ԹՎԵՐ 3
3
Ահարոնի որդիները
1Ահա Ահարոնի և Մովսեսի ազգաբանությունը սա է, երբ Տերը Սինա լեռան վրա խոսեց Մովսեսի հետ։ 2Սրանք են Ահարոնի որդիների անունները. անդրանիկինը՝ Նադաբ, և Աբիուդ, Եղիազար և Իթամար։ 3Սրանք էին Ահարոնի քահանա օծված որդիների անունները, որոնց օծեց քահանայություն անելու համար։ 4Նադաբն ու Աբիուդը մեռան Տիրոջ առաջ, երբ Սինայի անապատում Տիրոջ առաջ օտար կրակ էին մատուցում։ Նրանք որդի չունեին։ Եղիազարն ու Իթամարը քահանայություն էին անում իրենց հոր՝ Ահարոնի օրերին։
Ղևտացիների ծառայությունը
5Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 6«Մոտեցրո՛ւ Ղևիի ցեղին և նրանց կանգնեցրո՛ւ Ահարոն քահանայի առաջ, որպեսզի ծառայություն անեն նրան։ 7Նրանք պետք է կատարեն իրենց ծառայությունը Ահարոնին և ամբողջ ժողովրդին՝ ժողովի վրանի առջև վրանի ծառայությունն անելով։ 8Եվ պահպանեն ժողովի վրանի ամբողջ սպասքն ու կահավորանքը և հոգ տանեն այն ամենին, ինչ հանձնված է Իսրայելի որդիների պահպանությանը, և կատարեն վրանի ծառայությունը։ 9Ղևտացիները պիտի տրվեն Ահարոնին ու նրա որդիներին. նրանք ամբողջապես նրան են տրված Իսրայելի որդիներից։ 10Ահարոնին ու նրա որդիներին կկարգես, որպեսզի կատարեն իրենց քահանայական պաշտոնը։ Մոտեցող աշխարհականը կմեռցվի»։
11Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 12«Ես ահա Իսրայելի որդիների միջից վերցրի ղևտացիներին Իսրայելի որդիների այն բոլոր առաջնեկների փոխարեն, որոնք մոր արգանդ են բացում։ Ղևտացիներն իմը պիտի լինեն, 13որովհետև ինձ է պատկանում ամեն առաջնեկ։ Այն օրը, երբ ես Եգիպտոսի երկրում հարվածեցի բոլոր առաջնեկներին, ինձ համար առանձնացրի#3.13 Եբր. սրբացրի։ Իսրայելի բոլոր առաջնեկներին՝ մարդուց մինչև անասուն. նրանք իմը պիտի լինեն. ես եմ Տերը»։
Ղևտացիների մարդահամարը
14Տերը Սինայի անապատում խոսեց Մովսեսի հետ և ասաց. 15«Հաշվառի՛ր Ղևիի որդիներին ըստ իրենց հայրերի տների և իրենց ազգատոհմերի։ Հաշվառի՛ր մեկ ամսականից բարձր եղող բոլոր արուներին»։ 16Մովսեսը Տիրոջ խոսքի համաձայն հաշվառեց նրանց, ինչպես որ պատվիրվել էր իրեն։ 17Սրանք են Ղևիի որդիներն իրենց անուններով՝ 18Գերսոն, Կահաթ և Մերարի։ Սրանք են Գերսոնի որդիների անուններն ըստ իրենց տոհմերի՝ Ղոբենի և Սեմեի։ 19Կահաթի որդիներն ըստ իրենց տոհմերի՝ Ամրամ, Իսահառ, Քեբրոն և Ոզիել։ 20Մերարիի որդիներն ըստ իրենց տոհմերի՝ Մոողի և Մուսի։ Սրանք են ղևտացիների տոհմերն ըստ իրենց հայրերի տների։
21Գերսոնից եղան Ղոբենյանց տոհմը և Սեմեյանց տոհմը. Գերսոնյանց տոհմերը սրանք են։ 22Նրանց հաշվառվածներն ըստ մեկ ամսականից բարձր եղող բոլոր արուների թվի՝ յոթ հազար հինգ հարյուր հոգի։ 23Գերսոնյանց տոհմերը վրանի հետևի մասում՝ արևմտյան կողմում, բանակատեղի կհաստատեն։ 24Գերսոնյանց հայրական տան իշխանը Լայելի որդի Եղիասափն էր։ 25Ժողովի վրանում Գերսոնի որդիների պահպանությանը կհանձնվեն խորանը և վրանը, դրա ծածկոցը և ժողովի վրանի մուտքի վարագույրը, 26վրանի և զոհասեղանի շուրջը գտնվող սրահի առագաստները, սրահի մուտքի վարագույրն ու նրա պարանները և նրա հետ կապված ամբողջ սպասքը։
