ԹՎԵՐ 19
19
Կարմիր երինջի մոխիրը
1Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ և ասաց. 2«Այս է օրենքի կանոնը, որ Տերը պատվիրեց՝ ասելով. “Ասա՛ Իսրայելի որդիներին, որ քեզ մոտ բերեն անարատ մի կարմիր երինջ, որ բիծ չունենա, և որի վրա լուծ դրված չլինի։ 3Դուք այն կտաք Եղիազար քահանային, նա երինջը դուրս կհանի բանակատեղիից, և այն կմորթեն նրա առաջ։ 4Եղիազար քահանան իր մատով կառնի նրա արյունից և յոթ անգամ շաղ կտա ժողովի վրանի առջևում։ 5Երինջը կայրեն նրա աչքի առաջ, դրա մորթը, դրա միսն ու արյունը աղտեղիքի հետ միասին կայրեն։ 6Քահանան կվերցնի եղևնու փայտ, զոպա ու մուգ կարմիր մի շոր կվերցնի և կգցի այրվող երինջի վրա։ 7Քահանան ջրով կողողի իր հագուստները և կլվանա իր մարմինը ջրով, հետո կմտնի բանակատեղի. և քահանան մինչև երեկո անմաքուր կլինի։ 8Երինջն այրողը ջրով կողողի իր հագուստները և կլվանա իր մարմինը ջրով. մինչև երեկո նա անմաքուր կլինի։ 9Մի մաքուր մարդ կհավաքի երինջի մոխիրը և կդնի բանակատեղիից դուրս՝ մի մաքուր տեղ։ Դա պահված պիտի մնա Իսրայելի ժողովրդի համար. մեղքերի մաքրման ջուր է այն։ 10Երինջի մոխիրը հավաքողը իր հագուստները կողողի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։ Սա Իսրայելի որդիների և նրանց մեջ պանդխտացած օտարականի համար հավիտենական կանոն լինի։
Հպում դիակին
11Ով որ դիպչի մեռած մարդու մարմնին, յոթ օր անմաքուր կլինի։ 12Նա այդ ջրով թող մաքրվի երրորդ օրը և յոթերորդ օրը և մաքուր կլինի. բայց եթե չմաքրվի երրորդ և յոթերորդ օրը, մաքուր չի լինի։ 13Ով որ մեռած մարդու մարմնին դիպչի և չմաքրվի, նա պղծում է Տիրոջ վրանը։ Այդ անձը թող վերանա Իսրայելից, քանի որ մաքրման ջուր չցանվեց նրա վրա. նա անմաքուր է, և նրա անմաքրությունը դեռ իր վրա է։ 14Այս է վրանի մեջ մեռնող մարդու մասին օրենքը. ով որ մտնի այդ վրանը, և ով որ գտնվի այդ վրանում, յոթ օր անմաքուր կլինի։ 15Բերանը բաց ամեն աման, որի վրա կապով խուփ չկա, անմաքուր կլինի։ 16Ով որ դաշտում դիպչի սրով սպանվածի կամ բնական մահով մեռածի, մարդու ոսկորի և կամ գերեզմանի, յոթ օր անմաքուր կլինի։ 17Անմաքուր եղողի համար թող առնեն մեղքերի զոհի համար այրված երինջի մոխրից և դրա վրա մաքուր ջուր լցնեն մի ամանի մեջ։ 18Մաքուր մի մարդ թող վերցնի զոպան, այն թաթախի ջրի մեջ և շաղ տա վրանի, բոլոր ամանների, այնտեղ գտնվող մարդկանց և այն մարդու վրա, որը դիպել էր մարդկային ոսկորի, սպանվածի կամ մեռածի կամ գերեզմանի։ 19Մաքուր մարդը երրորդ օրը և յոթերորդ օրը ջուրը թող շաղ տա այդ անմաքուր մարդու վրա, և յոթերորդ օրը նա կմաքրի նրան. սա իր հագուստները թող լվանա ու լվացվի ջրով և երեկոյան մաքուր կլինի։ 20Բայց այն մարդը, որ անմաքուր է և չի մաքրվում, այդ անձը վերանա իր ժողովրդի միջից, որովհետև նա պղծել է Տիրոջ սրբարանը։ Նրա վրա մաքրման ջուրը շաղ չի տրվել. նա անմաքուր է։ 21Սա հավիտենական կանոն լինի նրանց համար։ Մաքրման ջուրը շաղ տվողը պետք է լվանա իր հագուստները, իսկ մաքրման ջրին դիպչողն անմաքուր կլինի մինչև երեկո։ 22Անմաքուր մարդը ինչի որ դիպչի, դա անմաքուր կլինի, և դրան դիպչող մարդն էլ անմաքուր կլինի մինչև երեկո”»։
Արդեն Ընտրված.
ԹՎԵՐ 19: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018