Հռոմեացիներին 7
7
Քրիստոնյայի ազատագրումն օրենքից
1Կամ չգիտե՞ք, եղբայրնե՛ր, քանզի օրենքին գիտակ մարդկանց եմ ասում, որ օրենքը մարդու վրա իշխում է, քանի դեռ նա կենդանի է։ 2Որովհետև ամուսնացած կինն իր ամուսնու հետ կապված է օրենքով նրա կենդանության ժամանակ. բայց եթե ամուսինը մեռնի, ամուսնության օրենքից ազատված կլինի։ 3Ուրեմն քանի դեռ ամուսինը կենդանի է, նա շնացող կհամարվի, եթե ուրիշ տղամարդու պատկանի։ Բայց եթե ամուսինը մեռնի, օրենքից ազատ կլինի ու շնացող չի համարվի, եթե ուրիշ տղամարդու պատկանի։ 4Այդպես էլ դուք, եղբայրնե՛ր, Քրիստոսի մարմնով օրենքի համար մեռաք, որպեսզի ուրիշինը լինեք, նրանը, ով մեռելներից հարություն է առել, որպեսզի պտղաբեր լինենք Աստծու համար։ 5Որովհետև քանի դեռ մարմնի մեջ էինք, մեղսավոր կրքերը, որ օրենքի պատճառով էին, զորանում էին մեր անդամների մեջ, որպեսզի մենք պտղաբեր լինենք մահվան համար։ 6Բայց այժմ օրենքից ազատված ենք, որովհետև մեռանք այն բանի համար, որով գերեվարված էինք, որպեսզի հոգու նորոգմամբ ծառայենք և ոչ թե հին գրով։
Օրենք և մեղք
7Արդ ի՞նչ ասենք. օրենքը մե՞ղք է. քա՛վ լիցի։ Բայց ես մեղքը չէի ճանաչի, եթե ոչ օրենքի միջոցով, և ցանկությունն էլ չէի ճանաչի, եթե օրենքը չասեր՝ «Մի՛ ցանկացիր»։ 8Պատվիրանը առիթ դարձավ մեղքի, իմ մեջ ամեն տեսակ ցանկություն առաջացրեց, որովհետև առանց օրենքի մեղքը մեռած է։ 9Ես էլ մի ժամանակ ապրում էի առանց օրենքի, բայց երբ պատվիրանը եկավ, մեղքը վերակենդանացավ։ 10Իսկ ես մեռա, և այն պատվիրանը, որ կյանքի համար էր, ինձ համար մահվան պատճառ դարձավ, 11որովհետև մեղքը պատվիրանով առիթ գտավ, ինձ խաբեց ու դրանով սպանեց։ 12Հետևաբար օրենքը սուրբ է, պատվիրանն էլ է սուրբ, արդար ու բարի։
Մարդը մեղքի իշխանության տակ
13Ուրեմն ինձ համար բարի՞ն մահ դարձավ. քա՛վ լիցի, այլ մեղքը. որպեսզի մեղքը առավել մեղավոր երևա պատվիրանի միջոցով, որ բարի է, ինձ մահ պատճառեց։ 14Որովհետև գիտենք, որ օրենքը հոգևոր է, բայց ես մարմնավոր եմ՝ մեղքին վաճառված։ 15Քանզի չգիտեմ ինչ եմ անում, քանի որ այն չեմ անում, ինչ որ ուզում եմ, այլ այն եմ անում, ինչ որ ատում եմ։ 16Եվ եթե այն եմ անում, ինչ որ չեմ ուզում, օրենքի հետ համաձայնում եմ, որ բարի է։ 17Ապա ուրեմն այն ոչ թե ես եմ անում, այլ իմ մեջ բնակվող մեղքը։ 18Գիտեմ, որ իմ մեջ, այսինքն՝ իմ մարմնում, բարի բան չի բնակվում, քանի որ իմ մեջ ցանկանալը կա, բայց բարին գործելու կարողությունը չեմ գտնում։ 19Որովհետև անում եմ ոչ թե բարին, որ ուզում եմ, այլ անում եմ չարը, որ չեմ ուզում։ 20Ուրեմն եթե անում եմ այն, ինչ ես չեմ ուզում, այլևս ե՛ս չեմ անում, այլ իմ մեջ բնակվող մեղքը։ 21Երբ ես ուզում եմ բարին անել՝ հետևելով օրենքին, չարն եմ անում։ 22Որովհետև ես Աստծու օրենքը հավանում եմ ըստ ներքին մարդու, 23բայց իմ անդամներում ուրիշ օրենք եմ տեսնում, որ պայքարում է իմ մտքի օրենքի դեմ և ինձ գերի է վերցնում այն մեղքի օրենքով, որ իմ անդամներում է։ 24Ես ի՜նչ թշվառ մարդ եմ. մահվան դատապարտված այս մարմնից ո՞վ կազատի ինձ։ 25Աստծուց շնորհակալ եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Արդ, ուրեմն ես ինքս մտքով Աստծու օրենքին եմ ծառայում, իսկ մարմնով՝ մեղքի օրենքին։
Արդեն Ընտրված.
Հռոմեացիներին 7: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018