ԱՌԱԿՆԵՐ 11:1-11

ԱՌԱԿՆԵՐ 11:1-11 ՆՎԱԱ

Խարդախ կշեռքը զզվելի է Տիրոջ համար, իսկ ուղիղ կշռաքարը նրան հաճելի է։ Երբ ամբարտավանությունը գա, անարգանքը ևս կգա, բայց իմաստությունը խոնարհների հետ է։ Ուղղամիտների պարկեշտությունը կառաջնորդի նրանց, իսկ անհավատարիմների նենգությունը կոչնչացնի նրանց։ Ցասման օրը հարստությունից օգուտ չկա, բայց արդարությունը կազատի մահից։ Պարկեշտների արդարությունը կուղղի նրանց ճանապարհը, բայց անիրավը կընկնի իր անիրավությամբ։ Ուղղամիտների արդարությունը նրանց կազատի, բայց անհավատարիմները ցանկության մեջ կբռնվեն։ Երբ անիրավը մեռնի, նրա հույսը կվերանա, և անօրենների ակնկալությունը կկորչի։ Արդարը կազատվի տագնապից, և անիրավը նրա տեղը կգնա։ Անհավատն իր բերանով կկորցնի իր հարևանին, բայց արդարները գիտությամբ կազատվեն։ Արդարների հաջողակությամբ քաղաքը կհրճվի, իսկ անիրավների կորստի ժամանակ ցնծության ձայն կլինի։ Ուղղամիտների օրհնությամբ քաղաքը կբարձրանա, բայց անիրավների բերանով կկործանվի։