Ճշմարիտ եմ ասում Քրիստոսով և սուտ չեմ ասում. խիղճս էլ է ինձ Սուրբ Հոգով վկայում, որ տրտմությունս մեծ է, իսկ սրտիս ցավը՝ անհատնում։ Կցանկանայի ես ինքս Քրիստոսից նզովված լինել իմ եղբայրների ու ըստ մարմնի իմ ազգակիցների համար, որ իսրայելացի են. նրանցն են որդեգրությունը, փառքը, ուխտերը, օրենքի տվչությունը, պաշտամունքը և խոստումները, նրանցն են հայրերը, որոնցից է նաև Քրիստոսը ըստ մարմնի, որ ամենից վեր է՝ հավիտյանս օրհնյալ Աստված. ամեն։
Բայց ոչ իբրև թե Աստծու խոսքը ձախողվել է. որովհետև ոչ բոլորը, ովքեր Իսրայելից են, Իսրայելն են, և ոչ բոլորը, ովքեր Աբրահամի սերնդից են, նրա որդիներ են. այլ «Իսահակով քեզ համար սերունդ պիտի կոչվի» ։ Այսինքն՝ ոչ թե ըստ մարմնի որդիներն են Աստծու որդիներ, այլ խոստման որդիներն են սերունդ համարվում։ Որովհետև խոստումի խոսքը սա է՝ «Այս ժամանակ կգամ, և Սառան որդի կունենա» ։ Եվ ոչ միայն այսքանը. Ռեբեկան ևս, որ մեկ մարդուց հղիացավ՝ մեր հայր Իսահակից։ Որովհետև նրանք քանի դեռ չէին ծնվել և մի բարի կամ չար գործ չէին արել, որպեսզի համաձայն ընտրության՝ Աստծու ծրագիրը հաստատվի և կախված չլինի գործերից, այլ կանչողից, նրան ասվեց. «Ավագը պիտի փոքրին ծառայի» , ինչպես գրված է.
«Հակոբին սիրեցի,
իսկ Եսավին ատեցի» ։
Հիմա ի՞նչ ասենք. Աստծու մոտ մի՞թե անարդարություն կա. քա՛վ լիցի։ Որովհետև Մովսեսին ասում է. «Ողորմելու եմ, ում որ ողորմելու եմ, և գթալու եմ, ում որ գթալու եմ» ։ Ուրեմն ողորմությունը կախված չէ կամեցողից, ո՛չ էլ ջանք գործադրողից, այլ Աստծուց, որ ողորմում է։ Որովհետև Գիրքը փարավոնին ասում է. «Քեզ հենց նրա համար բարձրացրի, որ քեզանով իմ զորությունը ցույց տամ, և ամբողջ երկրում իմ անունը հռչակվի» ։ Արդ ում կամենում է, ողորմում է, և ում կամենում է, խստացնում է։
Հիմա պիտի ասես. «Էլ ինչո՞ւ է մեղադրում. նրա կամքին ո՞վ հակառակ կկանգնի»։ Բայց դու ո՞վ ես, մա՛րդ, որ Աստծու դեմ ես խոսում. մի՞թե ստեղծվածն իրեն Ստեղծողին կարող է ասել. «Ինձ ինչո՞ւ այդպես ստեղծեցիր»։ Մի՞թե բրուտը կավի վրա իշխանություն չունի, որ նույն շաղախից անոթ շինի. մեկը՝ պատվական, մյուսը՝ անտաշ։