ՍԱՂՄՈՍՆԵՐ 56

56
Վստահություն Աստծուն
Երգողների գլխավորին։ Հեռվում եղած համր աղավնու եղանակով։ Դավթի երգ. երբ փղշտացիները նրան բռնեցին Գեթում։
1Ո՜վ Աստված, ողորմի՛ր ինձ, որովհետև մարդն ուզում է կուլ տալ ինձ. ամեն օր պատերազմելով՝ նեղում է ինձ։
2Թշնամիներս ամեն օր կամենում են կուլ տալ ինձ, որովհետև շատ են իմ դեմ ամբաստանությամբ կռիվ անողները։
3Որ օրը որ վախենամ, հույսս քեզ վրա պիտի դնեմ։
4Աստծով պիտի գովեմ իր խոսքը. Աստծու վրա եմ հույսս դրել, չպիտի վախենամ. ի՞նչ կարող է անել ինձ մարմինը։
5Ամեն օր ծռում են իմ խոսքերը. իմ մասին նրանց բոլոր խորհուրդները չարության համար են։
6Նրանք հավաքվում են ու թաքնվում. նայում են իմ ոտքերի հետքերին, որովհետև սպասում են իմ անձին։
7Մի՞թե անօրենությամբ փրկություն կլինի նրանց համար. բարկությամբ տապալի՛ր նրանց, ո՜վ Աստված։
8Իմ թափառելը դու համրում ես. իմ արտասուքները դի՛ր քո տիկի մեջ. ահա նրանք քո գրքի մեջ են։
9Այն օրը, երբ կանչեմ քեզ, իմ թշնամիները հետ կդառնան. ես գիտեմ այս, որ դու իմ Աստվածն ես։
10Աստծով պիտի գովեմ իր խոսքը. Տիրոջով պիտի գովեմ իր խոսքը։
11Ես հույսս դրել եմ Աստծու վրա. չեմ վախենա. ի՞նչ կարող է անել ինձ մարդը։
12Ո՜վ Աստված, քո ուխտերն ինձ վրա են. գոհության ընծաներ պիտի մատուցեմ քեզ,
13Որովհետև դու իմ անձը փրկեցիր մահից, այո՛, ոտքերս՝ գայթակղությունից, որ Աստծու առաջ ման գամ ողջերի լույսի մեջ։

Արդեն Ընտրված.

ՍԱՂՄՈՍՆԵՐ 56: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք