Հռոմեացիներին 12:1-21

Հռոմեացիներին 12:1-21 ՆՎԱԱ

Արդ Աստծու ողորմածությամբ աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ ձեր մարմինները մատուցեք կենդանի զոհ՝ սուրբ և աստվածահաճո. դա է ձեր հոգևոր պաշտամունքը։ Եվ մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծու կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը։ Աստծու շնորհով, որ տրված է ինձ, ասում եմ ձեզանից յուրաքանչյուրին. ինքներդ ձեր մասին չափից ավելի մի՛ հոգացեք, այլ մտածե՛ք պարկեշտ մնալ այնպես, ինչպես որ Աստված ամեն մեկին իր հավատի չափը բաժին հանեց։ Ինչպես որ մեկ մարմնի մեջ բազում անդամներ ունենք, և այդ բոլոր անդամները նույն գործառույթը չունեն, այնպես էլ շատերս մեկ մարմին ենք Քրիստոսի մեջ, բայց ամեն մեկս միմյանց անդամ ենք։ Միայն թե զանազան պարգևներ ունենք ըստ այն շնորհի, որ մեզ տրված է. եթե դա մարգարեության շնորհն է, թող հավատի չափով գործածի, եթե ծառայության, թող ծառայության մեջ լինի, եթե մեկը ուսուցանող է, թող ուսուցանելու մեջ լինի, թե հորդորող է, հորդորանքի մեջ, թե բաշխող է, թող զվարթությամբ կատարի, թե վերակացու է կարգված, ջանասիրությամբ, թե ողորմած է, ուրախությամբ, թող սերը առանց կեղծիքի լինի. չարն ատե՛ք և բարո՛ւն հետևեք։ Եղբայրասիրության մեջ միմյանց նկատմամբ գթասի՛րտ եղեք, պատվելու մեջ միմյանց գերազանցե՛ք։ Ջանասիրության մեջ մի՛ ծուլացեք, հոգով ջերմեռա՛նդ եղեք, Տիրո՛ջը ծառայեք։ Հույսով ուրախացե՛ք, նեղությանը համբերե՛ք, մշտապես աղոթե՛ք։ Սրբերի կարիքներին հաղորդակի՛ց եղեք, հյուրասիրությա՛ն հետևեք։ Ձեզ հալածողներին օրհնե՛ք, օրհնե՛ք ու մի՛ անիծեք։ Ուրախացողների հետ ուրախացե՛ք և լացողների հետ լացե՛ք։ Միմյանց նկատմամբ նույն վերաբերմո՛ւնքն ունեցեք. մեծամիտ մի՛ եղեք, այլ խոնարհների հե՛տ շփվեք. ինքներդ ձեզ իմաստուն մի՛ համարեք։ Որևէ մեկին չարի դիմաց չար մի՛ հատուցեք. բոլոր մարդկանց առաջ բարիք անե՛լ խորհեք։ Եթե հնարավոր է, որքան ձեզանից է կախված, բոլոր մարդկանց հետ խաղաղությա՛մբ մնացեք։ Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ Աստծու բարկությա՛նը տեղ տվեք, որովհետև գրված է. «Իմն է վրեժխնդրությունը, ես էլ կհատուցեմ» ,- ասում է Տերը։ Բայց՝ «Եթե քո թշնամին քաղցած է, հա՛ց տուր նրան, իսկ եթե ծարավ է, ջո՛ւր տուր նրան, որովհետև այս անելով՝ նրա գլխի վրա կրակի կայծեր կկուտակես» ։ Չարից մի՛ պարտվիր, այլ բարիո՛վ հաղթիր չարին։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում