Փիլիպպեցիներին 3

3
Փրկության ճշմարիտ ճանապարհը
1Այսուհետև, իմ եղբայրնե՛ր, Տիրոջով ուրա՛խ եղեք։ Միևնույն բաները ձեզ գրելն ինձ համար ձանձրույթ չէ, բայց ձեզ համար ապահովություն է։ 2Զգուշացե՛ք շներից, զգուշացե՛ք չար մշակներից, զգուշացե՛ք թլփատությունից, 3որովհետև թլփատությունը մենք ենք, որ հոգով պաշտում ենք Աստծուն և պարծենում ենք Հիսուս Քրիստոսով ու մարմնի վրա վստահություն չունենք։ 4Թեև ես մարմնի վրա նույնպես վստահություն ունեմ. եթե մեկ ուրիշը կարծի, թե կարող է մարմնին վստահել, ես՝ առավել ևս։ 5Լինելով ութերորդ օրը թլփատված, Իսրայելի ազգից, Բենիամինի ցեղից, եբրայեցի ծնողներից եբրայեցի, ըստ օրենքի փարիսեցի՝ 6նախանձախնդրությամբ հալածում էի եկեղեցին. ինչ վերաբերում է արդարությանը, որ բխում է օրենքից, անարատ էի։ 7Բայց այն, ինչ ինձ օգուտ էր, Քրիստոսի համար վնաս համարեցի։ 8Եվ ամեն ինչն էլ վնաս եմ համարում իմ Տեր Հիսուս Քրիստոսին գերազանց ճանաչելու համեմատ։ Նրա համար զրկվեցի ամեն ինչից, որ աղբ եմ համարում, որպեսզի Քրիստոսին շահեմ 9և նրա մեջ գտնվեմ ու ոչ թե իմ արդարությունն ունենամ, որ օրենքից է, այլ այն, որ Քրիստոսի հավատից է, այն արդարությունը, որ Աստծուց է հավատով, 10որպեսզի ճանաչեմ նրան և նրա հարության զորությունը, մասնակից լինեմ նրա չարչարանքին, կերպարանակից՝ նրա մահվանը, 11որպեսզի մեռելներից հարություն առնելուն հասնեմ։
Առաջ դեպի նպատակակետը
12Ոչ թե արդեն հասել եմ կամ թե արդեն կատարյալ եմ, այլ ձգտում եմ, որ թերևս հասնեմ նրան, ինչով Քրիստոս Հիսուսի կողմից բռնվեցի։ 13Եղբայրնե՛ր, ես ինձ չեմ համարում, որ հասել եմ, բայց մի բան կա. հետևում թողածը մոռանալով՝ դեպի առջևում եղածներն եմ ձգտում։ 14Հետևում եմ նպատակակետին՝ Հիսուս Քրիստոսով դեպի վեր՝ երկինք՝ Աստծու կողմից կոչվելու մրցանակին։ 15Արդ ովքեր կատարյալ են, թող նույնը մտածեն, և եթե մի բան ուրիշ կերպ մտածեն, Աստված դրա մասին էլ կհայտնի։ 16Միայն թե ինչի որ հասանք, նույն կանոնով ապրենք։ 17Ի՛նձ նմանվեք, եղբայրնե՛ր, և նայե՛ք նրանց, ովքեր մեր իսկ օրինակով են ընթանում։ 18Որովհետև շատերը, որոնց մասին շատ անգամներ ասում էի ձեզ և հիմա էլ լալով եմ ասում, ընթանում են որպես Քրիստոսի խաչի թշնամիներ։ 19Նրանց վախճանը կորուստ է։ Նրանց Աստվածն իրենց որովայնն է, և փառքը՝ իրենց ամոթը. նրանք երկրային բաներն են մտածում։ 20Բայց մեր բնակությունը երկնքում է, այնտեղից էլ սպասում ենք Փրկչին՝ Տեր Հիսուս Քրիստոսին, 21որը մեր խոնարհ մարմինը պիտի նորոգի և իր փառավոր մարմնին կերպարանակից դարձնի այն զորությամբ, որ ամեն ինչ հնազանդեցնում է իրեն։

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք