ԹՎԵՐ 9
9
Երկրորդ Զատիկը
1Տերը խոսեց Մովսեսի հետ Սինայի անապատում, Եգիպտոսի երկրից նրանց դուրս գալու երկրորդ տարվա առաջին ամսին և ասաց. 2«Իսրայելի որդիները զատիկը թող անեն որոշված ժամանակին։ 3Այն արե՛ք իր որոշված ժամանակին՝ այս ամսի տասնչորսերորդ օրը՝ երեկոյան դեմ. արե՛ք նրա բոլոր կանոնների և նրա բոլոր կարգադրությունների համաձայն»։ 4Եվ Մովսեսը խոսեց Իսրայելի որդիների հետ, որպեսզի կատարեն զատիկը։ 5Նրանք զատիկն արեցին առաջին ամսի տասնչորսերորդ օրը՝ երեկոյան դեմ, Սինայի անապատում, ամեն ինչ այնպես, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Իսրայելի որդիներն այդպես էլ արեցին։
6Կային ոմանք, որոնք, մեռած մարդու դիակից պղծված լինելով, չկարողացան զատիկը կատարել այդ օրը։ Նրանք նույն օրը եկան Մովսեսի ու Ահարոնի մոտ, 7և այդ մարդիկ ասացին նրան. «Մենք մեռած մարդու դիակից պղծված ենք. ինչո՞ւ պիտի զրկվենք որոշված ժամանակին Տիրոջը զոհ մատուցելուց Իսրայելի որդիների մեջ»։ 8Մովսեսն ասաց նրանց. «Սպասե՛ք. թողե՛ք իմանամ, թե Տերն ինչ կպատվիրի ձեր մասին»։
9Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 10«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Եթե ձեզանից կամ ձեր սերնդից մեկը մեռած մարմնի դիպչելով պղծվի և կամ հեռավոր ճանապարհորդության մեջ լինի, նա զատիկը կկատարի Տիրոջ համար։ 11Երկրորդ ամսի տասնչորսերորդ օրը՝ երեկոյան դեմ, թող կատարեն այն. բաղարջ հացով և դառը խոտերով ուտեն այն։ 12Մինչև առավոտ դրանից ոչ մի բան չթողնեն և դրա ոչ մի ոսկորը չջարդեն։ Զատկի բոլոր կանոնների համաձայն կատարեն այն։ 13Բայց եթե մաքուր եղող և ճանապարհորդության մեջ չգտնվող մեկը խուսափի զատիկը կատարելուց, նա պետք է վերանա իր ժողովրդի միջից, քանի որ նա Տիրոջ զոհը որոշված ժամանակին չի մատուցել։ Այդ մարդը թող կրի իր մեղքի հետևանքը։ 14Եթե մի օտարական պանդխտանա ձեր մեջ և ուզենա կատարել Տիրոջ զատիկը, ապա այն թող կատարի զատկի կանոնների և կարգադրությունների համաձայն. մե՛կ կանոն պետք է ունենաք թե՛ օտարականի և թե՛ տեղացու համար”»։
Հրեղեն ամպը
(Ելք 40.34-38)
15Այն օրը, երբ վրանը կանգնեցվեց, ամպը ծածկեց վկայության վրանը։ Երեկոյից մինչև առավոտ կրակի տեսքով այն մնում էր վրանի վրա։ 16Միշտ այդպես էր. ցերեկը ամպն էր ծածկում վրանը, իսկ գիշերը՝ կրակի տեսքը։ 17Երբ ամպը վերանում էր վրանից, Իսրայելի որդիները մեկնում էին, և որտեղ որ ամպը կանգ էր առնում, նրանք այնտեղ էին բանակում։ 18Իսրայելի որդիները մեկնում էին Տիրոջ հրամանով և Տիրոջ հրամանով էլ բանակատեղի էին հաստատում։ Այնքան ժամանակ, մինչ ամպը կանգ էր առնում վրանի վրա, նրանք մնում էին բանակած տեղում։ 19Երբ ամպը շատ օրեր էր մնում վրանի վրա, Իսրայելի որդիները պահում էին Տիրոջ պատվերը և չէին մեկնում։ 20Երբեմն ամպը քիչ օրեր էր մնում վրանի վրա. նրանք Տիրոջ պատվերի համաձայն մնում էին և մեկնում էին Տիրոջ պատվերի համաձայն։ 21Եթե պատահում էր, որ ամպը երեկոյից մինչև առավոտ էր մնում, նրանք մեկնում էին, երբ առավոտյան ամպը վերանում էր. ցերեկ լիներ, թե գիշեր, հենց որ ամպը վերանում էր, նրանք մեկնում էին։ 22Եթե ամպը վրանի վրա կանգնած մնում էր երկու օր կամ մեկ ամիս և կամ մեկ տարի, Իսրայելի որդիները բանակած մնում էին ու չէին մեկնում. բայց երբ վերանում էր, մեկնում էին։ 23Տիրոջ հրամանի համաձայն բանակատեղի էին հաստատում և Տիրոջ հրամանով էլ մեկնում էին։ Նրանք պահում էին Տիրոջ պատվերը՝ Մովսեսի միջոցով Տիրոջ տված հրամանի համաձայն։
Արդեն Ընտրված.
ԹՎԵՐ 9: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018