Փիլիպպեցիներին 2:19-30

Փիլիպպեցիներին 2:19-30 ՆՎԱԱ

Բայց Տեր Հիսուսով հույս ունեմ, որ Տիմոթեոսին շուտով ձեզ մոտ կուղարկեմ, որպեսզի սիրտս էլ հանգստանա, երբ ձեր մասին տեղեկանամ. որովհետև սրտակից մեկը չունեմ, որ ձեր մասին մտերմաբար հոգ տանի, քանի որ բոլորն իրենց շահն են որոնում և ոչ թե Հիսուս Քրիստոսինը։ Բայց դուք գիտեք նրա արժանի լինելը, որովհետև ինչպես որդին իր հորը, այնպես էլ նա ինձ հետ Ավետարանին ծառայեց։ Արդ հույս ունեմ նրան իսկույն ուղարկելու, հենց իմանամ, թե գործերս ինչպես են լինելու։ Բայց Տիրոջով վստահ եմ, որ ինքս էլ շուտով կգամ։ Հարկ համարեցի ձեզ մոտ ուղարկել Եպափրոդիտոս եղբորը՝ իմ գործակցին ու զինակցին, որին ուղարկեցիք կարիքներս հոգալու համար, որովհետև նա էլ ձեզ բոլորիդ տեսնելու խիստ փափագ ուներ և մտահոգված էր, որ լսել էիք, թե ինքը հիվանդացել է։ Եվ հիրավի մերձիմահ հիվանդացավ, բայց Աստված ողորմեց նրան. և ոչ միայն նրան, այլ ինձ էլ, որպեսզի տրտմության վրա տրտմություն չունենամ։ Ուրեմն նրան ավելի շտապ ուղարկեցի, որպեսզի դարձյալ տեսնելով՝ ավելի ուրախ լինեք, և ես էլ անտրտում լինեմ։ Արդ նրան Տիրոջով ամենայն ուրախությա՛մբ ընդունեք և այդպիսիներին պատվե՛ք, որովհետև Քրիստոսի գործի համար մահվան շեմին հասավ՝ կյանքը վտանգելով, որպեսզի ձեր պակասը լրացնի ինձ ծառայելու հարցում։