Ազատի՛ր ինձ, ո՜վ Աստված, որովհետև ջրերը մինչև իմ անձը հասան։
Խրվեցի ցեխի մեջ, որ հատակ չունի, մտա ջրերի խոր տեղը, և հորձանքն ինձ կուլ է տալիս։
Հոգնել եմ իմ աղաղակելուց, կոկորդս ցամաքեց, աչքերս նվաղեցին Աստծուն նայելուց։
Ինձ զուր տեղն ատողները շատացան իմ գլխի մազերից. զորավոր են ինձ կորցնել ցանկացող թշնամիներս. այն, ինչ չեմ հափշտակել, պետք է վճարեմ։
Ո՜վ Աստված, դու գիտես իմ հիմարությունը, և իմ հանցանքները ծածկված չեն քեզնից։
Թող իմ պատճառով չամաչեն նրանք, ովքեր սպասում են քեզ, ո՜վ Տեր, Զորությունների՛ Տեր. թող իմ պատճառով ամոթահար չլինեն քեզ փնտրողները, ո՛վ Իսրայելի Աստված։
Որովհետև ես քեզ համար համբերում եմ նախատինքին. ամոթը ծածկում է իմ երեսը։
Օտար եղա իմ եղբայրներին և անծանոթ՝ իմ մոր որդիների համար,
Որովհետև քո տան նախանձախնդրությունը կերավ ինձ, և քեզ նախատինք տվողների նախատինքներն ընկան ինձ վրա։
Լաց եմ լինում, իմ անձը ծոմ է պահում, և դա նախատինք է լինում ինձ համար։
Ես իմ հանդերձանքը քուրձ դարձրի, առակ եմ դարձել նրանց համար.
Դռներին նստողներն ինձնից են զրույց անում. խմիչքներից հարբեցողների համար խաղք եմ դարձել։
Բայց ես աղոթք եմ անում, ո՜վ Տեր, ընդունելի ժամանակին, ո՜վ Աստված, քո առատ ողորմության համար լսի՛ր ինձ քո փրկության ճշմարտությամբ։
Հանի՛ր ինձ ցեխից, որ չթաղվեմ. թող որ փրկվեմ ինձ ատողներից և խոր ջրերից։
Թող ջրերի հորձանքը չհափշտակի ինձ, և անդունդն ինձ կուլ չտա, և հորն իր բերանը չփակի ինձ վրա։
Լսի՛ր ինձ, Տե՛ր, որովհետև բարի է քո քաղցրությունը. քո մեծ ողորմության համեմա՛տ նայիր ինձ վրա։
Քո երեսը մի՛ դարձրու քո ծառայից, որովհետև ես նեղության մեջ եմ, շուտ լսի՛ր ինձ։
Մոտեցի՛ր իմ անձին, փրկի՛ր նրան, ազատի՛ր ինձ իմ թշնամիների պատճառով։
Դու գիտես իմ նախատինքը, իմ ամոթն ու խայտառակությունը, քո առջև են բոլոր ինձ նեղողները։
Նախատինքը կոտրեց իմ սիրտը, և ես հիվանդ դարձա. սպասեցի ցավակցության, բայց չկար, մխիթարիչների, բայց չեմ գտնում։
Թույն են դնում կերակրիս մեջ և ծառայությանս մեջ քացախ են խմեցնում ինձ։
Թող նրանց սեղանն իրենց առջև որոգայթ դառնա, և հաջողության տեղ վարմ լինի։
Թող խավարեն նրանց աչքերը, որ չտեսնեն, և միշտ դողացրո՛ւ նրանց մեջքը։
Քո զարհուրանքը թափի՛ր նրանց վրա, և թող քո բարկության կրակը նրանց հասնի։
Թող ավերակ լինի նրանց բնակարանը, և բնակվող չլինի նրանց տներում։
Որովհետև ում դու զարկեցիր, հալածում են նրան, պատմում են և քեզնից խոցվածների ցավերի մասին։
Մե՛ղք դիր նրանց մեղքի վրա, որ չհասնեն քո արդարությանը։
Նրանք թող ջնջվեն Կենաց գրքից և չգրվեն արդարների հետ։
Բայց ես աղքատ եմ և ցավերով լի, ո՜վ Աստված, քո փրկությունը թող պաշտպանի ինձ։
Ես երգով պիտի գովեմ Աստծու անունը և գովաբանությամբ պիտի փառաբանեմ նրան։
Եվ սա ավելի հաճելի պիտի լինի Տիրոջը, քան եղջյուրավոր և կճղակավոր պարարտ եզը։
Խեղճերը պիտի տեսնեն և ուրախանան. ո՛վ Աստծուն խնդրողներ, ձեր սիրտն էլ պիտի կենդանանա,
Որովհետև Տերը լսում է խեղճերին և չի անարգում իր գերիներին։
Թող նրան գովեն երկինքն ու երկիրը, ծովերն ու նրանց մեջ բոլոր զեռուն արարածները։
Որովհետև Տերը պիտի փրկի Սիոնը և շինի Հուդայի քաղաքները, և պիտի բնակվեն այնտեղ ու ժառանգեն այն։
Եվ պիտի վայելեն այն ծառաների զավակները, և նրա մեջ պիտի բնակվեն նրա անունը սիրողները։