ՍԱՂՄՈՍՆԵՐ 66:1-20

ՍԱՂՄՈՍՆԵՐ 66:1-20 ՆՎԱԱ

Ցնծությամբ աղաղակե՛ք Աստծուն, ո՛վ բոլոր երկրներ։ Սաղմո՛ս ասացեք նրա անվան փառքին, փառավո՛ր արեք նրա գովությունը։ Ասացե՛ք Աստծուն. «Ի՜նչ զարմանալի են քո գործերը. քո մեծ զորության համար քո թշնամիները պիտի շողոքորթեն քեզ։ Ամեն երկիր պիտի երկրպագի քեզ և սաղմոս ասի քեզ, սաղմոս պիտի ասի քո անվանը»։ (Սելա)։ Եկե՛ք և տեսե՛ք Աստծու գործերը. նա իր գործերով ահեղ է մարդկանց որդիների համար։ Ծովը ցամաքի փոխեց, գետի միջով մարդիկ անցան ոտքով. այնտեղ էլ մենք ուրախ եղանք նրանով։ Նա իր ուժով տիրում է հավիտյան, նրա աչքերը նայում են հեթանոսներին. ապստամբները թող չբարձրանան։ (Սելա)։ Ո՛վ ժողովուրդներ, օրհնե՛ք մեր Աստծուն և լսե՛լ տվեք նրա գովության ձայնը։ Նա մեր անձը պահում է կյանքի մեջ և չի թողնում, որ մեր ոտքերը սասանվեն։ Որովհետև դու քննեցիր մեզ, ո՜վ Աստված, փորձեցիր մեզ, ինչպես արծաթն է փորձվում։ Դու որոգայթի մեջ մտցրիր մեզ, ծանր բեռ դրեցիր մեր մեջքին, Մեր գլխի վրա մարդիկ նստեցրիր, կրակի ու ջրի մեջ մտանք, բայց դու մեզ առատության տեղ հանեցիր։ Ես ողջակեզներով պիտի մտնեմ քո տունը, պիտի հատուցեմ քեզ իմ ուխտերը, Որոնք խոստացան իմ շրթունքները, և իմ բերանը խոսեց իմ նեղության ժամանակ։ Պարարտ ողջակեզներ պիտի մատուցեմ քեզ՝ խոյերի զոհման բուրմունքով, ցլեր պիտի զոհեմ քեզ՝ նոխազների հետ։ (Սելա)։ Եկե՛ք ու լսե՛ք բոլորդ, որ վախենում եք Աստծուց, որ ձեզ պատմեմ, թե նա ինչ արեց իմ անձի համար։ Ես իմ բերանով կանչեցի նրան, և փառաբանություն կար իմ լեզվի տակ։ Եթե ես անօրենություն տեսնեի իմ սրտի մեջ, Տերը չէր լսի ինձ։ Սակայն Աստված լսեց և ականջ դրեց իմ աղոթքի ձայնին։ Օրհնյա՜լ է Աստված, որ չմերժեց իմ աղոթքը և իր ողորմությունը չհեռացրեց ինձնից։