Հռոմեացիներին 9
9
Աստված և ընտրյալ ժողովուրդը
1Ճշմարիտ եմ ասում Քրիստոսով և սուտ չեմ ասում. խիղճս էլ է ինձ Սուրբ Հոգով վկայում, 2որ տրտմությունս մեծ է, իսկ սրտիս ցավը՝ անհատնում։ 3Կցանկանայի ես ինքս Քրիստոսից նզովված լինել իմ եղբայրների ու ըստ մարմնի իմ ազգակիցների համար, 4որ իսրայելացի են. նրանցն են որդեգրությունը, փառքը, ուխտերը, օրենքի տվչությունը, պաշտամունքը և խոստումները, 5նրանցն են հայրերը, որոնցից է նաև Քրիստոսը ըստ մարմնի, որ ամենից վեր է՝ հավիտյանս օրհնյալ Աստված. ամեն։
Աստված հավատարիմ է իր խոստմանը
6Բայց ոչ իբրև թե Աստծու խոսքը ձախողվել է. որովհետև ոչ բոլորը, ովքեր Իսրայելից են, Իսրայելն են, 7և ոչ բոլորը, ովքեր Աբրահամի սերնդից են, նրա որդիներ են. այլ «Իսահակով քեզ համար սերունդ պիտի կոչվի» (Ծնն. 21.12բ)։ 8Այսինքն՝ ոչ թե ըստ մարմնի որդիներն են Աստծու որդիներ, այլ խոստման որդիներն են սերունդ համարվում։ 9Որովհետև խոստումի խոսքը սա է՝ «Այս ժամանակ կգամ, և Սառան որդի կունենա» (Ծնն. 18.10)։ 10Եվ ոչ միայն այսքանը. Ռեբեկան ևս, որ մեկ մարդուց հղիացավ՝ մեր հայր Իսահակից։ 11Որովհետև նրանք քանի դեռ չէին ծնվել և մի բարի կամ չար գործ չէին արել, որպեսզի համաձայն ընտրության՝ Աստծու ծրագիրը հաստատվի 12և կախված չլինի գործերից, այլ կանչողից, նրան ասվեց. «Ավագը պիտի փոքրին ծառայի» (Ծնն. 25.23բ), 13ինչպես գրված է.
«Հակոբին սիրեցի,
իսկ Եսավին ատեցի» (Մղք. 1.2բ-3ա)։
14Հիմա ի՞նչ ասենք. Աստծու մոտ մի՞թե անարդարություն կա. քա՛վ լիցի։ 15Որովհետև Մովսեսին ասում է. «Ողորմելու եմ, ում որ ողորմելու եմ, և գթալու եմ, ում որ գթալու եմ» (Ելք 33.19)։ 16Ուրեմն ողորմությունը կախված չէ կամեցողից, ո՛չ էլ ջանք գործադրողից, այլ Աստծուց, որ ողորմում է։ 17Որովհետև Գիրքը փարավոնին ասում է. «Քեզ հենց նրա համար բարձրացրի, որ քեզանով իմ զորությունը ցույց տամ, և ամբողջ երկրում իմ անունը հռչակվի» (Ելք 9.16)։ 18Արդ ում կամենում է, ողորմում է, և ում կամենում է, խստացնում է։
Աստծու բարկությունը և ողորմությունը
19Հիմա պիտի ասես. «Էլ ինչո՞ւ է մեղադրում. նրա կամքին ո՞վ հակառակ կկանգնի»։ 20Բայց դու ո՞վ ես, մա՛րդ, որ Աստծու դեմ ես խոսում. մի՞թե ստեղծվածն իրեն Ստեղծողին կարող է ասել. «Ինձ ինչո՞ւ այդպես ստեղծեցիր»։ 21Մի՞թե բրուտը կավի վրա իշխանություն չունի, որ նույն շաղախից անոթ շինի. մեկը՝ պատվական, մյուսը՝ անտաշ։ 22Եվ ի՞նչ, եթե Աստված կամենում էր իր բարկությունը ցույց տալ և իր զորությունը հայտնի դարձնել. մեծ համբերությամբ բարկության արժանի անոթներին հանդուրժեց, որ կորստյան համար էին պատրաստվել։ 23Եվ որպեսզի հայտնի դարձնի իր փառքի մեծությունը ողորմության արժանի անոթների վրա, որոնք փառքի համար էր նախապատրաստել, 24նա մեզ ևս կանչեց ոչ միայն հրեաների միջից, այլև հեթանոսների, 25ինչպես որ Օվսեեի միջոցով է ասում.
«Նրան, որ իմ ժողովուրդը չէ, ինձ ժողովուրդ կկոչեմ,
և որ ինձ սիրելի չէր, սիրելի (Ովս. 2.23)։
26 Եվ այնպես կլինի, որ այնտեղ, որտեղ նրանց ասվեց՝
"Դուք իմ ժողովուրդը չեք",
այնտեղ նրանք կենդանի Աստծու որդիներ կկոչվեն (Ովս. 1.10)»։
27Եսային Իսրայելի մասին աղաղակում է. «Իսրայելի որդիների թիվը թեկուզ ծովի ավազի չափ շատ լինի, միայն մնացորդը կփրկվի, 28որովհետև Տերն անհապաղ և վճռական մի բան է անելու երկրի վրա» (Ես. 10.22-23)։ 29Ինչպես որ Եսային կանխասաց.
«Եթե Զորությունների Տերը մեզ համար սերունդ թողած չլիներ,
մենք Սոդոմի պես կլինեինք
ու Գոմորին կնմանվեինք» (Ես. 1.9)։
Իսրայելը և փրկությունը
30Արդ ի՞նչ ասենք. հեթանոսները, որոնք արդարությանը չէին հետևում, արդարության հասան, այն արդարությանը, որ հավատից է։ 31Մինչդեռ Իսրայելը, որ հետևում էր արդարությանը՝ օրենքը պահելով, արդարության չհասավ։ 32Ինչո՞ւ. որովհետև ոչ թե հավատով, այլ իբր օրենքի գործերով էին ուզում հասնել։ Նրանք գայթակղության քարի վրա գլորվեցին, 33ինչպես գրված է.
«Ահա ես Սիոնում դնում եմ ժայռ գլորման և քար գայթակղության,
և ամեն ոք, ով նրան հավատա, չի ամաչելու» (հմմտ. Ես. 28.16)։
Արդեն Ընտրված.
Հռոմեացիներին 9: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018