ՍԱՂՄՈՍՆԵՐ 68
68
Հաղթանակի ազգային երգ
Երգողների գլխավորին։ Դավթի սաղմոս. երգ։
1Թող Աստված վեր կենա, նրա թշնամիները ցրվեն, և նրան ատողները փախչեն իր առջևից։
2Ինչպես ոչնչանում է ծուխը, ոչնչացրո՛ւ նրանց. ինչպես հալվում է մոմը կրակի առջև, այդպես թող ամբարիշտները կորչեն Աստծու առջևից։
3Բայց արդարները պիտի ուրախանան և ցնծան, պիտի զվարճանան իրենց ուրախությամբ։
4Երգե՛ք Աստծուն, սաղմո՛ս ասացեք նրա անվանը, անապատի միջով հեծյալ եկողին ճանապա՛րհ պատրաստեցեք. Եահ է նրա անունը. ցնծացե՛ք նրա առջև։
5Որբերի հայր և որբևայրիների դատավոր է Աստված իր սուրբ բնակարանում։
6Աստված միայնակներին բնակեցնում է տան մեջ, գերիներին հանում է հաջողության մեջ, բայց ապստամբները բնակվում են չոր տեղում։
7Ո՜վ Աստված, երբ դու քո ժողովրդի առջևից գնում էիր, անապատի միջով անցնելիս (Սելա)։
8Երկիրը դողաց, և երկինքը շաղ տեղաց Աստծու երեսից. Սինա սարն էլ ցնցվեց Աստծու՝ Իսրայելի Աստծու երեսից։
9Առատության անձրև տեղացիր, ո՜վ Աստված. քո ժառանգությունը, որ հոգնած էր, դու զորացրիր։
10Քո ժողովուրդը բնակվեց այնտեղ. քո քաղցրությամբ կերակուր պատրաստեցիր խեղճի համար, ո՜վ Աստված։
11Տերը տալիս է իր խոսքը. ավետող մարդիկ մեծ բազմություն են։
12Զորքերի թագավորները պիտի փախչեն փախեփախ, տան մեջ բնակվող կինը պիտի բաժանի ավարը։
13Երբ հանգստանում եք մակաղատեղերում, աղավնու թևերը փայլում են արծաթով պատած, և նրանց փետուրները՝ դեղին ոսկով։
14Երբ Ամենակարողն այդ երկրում թագավորներին ցրեց, երկիրը ճերմակափայլ դարձավ, ինչպես ձյունը Սաղմոնում։
15Ո՛վ Աստծու սար, Բասա՛ն, ո՛վ բարձր և պարարտ լեռ.
16Ո՛վ բարձր լեռներ, ինչո՞ւ եք նախանձով նայում. սա այն լեռն է, որին հավանեց Աստված՝ նրա վրա բնակվելու համար. Տերը պիտի հավիտյան բնակվի նրա վրա։
17Աստծու կառքերը երկու բյուր են, հազարապատիկ. Տերը նրանց մեջ է, Սինայում՝ իր սուրբ վայրում։
18Վեր ելար բարձր տեղերը, գերեվարեցիր գերությունը, պարգևներ առար մարդկանց համար և ապստամբների համար էլ, որ Աստված նրանց մեջ էլ բնակվի։
19Օրհնյալ է Տերը օր օրի. եթե մեզ վրա բեռ դնելու լինեն, Աստված է մեր փրկությունը։ (Սելա)։
20Աստված փրկության Աստված է մեզ համար, և Տեր Աստված ազատում է մահվանից։
21Սակայն Աստված պիտի փշրի իր թշնամիների գլուխը և նրանց մազոտ գագաթը, ովքեր գնում են իրենց անօրենությունների մեջ։
22Տերն ասաց. «Նրանց պիտի ետ դարձնեմ Բասանից, պիտի ետ դարձնեմ ծովի անդունդից։
23Որ քո ոտքը թրջես արյունով, և քո շների լեզուն իր բաժինն առնի թշնամիներից»։
24Տեսան քո երթը, ո՜վ Աստված, իմ Աստծու՝ իմ Թագավորի երթը սրբարանի մեջ։
25Նախ երգողները գնացին, հետո նվագածուները՝ թմբկահար կույս աղջիկների մեջտեղը։
26Օրհնեցե՛ք Տեր Աստծուն ժողովուրդների մեջ, դուք, որ Իսրայելի աղբյուրից եք։
27Այնտեղ են փոքր Բենիամինը՝ նրանց տիրակալը, Հուդայի իշխանները՝ իրենց խմբով, Զաբուղոնի իշխանները, Նեփթաղիմի իշխանները։
28Քո Աստվածը հաստատեց քո զորությունը. զորացրո՛ւ այն, ո՜վ Աստված, ինչ արեցիր մեզ համար։
29Երուսաղեմում քո տաճարի համար թագավորներն ընծա պիտի բերեն քեզ։
30Սաստի՛ր եղեգների գազանին, ցլերի բազմությունը՝ ազգերի երինջների հետ, որպեսզի ընկնեն երեսների վրա արծաթի կտորներով. ցրի՛ր այն ազգերին, որոնք կռիվ են կամենում։
31Իշխաններ պիտի գան Եգիպտոսից, եթովպացիները պիտի իրենց ձեռքերը մեկնեն Աստծուն։
32Ո՛վ երկրի թագավորություններ, երգեցե՛ք Աստծուն, սաղմո՛ս ասացեք Տիրոջը. (Սելա)։
33Նրան, որ հավիտյան նստում է երկինքների երկնքի վրա. ահա իր զորավոր ձայնով նա պիտի ձայն տա։
34Ճանաչե՛ք Աստծու զորությունը. նրա փառքը Իսրայելի վրա է, և ամպերի մեջ է նրա զորությունը։
35Զարմանալի ես քո սրբարանում, ո՜վ Աստված, Իսրայելի՛ Աստված. նա զորություն և կարողություն է տալիս ժողովրդին. օրհնյա՜լ է Աստված։
Արդեն Ընտրված.
ՍԱՂՄՈՍՆԵՐ 68: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018