ քաղեմ ու հավաքեմ”. և նա վաղ առավոտից եկել է ու մնացել մինչև հիմա և միայն հիմա մի քիչ նստեց տանը»։
8Եվ Բոոսն ասաց Հռութին. «Ահա, աղջի՛կս, հասկ հավաքելու համար ուրիշի արտը չգնաս և այստեղից էլ չհեռանաս, այլ կմնաս այստեղ՝ իմ աղջիկների մոտ։ 9Թող աչքդ նրանց հնձած արտի վրա լինի, և գնա՛ նրանց ետևից. ահա պատանիներին պատվիրել եմ, որ քեզ չդիպչեն, և երբ ծարավես, գնա՛ ամանների մոտ և խմի՛ր պատանիների դուրս քաշած ջրից»։ 10Աղջիկն ընկավ երեսի վրա և մինչև գետին երկրպագելով՝ նրան ասաց. «Ինչի՞ց է, որ ես շնորհ եմ գտել քո աչքերի առաջ, և դու ճանաչում ես ինձ. չէ՞ որ ես մի օտար կին եմ»։ 11Բոոսը պատասխանեց և նրան ասաց. «Ինձ պատմել են այն ամենը, ինչ քո մարդու մեռնելուց հետո դու արել ես սկեսուրիդ համար և թե ինչպես թողել ես քո հորն ու մորը և քո ծնված երկիրը և եկել ես այս ժողովրդի մոտ, որին առաջ չէիր ճանաչում։ 12Թող Տերը քեզ հատուցի քո գործերի փոխարեն, և թող առատորեն քեզ տրվի քո վարձն Իսրայելի Աստծու կողմից, որովհետև դու եկար, որ ապաստան գտնես նրա թևերի տակ»։ 13Եվ նա ասաց. «Տե՛ր իմ, թող ես շնորհ գտնեմ քո աչքերի առջև, որովհետև դու մխիթարեցիր ինձ և քաղցրությամբ խոսեցիր քո աղախնի հետ, թեև ես աղախին էլ չեմ քո աղախիններից մեկի պես»։ 14Եվ Բոոսը կերակրի ժամանակ նրան ասաց. «Մոտեցի՛ր ու հա՛ց կեր և պատառդ թաթախի՛ր քացախի մեջ»։ Հռութը նստեց հնձվորների մոտ, Բոոսը հեղի տվեց նրան, նա էլ կերավ, կշտացավ և ավելացածը պահեց։ 15Եվ երբ վեր կացավ հասկ հավաքելու, Բոոսն իր պատանիներին պատվիրեց՝ ասելով. «Թողեք՝ խրձերի միջից էլ հավաքի, և մի՛ ամաչեցրեք նրան։ 16Եվ խրձերից էլ նրա համար գետի՛ն գցեք և թողե՛ք, որ հավաքի, և մի՛ հանդիմանեք նրան»։ 17Նա մինչև իրիկուն հասկ հավաքեց այդ արտի մեջ և երբ հավաքածը ծեծեց, մեկ արդուի չափ գարի եղավ։ 18Եվ վերցրեց ու քաղաք մտավ. և սկեսուրը նրա հավաքածը տեսավ. Հռութը հանեց այն ուտելիքը, որն ավելացել էր իր կշտանալուց հետո, և տվեց նրան։
19Եվ սկեսուրը նրան ասաց. «Որտե՞ղ հավաքեցիր այսօր և ո՞ւր աշխատեցիր. օրհնյալ լինի քեզ ճանաչողը»։ Այն ժամանակ նա իր սկեսուրին հայտնեց, թե ում մոտ է աշխատել, ու ասաց. «Այդ մարդու անունը, ում մոտ այսօր աշխատեցի, Բոոս է»։ 20Եվ Նոեմին իր հարսին ասաց. «Նա օրհնյա՜լ լինի Տիրոջից, որ իր ողորմությունը չպակասեցրեց ողջերից և մեռածներից»։ Եվ Նոեմին նրան ասաց. «Այդ մարդը մեր ազգատոհմից է. նա մոտիկ ազգական է մեզ»։ 21Եվ մովաբացի Հռութն ասաց. «Ինձ ասաց նաև, թե՝ “Իմ պատանիների մոտից չբաժանվես, մինչև որ նրանք իմ ամբողջ հունձը չվերջացնեն”»։ 22Եվ Նոեմին իր հարս Հռութին ասաց. «Լավ է, աղջի՛կս, որ դու նրա աղջիկների հետ լինես, և քեզ չհանդիպեն ուրիշ արտի մեջ»։ 23Եվ նա Բոոսի աղջիկներից չբաժանվեց, մինչև գարու հնձի ու ցորենի հնձի վերջը հասկ հավաքեց և բնակվում էր իր սկեսուրի մոտ։

Արդեն Ընտրված.

ՀՌՈՒԹ 2: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում