ՍԱՂՄՈՍՆԵՐ 106:1-15

ՍԱՂՄՈՍՆԵՐ 106:1-15 ՆՎԱԱ

Ալելուիա՜։ Գոհացե՛ք Տիրոջից, որ բարի է, որ հավիտյան է նրա ողորմությունը։ Ո՞վ պիտի պատմի Տիրոջ զորությունը, ո՞վ պիտի իմացնի նրա ամբողջ գովասանքը։ Երանի՜ իրավունքը պահողներին և ամեն ժամանակ արդարություն անողներին։ Հիշի՛ր ինձ, Տե՛ր, քո ժողովրդի նկատմամբ ունեցած հաճությանդ համեմատ, այցելի՛ր ինձ քո փրկությամբ։ Որ տեսնեմ քո ընտրյալների հաջողությունը, ուրախանամ քո ազգի ուրախությամբ, պարծենամ քո ժառանգությամբ։ Մենք մեղանչեցինք մեր հայրերի հետ, անօրենություն արեցինք և ամբարշտություն գործեցինք։ Մեր հայրերը Եգիպտոսում չհասկացան քո հրաշքները, չհիշեցին քո մեծ ողորմությունը և քեզ հակառակվեցին ծովի մոտ՝ Կարմիր ծովի մոտ։ Բայց նա փրկեց նրանց իր անվան համար, որպեսզի հասկացնի իր զորությունը։ Սաստեց Կարմիր ծովին, և նա ցամաքեց, ու նրանց անցնել տվեց անդունդի միջով, ինչպես անապատով։ Նրանց փրկեց ատողի ձեռքից և թշնամու ձեռքից ազատեց նրանց։ Ջրերը ծածկեցին նրանց հալածողներին, և նրանցից ոչ մեկն էլ չմնաց։ Հավատացին նրա խոսքերին և օրհնեցին նրա օրհնությունը։ Բայց շուտով մոռացան նրա գործերը և չսպասեցին նրա խորհուրդներին։ Անապատի մեջ բորբոքվեցին ցանկությամբ և Աստծուն փորձեցին անջուր տեղում։ Նա իրենց ուզածը տվեց նրանց և ուժաթափություն ուղարկեց նրանց անձերին։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում