ԱՌԱԿՆԵՐ 21

21
1Թագավորի սիրտը Տիրոջ ձեռքին ջրի վտակների նման է. որ կողմն էլ ուզենա, կդարձնի։
2Մարդու ամեն մի ճանապարհն ուղիղ է իր աչքին, բայց սրտեր կշռողը Տերն է։
3Արդարություն և իրավունք գործելը Տիրոջն ավելի նախընտրելի է, քան թե զոհը։
4Ամբարտավան աչքերը և գոռոզ սիրտը՝ անիրավների լապտերը, մեղք են։
5Աշխատասերի մտադրություններն իրապես դեպի առատություն են տանում, բայց ամեն շտապող միայն դեպի կարիք է հասնում։
6Ստախոս լեզվով գանձեր վաստակելը վաղանցուկ գոլորշի է և ունայնությունն է։
7Անիրավների բռնությունն իրենց պիտի սրբի տանի, որովհետև մերժում են իրավունքը գործադրել։
8Հանցավոր մարդու ճանապարհը ծուռումուռ է, բայց անբասիր մարդու արարքն ուղիղ է։
9Լավ է կտուրի մի անկյունում բնակվել, քան թե մեծ տուն կիսել կռվասեր կնոջ հետ։
10Անիրավի հոգին չարություն է ցանկանում. նրա ընկերը նրա աչքում ողորմություն չի գտնելու։
11Երբ ծաղրողը պատժվում է, միամիտն իմաստնանում է, և երբ իմաստունը կրթվում է, գիտություն է ստանում։
12Արդար Աստվածը#21.12 Կարող է ակնարկել նաև արդար և ուշիմ մարդուն։ ուշադիր նայում է անիրավի տանը. նա անիրավներին տապալում է չարության համար։
13Ով որ աղքատի աղաղակի դեմ խցկի իր ականջը, ինքն էլ կկանչի և պատասխանող չի գտնի։
14Գաղտնի ընծան հանգցնում է բարկությունը, իսկ ծոցում թաքցրած կաշառքը՝ սաստիկ ցասումը։
15Իրավունքը գործադրելն արդարի համար ուրախություն է, բայց չարագործների համար ահ է։
16Ուշիմության ճանապարհից խոտորողն ուրվականների հավաքի մեջ կհանգրվանի։
17Կարիքի մեջ կընկնի այն մարդը, որ հաճույք է սիրում, գինի և յուղ սիրողը չի հարստանա։
18Արդարի համար անիրավը փրկանք կդառնա, անհավատարիմը՝ ուղղամիտների համար։
19Լավ է բնակվել ամայի երկրում, քան թե կռվասեր և զայրացկոտ կնոջ հետ։
20Իմաստունի բնակարանում ցանկալի գանձ և յուղ կգտնվի, բայց անմիտը կուլ կտա այն։
21Արդարության և ողորմածության հետևողը կյանք, արդարություն և փառք կգտնի։
22Իմաստունը զորավորների քաղաքը կբարձրանա և կկործանի նրանց ապավինած ամրությունը։
23Ով պահում է իր բերանն ու լեզուն, իր հոգին պահում է նեղություններից։
24Ամբարտավան գոռոզը, որը լկտիաբար մեծամտանում է, Ծաղրող է կոչվում։
25Ծույլի ցանկությունը սպանում է նրան, որովհետև նրա ձեռքերը մերժում են աշխատել։
26Նա ամեն օր սաստիկ ցանկալով ցանկանում է, իսկ արդարը տալիս է և չի խնայում։
27Անիրավների զոհը զզվելի է, մանավանդ երբ չար մտադրությամբ են մատուցում։
28Ստախոս վկան պիտի կորչի, բայց նա, որ ճշմարտությունը լսում է, միշտ կխոսի։
29Անիրավ մարդը անամոթ դեմք ունի, բայց նա, որ ուղղամիտ է, քննում է իր ճանապարհը։
30Տիրոջ դեմ իմաստություն չկա, խոհեմություն չկա, խորհուրդ չկա։
31Պատերազմի օրվա համար ձիուն են պատրաստում, բայց հաղթանակը Տիրոջից է։

Արդեն Ընտրված.

ԱՌԱԿՆԵՐ 21: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք