ՍԱՂՄՈՍՆԵՐ 69

69
Օգնության աղերս
Երգողների գլխավորին։ Շոշոնիմի վրա։ Դավթի սաղմոս։
1Ազատի՛ր ինձ, ո՜վ Աստված, որովհետև ջրերը մինչև իմ անձը հասան։
2Խրվեցի ցեխի մեջ, որ հատակ չունի, մտա ջրերի խոր տեղը, և հորձանքն ինձ կուլ է տալիս։
3Հոգնել եմ իմ աղաղակելուց, կոկորդս ցամաքեց, աչքերս նվաղեցին Աստծուն նայելուց։
4Ինձ զուր տեղն ատողները շատացան իմ գլխի մազերից. զորավոր են ինձ կորցնել ցանկացող թշնամիներս. այն, ինչ չեմ հափշտակել, պետք է վճարեմ։
5Ո՜վ Աստված, դու գիտես իմ հիմարությունը, և իմ հանցանքները ծածկված չեն քեզնից։
6Թող իմ պատճառով չամաչեն նրանք, ովքեր սպասում են քեզ, ո՜վ Տեր, Զորությունների՛ Տեր. թող իմ պատճառով ամոթահար չլինեն քեզ փնտրողները, ո՛վ Իսրայելի Աստված։
7Որովհետև ես քեզ համար համբերում եմ նախատինքին. ամոթը ծածկում է իմ երեսը։
8Օտար եղա իմ եղբայրներին և անծանոթ՝ իմ մոր որդիների համար,
9Որովհետև քո տան նախանձախնդրությունը կերավ ինձ, և քեզ նախատինք տվողների նախատինքներն ընկան ինձ վրա։
10Լաց եմ լինում, իմ անձը ծոմ է պահում, և դա նախատինք է լինում ինձ համար։
11Ես իմ հանդերձանքը քուրձ դարձրի, առակ եմ դարձել նրանց համար.
12Դռներին նստողներն ինձնից են զրույց անում. խմիչքներից հարբեցողների համար խաղք եմ դարձել։
13Բայց ես աղոթք եմ անում, ո՜վ Տեր, ընդունելի ժամանակին, ո՜վ Աստված, քո առատ ողորմության համար լսի՛ր ինձ քո փրկության ճշմարտությամբ։
14Հանի՛ր ինձ ցեխից, որ չթաղվեմ. թող որ փրկվեմ ինձ ատողներից և խոր ջրերից։
15Թող ջրերի հորձանքը չհափշտակի ինձ, և անդունդն ինձ կուլ չտա, և հորն իր բերանը չփակի ինձ վրա։
16Լսի՛ր ինձ, Տե՛ր, որովհետև բարի է քո քաղցրությունը. քո մեծ ողորմության համեմա՛տ նայիր ինձ վրա։
17Քո երեսը մի՛ դարձրու քո ծառայից, որովհետև ես նեղության մեջ եմ, շուտ լսի՛ր ինձ։
18Մոտեցի՛ր իմ անձին, փրկի՛ր նրան, ազատի՛ր ինձ իմ թշնամիների պատճառով։
19Դու գիտես իմ նախատինքը, իմ ամոթն ու խայտառակությունը, քո առջև են բոլոր ինձ նեղողները։
20Նախատինքը կոտրեց իմ սիրտը, և ես հիվանդ դարձա. սպասեցի ցավակցության, բայց չկար, մխիթարիչների, բայց չեմ գտնում։
21Թույն են դնում կերակրիս մեջ և ծառայությանս մեջ քացախ են խմեցնում ինձ։
22Թող նրանց սեղանն իրենց առջև որոգայթ դառնա, և հաջողության տեղ վարմ լինի։
23Թող խավարեն նրանց աչքերը, որ չտեսնեն, և միշտ դողացրո՛ւ նրանց մեջքը։
24Քո զարհուրանքը թափի՛ր նրանց վրա, և թող քո բարկության կրակը նրանց հասնի։
25Թող ավերակ լինի նրանց բնակարանը, և բնակվող չլինի նրանց տներում։
26Որովհետև ում դու զարկեցիր, հալածում են նրան, պատմում են և քեզնից խոցվածների ցավերի մասին։
27Մե՛ղք դիր նրանց մեղքի վրա, որ չհասնեն քո արդարությանը։
28Նրանք թող ջնջվեն Կենաց գրքից և չգրվեն արդարների հետ։
29Բայց ես աղքատ եմ և ցավերով լի, ո՜վ Աստված, քո փրկությունը թող պաշտպանի ինձ։
30Ես երգով պիտի գովեմ Աստծու անունը և գովաբանությամբ պիտի փառաբանեմ նրան։
31Եվ սա ավելի հաճելի պիտի լինի Տիրոջը, քան եղջյուրավոր և կճղակավոր պարարտ եզը։
32Խեղճերը պիտի տեսնեն և ուրախանան. ո՛վ Աստծուն խնդրողներ, ձեր սիրտն էլ պիտի կենդանանա,
33Որովհետև Տերը լսում է խեղճերին և չի անարգում իր գերիներին։
34Թող նրան գովեն երկինքն ու երկիրը, ծովերն ու նրանց մեջ բոլոր զեռուն արարածները։
35Որովհետև Տերը պիտի փրկի Սիոնը և շինի Հուդայի քաղաքները, և պիտի բնակվեն այնտեղ ու ժառանգեն այն։
36Եվ պիտի վայելեն այն ծառաների զավակները, և նրա մեջ պիտի բնակվեն նրա անունը սիրողները։

Արդեն Ընտրված.

ՍԱՂՄՈՍՆԵՐ 69: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք