ՍԱՂՄՈՍՆԵՐ 31

31
Աստծու հանդեպ վստահության աղոթք
Երգողների գլխավորին։ Դավթի սաղմոս։
1Ո՜վ Տեր, ես քեզ եմ ապավինել, թող որ չամաչեմ հավիտյան. քո արդարությամբ ազատի՛ր ինձ։
2Ականջդ դեպի ի՛նձ խոնարհիր, շուտով ազատի՛ր ինձ. զորավոր վե՛մ եղիր ինձ համար և ամուր տուն, որ փրկես ինձ,
3Որովհետև դու ես իմ վեմը և ամրոցը. քո անվան համար առաջնորդի՛ր ինձ և հովանի՛ եղիր ինձ։
4Հանի՛ր ինձ որոգայթից, որ գաղտնի լարեցին ինձ համար, քանզի դու ես իմ ապաստանը։
5Քո ձեռքն եմ հանձնում իմ հոգին. դու փրկեցիր ինձ, ո՛վ Տեր, ճշմարի՛տ Աստված։
6Ատում եմ նրանց, որ ունայն կուռքեր են պաշտում, բայց ես Տիրոջը հուսացի։
7Պիտի ցնծամ և ուրախանամ քո ողորմությամբ, որովհետև տեսար իմ տառապանքը և իմ անձի նեղությունը ճանաչեցիր։
8Ինձ չմատնեցիր թշնամու ձեռքը, այլ իմ ոտքերը կանգնեցրիր լայնարձակ տեղ։
9Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, որովհետև նեղության մեջ եմ. տրտմությամբ մաշվեցին իմ աչքը, իմ անձը և իմ մարմինը։
10Որովհետև իմ կյանքը վերջացավ վշտով, և տարիներս՝ հառաչանքով. իմ զորությունը տկարացավ իմ թշվառությամբ, և մաշվեցին իմ ոսկորները։
11Իմ բոլոր թշնամիների առաջ նախատվեցի, մանավանդ իմ դրացիների առաջ. ահ ու վախ եղա իմ բարեկամների համար. փողոցներում ինձ տեսնողները փախչում են ինձնից։
12Սրտերից մոռացված եղա մեռածի պես. դարձել եմ կոտրած ամանի նման։
13Որովհետև շատերի բամբասանքը լսեցի. ահ կա իմ չորս կողմը. երբ հավաքվում են իրար հետ, խորհուրդ են անում իմ դեմ, որ հոգիս առնեն։
14Բայց ես հույսս դրել եմ քեզ վրա, ո՜վ Տեր. ասում եմ. «Դու ես իմ Աստվածը»։
15Իմ ժամանակը քո ձեռքին է. ազատի՛ր ինձ իմ թշնամիների ձեռքից և ինձ հալածողներից։
16Փայլեցրո՛ւ երեսդ քո ծառայի վրա. փրկի՛ր ինձ քո ողորմությամբ։
17Տե՛ր, թող չամաչեմ, որովհետև քեզ եմ կանչում. թող ամաչեն ամբարիշտները և լռեն գերեզմանում,
18Թող պապանձվեն սուտ շրթունքները, որոնք արդարի դեմ անամոթություն են խոսում գոռոզությամբ և անարգանքով։
19Որքա՜ն մեծ է քո բարությունը, որ պահեցիր քեզնից երկյուղածների համար և անում ես նրանց համար, որոնք հուսացել են քեզ մարդկանց որդիների առջև։
20Քո երեսի ծածկույթով ծածկում ես նրանց մարդկանց դավաճանությունից, թաքցնում ես քո պատսպարանի մեջ՝ լեզուների հակառակությունից։
21Օրհնյա՜լ է Տերը, որ իր հրաշալի ողորմությունը ցույց տվեց ինձ մի ամուր քաղաքի մեջ։
22Իսկ ես իմ շփոթության մեջ ասացի. «Ես դեն գցվեցի քո աչքի առաջից». բայց երբ ես օգնության աղաղակ բարձրացրի քեզ, դարձյալ լսեցիր աղերսանքիս ձայնը։
23Սիրեցե՛ք Տիրոջը, ո՛վ նրա բոլոր հավատարիմներ. Տերը պահում է հավատացյալներին և ավելին է հատուցում նրան, ով ամբարտավանություն է գործում։
24Քա՛ջ եղեք, և թող զորանան ձեր սրտերը, դուք բոլորդ, որ հույս եք դրել Տիրոջ վրա։

Արդեն Ընտրված.

ՍԱՂՄՈՍՆԵՐ 31: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք