Հայտնություն 4

4
Պաշտամունք երկնքում
1Դրանից հետո տեսա. ահա երկնքում մի բացված դուռ կար, և փողի պես ձայնը, որ նախկինում լսեցի, խոսում էր ինձ հետ՝ ասելով. «Բարձրացի՛ր այստեղ, և ես քեզ պիտի ցույց տամ, թե սրանից հետո ի՛նչ է լինելու»։ 2Եվ ես իսկույն Հոգով լցվեցի։ Ահա երկնքում մի գահ էր դրված, և գահի վրա՝ մեկը նստած։ 3Նստողը հասպիս ու սարդիոն քարերի տեսք ուներ։ 4Գահի շուրջը կային քսանչորս աթոռներ, իսկ դրանց վրա նստած էին քսանչորս երեցներ՝ սպիտակ հանդերձներ հագած և ոսկե պսակներ գլխներին դրած։ 5Գահից ելնում էին փայլատակումներ, որոտներ ու ձայներ. գահի առջևում կրակով բորբոքված յոթ ջահեր կային, որոնք Աստծու յոթ Հոգիներն են։ 6Եվ գահի առաջ բյուրեղանման ապակե ծով կար։
Իսկ գահի մեջտեղում և շուրջը՝ չորս կենդանիներ՝ առջևից ու հետևից աչքերով լի։ 7Առաջին կենդանին նման էր առյուծի, երկրորդ կենդանին՝ ցլի, երրորդ կենդանին մարդու դեմք ուներ, իսկ չորրորդ կենդանին թռչող արծվի նման էր։ 8Չորս կենդանիներից յուրաքանչյուրը շուրջանակի վեց թև ուներ, ու ներսից լի էին աչքերով. և չէին դադարում գիշերուզօր ասելով.
«Սո՛ւրբ, Սո՛ւրբ, Սո՛ւրբ,
Ամենակա՛լ Տեր Աստված,
որ էր և որ է և որ գալու է»։
9Երբ այդ կենդանիները փառք, պատիվ և գոհություն են տալիս գահի վրա նստողին, որ կենդանի է հավիտյանս հավիտենից, 10քսանչորս երեցներն ընկնում են աթոռի վրա նստողի առաջ, երկրպագում նրան, որ հավիտյանս հավիտենից կենդանի է, և իրենց պսակները դնում են գահի առաջ՝ ասելով.
11«Արժանի ես, Տե՛ր և Աստվա՛ծ մեր,
որ ընդունես փառքը, պատիվը և զորությունը,
որովհետև դու ամեն բան ստեղծեցիր,
ու քո կամքով եղան և ստեղծվեցին»։

Արդեն Ընտրված.

Հայտնություն 4: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք