ԹՎԵՐ 24
24
1Բաղաամը, տեսնելով, որ Տերը բարեհաճեց օրհնել Իսրայելին, նա ուրիշ անգամների պես հմայություններ որոնելու չգնաց, այլ իր երեսը դարձրեց դեպի անապատ։ 2Բաղաամն իր աչքերը բարձրացրեց և տեսավ, որ իսրայելացիները բանակատեղի են դրել ըստ իրենց ցեղերի։ Աստծու Հոգին իջավ նրա վրա, 3և նա արտասանեց իր պատգամը՝ ասելով.
«Բեորի որդի Բաղաամի խոսքը,
Բաց աչքերով մարդու խոսքը,
4Աստծու խոսքերը լսողի,
Ամենակարողի տեսիլքը տեսնողի,
Ընկած և աչքերը բաց եղող մարդու խոսքը.
5Ի՜նչ գեղեցիկ են քո վրանները, Հակո՛բ,
Եվ քո օթևանները, ո՛վ Իսրայել։
6Հովիտների նման տարածվեցին,
Գետերի ափին գտնվող պարտեզների պես,
Տիրոջ տնկած հալվեի ծառերի,
Ջրերի երկայնքին գտնվող մայրիների պես են։
7Նրա դույլերից հոսում է ջուրը,
Եվ նրա սերմն առատ ջրերի մեջ պիտի լինի։
Նրա թագավորն Ագագից ավելի կբարձրանա,
Եվ նրա թագավորությունը կբարգավաճի։
8Աստված է նրան Եգիպտոսից հանողը.
Միեղջերուի նման զորություն#24.8 Արագություն։ ունի նա։
Նա ուտում է իր թշնամի ազգերին,
Փշրում է նրանց ոսկորները
Եվ իր նետերով նետահարում է նրանց։
9Առյուծի պես նստեց, պառկեց
Եվ մատակ առյուծի նման։
Ո՞վ կզարթնեցնի նրան։
Քեզ օրհնողները օրհնված են,
Եվ քեզ անիծողները՝ անիծված»։
10Այն ժամանակ Բաղակը խիստ բարկացավ Բաղաամի վրա և ձեռքերն իրար զարկեց։ Բաղակն ասաց Բաղաամին. «Ես քեզ կանչեցի, որ անիծես իմ թշնամիներին, իսկ դու ահա օրհնեցիր նրանց երեք անգամ։ 11Հիմա փախի՛ր, գնա՛ քո տեղը։ Ասացի՝ քեզ շատ պատիվ տամ, բայց Տերն ահա զրկեց քեզ պատվից»։ 12Բաղաամն ասաց Բաղակին. «Մի՞թե ես քո ուղարկած պատգամախոսներին չասացի. 13“Եթե Բաղակն ինձ իր տնով լիքը արծաթ և ոսկի տա, ես չեմ կարող զանց անել Տիրոջ խոսքը և մի լավ կամ վատ բան անել ինձանից։ Տերն ինչ որ ասի, այն էլ կխոսեմ”։
Բաղաամի վերջին մարգարեությունը
14Իսկ հիմա ահա ես գնում եմ իմ հայրենիքը. արի՛ քեզ հասկացնեմ, թե առաջիկայում այդ ժողովուրդն ի՛նչ է անելու քո ժողովրդին»։ 15Եվ արտասանեց իր պատգամը՝ ասելով.
«Բեովրի որդի Բաղաամի խոսքը,
Բաց աչքերով մարդու խոսքը,
16Աստծու խոսքերը լսողի,
Բարձրյալի գիտությունն իմացողի,
Ամենակարողի տեսիլքը տեսնողի,
Ընկած և աչքերը բաց եղող մարդու խոսքը.
17Տեսնում եմ նրան, բայց ոչ հիմա,
Զննում եմ նրան, բայց ոչ մոտից.
Մի աստղ է ծագում Հակոբից,
Մի մական է բարձրանում Իսրայելից,
Խփում է Մովաբի ճակատին
Եվ բնաջինջ անում Սեթի բոլոր որդիներին։
18Նաև Եդովմը իր կալվածքը կլինի,
Նաև Սեիրը իր թշնամիների կալվածքը կլինի։
Իսրայելն իր քաջությունը ցույց կտա,
19Հակոբից եղողը կիշխի
Եվ քաղաքի վերապրողներին կորստյան կմատնի»։
20Բաղաամը, տեսնելով ամաղեկացիներին, արտասանեց իր պատգամը՝ ասելով.
«Ամաղեկն ազգերի գլուխն է,
Բայց նրա վախճանը կործանումն է»։
21Եվ տեսնելով կենեցիներին՝ արտասանեց իր պատգամը՝ ասելով.
«Ամուր է քո բնակավայրը,
Եվ ապառաժի վրա ես դրել քո բույնը.
22Բայց կենեցին ավերակ պիտի դառնա,
Երբ Ասուրը գերի տանի քեզ»։
23Բաղաամն արտասանեց իր պատգամը՝ ասելով.
«Ո՞վ ողջ կմնա, երբ Աստված այս բաներն անի.
24Նավեր կգան կիտացիների եզերքներից
Եվ կչարչարեն Ասուրին, կչարչարեն Եբերին,
Բայց իրենք էլ կկործանվեն»։
25Հետո Բաղաամը վեր կացավ գնաց և վերադարձավ իր տեղը, իսկ Բաղակն էլ գնաց իր ճանապարհով։
Արդեն Ընտրված.
ԹՎԵՐ 24: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018