27Կահաթից եղան Ամրամյանց տոհմը, Իսահառյանց տոհմը, Քեբրոնյանց տոհմը և Ոզիելյանց տոհմը. Կահաթյանց տոհմերը սրանք են։ 28Ըստ մեկ ամսականից բարձր եղող բոլոր արուների թվի՝ ութ հազար վեց հարյուր հոգի, որոնք ծառայում էին սրբարանում։ 29Կահաթի որդիների տոհմերը վրանի հարավային կողմում բանակատեղի կհաստատեն։ 30Կահաթյանց տոհմերի հայրական տան իշխանը Ոզիելի որդի Եղիսափանն է։ 31Նրանք պիտի պահպանեն տապանակը, զոհասեղանը, աշտանակը և սեղանները, սրբարանի անոթները, որոնցով պաշտամունք են մատուցում, վարագույրը և նրան վերաբերող բոլոր բաները։ 32Ղևտացիների իշխանաց իշխանը Ահարոն քահանայի որդի Եղիազարն է. նա սրբարանի ծառայությունն անողների վերակացուն է։
33Մերարիից եղան Մոողյանց տոհմը և Մուսյանց տոհմը. Մերարիի տոհմերը սրանք են։ 34Սրանց մեկ ամսականից բարձր տարիք ունեցող բոլոր արուների թիվը՝ վեց հազար երկու հարյուր հոգի։ 35Մերարյանց տոհմերի հայրական տան իշխանը Աբիքելի որդի Սուրիելն է։ Սրանք վրանի հյուսիսային կողմում բանակատեղի կհաստատեն։ 36Մերարիի որդիների պահպանությանը պիտի հանձնվեն վրանի տախտակները, նրա նիգերը, սյուները, խարիսխները, նրա բոլոր առարկաներն ու նրան վերաբերող բոլոր բաները, 37սրահի շուրջը գտնվող սյուները, դրանց խարիսխները, ցցերը և դրանց պարանները։
38Խորանի դիմաց, այսինքն՝ ժողովի վրանի առջևում, արևելյան կողմում, բանակողները կլինեն Մովսեսը, Ահարոնն ու նրա որդիները, որոնք ծառայում էին Իսրայելի որդիների պահպանությանը հանձնված սրբարանին։ Նրան մոտեցող աշխարհականը կմեռցվի։ 39Տիրոջ խոսքով Մովսեսի և Ահարոնի կողմից հաշվառված մեկ ամսականից բարձր եղող բոլոր արու ղևտացիները, ըստ իրենց տոհմերի, քսաներկու հազար էին։
Ղևտացիները՝ անդրանիկների փոխարեն
40Տերն ասաց Մովսեսին. «Հաշվառի՛ր Իսրայելի որդիների մեկ ամսականից բարձր եղող բոլոր արու առաջնեկներին և ստացի՛ր նրանց թիվն ըստ անունների։ 41Իսրայելի որդիների բոլոր առաջնեկների փոխարեն ղևտացիներին կվերցնես ինձ համար. ես եմ Տերը։ Կվերցնես նաև ղևտացիների անասունները Իսրայելի որդիների անասունների բոլոր առաջնածինների փոխարեն»։ 42Մովսեսը հաշվառեց Իսրայելի որդիների բոլոր առաջնեկներին, ինչպես որ Տերը պատվիրել էր իրեն։ 43Հաշվառման ենթարկված մեկ ամսականից բարձր եղող բոլոր արու առաջնեկները, ըստ իրենց անունների թվի, քսաներկու հազար երեք հարյուր յոթանասուներեք հոգի էին։
44Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 45«Վերցրո՛ւ ղևտացիներին Իսրայելի որդիների բոլոր առաջնեկների փոխարեն և ղևտացիների անասունները՝ նրանց անասունների փոխարեն, որպեսզի ղևտացիներն իմը լինեն. ես եմ Տերը։ 46Եվ Իսրայելի որդիներից երկու հարյուր յոթանասուներեքը, որ ավելի էին ղևտացիների թվից, պիտի փրկագնով գնվեին։ 47Յուրաքանչյուր մարդու համար հինգ սիկղ կվերցնես. ըստ սրբարանի սիկղի կվերցնես. մեկ սիկղը քսան կերատ է։ 48Նրանց մեջ ավելացածների փրկագնի փողը կտաս Ահարոնին ու նրա որդիներին»։ 49Մովսեսը վերցրեց ղևտացիներով փրկվածների ավելացածներից փրկանքի փողը։ 50Նա Իսրայելի որդիների թվով ավելացած առաջնեկներից վերցրեց հազար երեք հարյուր վաթսունհինգ սիկղ արծաթ՝ ըստ սրբարանի սիկղի։ 51Մովսեսը Տիրոջ խոսքի համաձայն փրկագնվածների փողը տվեց Ահարոնին ու նրա որդիներին, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
Արդեն Ընտրված.
ԹՎԵՐ 3: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018