Փիլիպպեցիներին 2:1-18

Փիլիպպեցիներին 2:1-18 ՆՎԱԱ

Արդ եթե կա Քրիստոսով մխիթարություն, սիրո սփոփանք, Հոգու հաղորդություն, գթություն և ողորմություն, ապա լիարժե՛ք դարձրեք իմ ուրախությունը՝ համերաշխ լինելով, նույն սերն ունենալով, միաշունչ, միախորհուրդ լինելով։ Ոչինչ մի՛ արեք հակառակությամբ և ոչ էլ սնապարծությամբ, այլ խոնարհությամբ մեկը մյուսին թող իր անձից ավելի լավ համարի։ Միայն ինքներդ ձեր շահերը մի՛ փնտրեք, այլ ամեն մեկն իր ընկերոջինը ևս։ Թող ձեր մեջ լինի այն խոհեմությունը, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր, որ Աստծու բնությունն ունենալով՝ Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ ինքն իրեն ունայնացրեց և ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով ու կերպարանքով մարդու պես հայտնվելով՝ ինքն իրեն խոնարհեցրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ՝ խաչի մահ։ Դրա համար էլ Աստված առավել բարձրացրեց նրան և մի անուն շնորհեց նրան, որ ամեն անունից ավելի բարձր է, որպեսզի Հիսուսի անվանը ծալվի երկնավորների, երկրայինների և երկրի տակ եղողների ամեն ծունկ, և ամեն լեզու խոստովանի, որ Հիսուս Քրիստոսը Տեր է Հոր Աստծու փառքի համար։ Ուրեմն, իմ սիրելինե՛ր, ինչպես որ ամեն ժամ հնազանդվեցիք, ոչ միայն իմ ներկայության ժամանակ, առավել ևս հիմա՝ իմ բացակայության ժամանակ, ահով ու դողո՛վ գործեք ձեր անձերի փրկության համար։ Որովհետև Աստված է, որ ձեր մեջ ներգործում է կամենալն ու կատարելն ըստ իր բարեհաճ ծրագրի։ Ամեն բան առանց տրտունջի և վիճաբանությա՛ն արեք, որպեսզի անարատ Աստծու անբիծ և անմեղ զավակները լինեք այն կամակոր և խոտոր սերնդի մեջ, որի մեջ պիտի երևաք որպես աշխարհում լույս տվողներ՝ կյանքի խոսքը պահելով, որպեսզի Քրիստոսի օրն ինձ համար պարծենալու բան լինի, թե զուր տեղը չվազեցի և զուր չաշխատեցի։ Բայց եթե անգամ որպես զոհ ընծայաբերվեմ ձեր հավատի համար, ուրախ եմ ու ձեզ բոլորիդ ուրախակից։ Այդպես էլ դո՛ւք ուրախ եղեք ու ինձ ուրախակի՛ց եղեք։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում