ԹՎԵՐ 18
18
Քահանաների և ղևտացիների պարտականությունները
1Տերն ասաց Ահարոնին. «Դու, քո որդիները և քո հոր տունը քեզ հետ, պիտի կրեք սրբարանում գործած անօրենության պատիժը։ Դու և քո որդիները քեզ հետ, պիտի կրեք ձեր քահանայության անօրենության պատիժը։ 2Քեզ մո՛տ վերցրու քո հոր ցեղից, այսինքն՝ Ղևիի ցեղից եղող քո եղբայրներին, որպեսզի քեզ միանան և սպասավորություն անեն քեզ, երբ դու և քո որդիները քեզ հետ, կլինեք վկայության վրանի առաջ։ 3Նրանք թող ծառայեն քեզ և ամբողջ վրանին. միայն թե սրբարանի անոթներին և զոհասեղանին չմոտենան, որպեսզի ո՛չ նրանք մեռնեն և ո՛չ էլ դուք։ 4Նրանք կմիանան քեզ և կկատարեն ժողովի վրանի սպասավորությունը#18.4 Եբր. պահպանություն։ վրանի բոլոր ծառայությունների համեմատ։ Ոչ մի աշխարհական չպետք է մոտենա ձեզ։ 5Կատարե՛ք սրբարանի և զոհասեղանի ծառայությունը#18.5 Եբր. պահպանություն։, որպեսզի Իսրայելի որդիների վրա այլևս բարկություն չլինի։ 6Ահա ես Իսրայելի որդիների միջից վերցրի ձեր եղբայրներին՝ ղևտացիներին, իբրև ձեզ համար Տիրոջը տրված ընծա, որպեսզի կատարեն ժողովի վրանի սպասավորությունը։ 7Դու և քեզ հետ քո որդիները կատարե՛ք ձեր քահանայական պարտականությունը զոհասեղանին բոլոր գործերի համար, ինչպես նաև վարագույրի ներսի կողմի համար. և պաշտոնը կատարե՛ք։ Քահանայության պաշտոնը ես ձեզ տալիս եմ որպես պարգև, իսկ աշխարհականը, որ կմոտենա, պիտի մեռցվի»։
8Տերը խոսեց Ահարոնի հետ. «Ահա ես քեզ եմ հանձնում Իսրայելի որդիների բոլոր սուրբ բաներից ինձ տրված բարձրացնելու ընծաների պահպանությունը որպես քո օծման բաժին և քո որդիներին՝ որպես հավիտենական կանոն։ 9Սրանք քեզ կպատկանեն ամենասուրբ բաներից, որոնք կրակով չեն անցել#18.9 Եբր. կրակից, այսինքն՝ կրակով չայրվածը։. նրանց հացի բոլոր ընծաները, նրանց բոլոր մեղքերի զոհերը և նրանց բոլոր հանցանքների զոհերը, որոնք ինձ են մատուցվում, ամենասուրբ են քեզ և քո որդիների համար։ 10Ամենասուրբ տեղում կուտեք դրանք. ամեն արու կարող է ուտել դրանից։ Դա սուրբ է քեզ համար։
11Այս էլ քոնը լինի. բոլոր այն պարգևները, որ Իսրայելի որդիները մատուցում են վերընծայումով և երերացնելով, քեզ տվեցի դրանք և քեզ հետ քո որդիներին ու քո աղջիկներին հավիտենական կանոնով։ Քո տանը ամեն մաքուր մարդ թող ուտի դրանից։ 12Քեզ եմ տալիս Տիրոջը մատուցվող ամենալավ յուղի, ամենալավ գինու և ամենալավ ցորենի առաջին բերքը։ 13Իրենց երկրի մեջ եղած ամեն ինչի առաջին բերքը, որ բերում են Տիրոջը, քոնը լինի։ Քո տանը ամեն մաքուր անձ թող ուտի դրանից։ 14Իսրայելի մեջ ամեն նվիրվածը#18.14 Նվիրվածը կարող էր լինել անձ կամ առարկա։ քոնը լինի։ 15Ամեն մարմնի ամեն առաջնածին, որ Տիրոջն են մատուցում, մարդ թե անասուն, քոնը լինի. միայն թե մարդու առաջնեկն անպատճառ կփրկագնես։ Կփրկագնես նաև անմաքուր անասունի առաջնեկը։ 16Դրանք կփրկագնես մեկ ամսական դառնալուց հետո, կփրկագնես հինգ սիկղ արծաթի գնով՝ ըստ սրբարանի սիկղի. մեկ սիկղը քսան կերատ է։ 17Բայց կովի առաջնեկը և ոչխարի առաջնեկը կամ այծի առաջնեկը չփրկագնես. դրանք սուրբ են։ Դրանց արյունը շաղ կտաս զոհասեղանի վրա, իսկ դրանց ճարպը կայրես իբրև անուշահոտ զոհ Տիրոջ համար։ 18Դրանց միսը քոնը լինի, ինչպես նաև երերացնելու կուրծքը և աջ զիստը քոնը լինեն։ 19Սուրբ բաներից ամեն բարձրացնելու ընծաները, որ Իսրայելի որդիները մատուցում են Տիրոջը, քեզ եմ տալիս և քեզ հետ՝ քո որդիներին ու քո աղջիկներին հավիտենական կանոնով։ Դա աղի ուխտ է Տիրոջ առաջ, հավիտենական ուխտ քեզ համար և քեզ հետ՝ քո սերնդի համար»։ 20Տերն ասաց Ահարոնին. «Նրանց երկրում դու ժառանգություն չպիտի ունենաս, նրանց մեջ բաժին չպիտի ունենաս. ես եմ քո բաժինն ու ժառանգությունը Իսրայելի որդիների մեջ։
Ղևտացիների բաժինը
21Ահա ես Իսրայելի ամբողջ տասանորդը Ղևիի որդիներին իբրև ժառանգություն այն ծառայության դիմաց, որ նրանք կատարում են ժողովի վրանում։ 22Իսրայելի որդիներն այլևս չմոտենան ժողովի վրանին, որպեսզի մեղքի տակ չընկնեն և չմեռնեն։ 23Ժողովի վրանի ծառայությունը ղևտացիները թող անեն և իրենց անօրենություններն իրենք կրեն։ Սա հավիտենական կանոն լինի ձեր սերունդների մեջ. նրանք ժառանգություն չպետք է ունենան Իսրայելի որդիների մեջ, 24որովհետև Իսրայելի որդիների տասանորդները, որ ընծայում են Տիրոջը որպես բարձրացնելու ընծա, ես տվեցի ղևտացիներին իբրև ժառանգություն։ Այս պատճառով նրանց ասացի, որ նրանք ժառանգություն չպետք է ունենան Իսրայելի որդիների մեջ»։
Ղևտացիների տասանորդը
25Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 26«Այսպե՛ս խոսիր ղևտացիների հետ և ասա՛ նրանց. “Երբ Իսրայելի որդիներից տասանորդ ստանաք, որը ես նրանց կողմից տալիս եմ ձեզ իբրև ժառանգություն, դրանից դուք Տիրոջ համար բարձրացնելու ընծա՛ մատուցեք տասանորդի մեկ տասներորդը։ 27Ձեր բարձրացնելու ընծան կհամարվի իբրև կալի ցորեն և հնձանում եղած գինի։ 28Այսպես դո՛ւք էլ բարձրացնելու ընծա մատուցեք Տիրոջը այն տասանորդներից, որ պիտի ստանաք Իսրայելի որդիներից։ Այդ ընծան, որ առանձնացրել եք Տիրոջ համար, տվե՛ք Ահարոն քահանային։ 29Ձեզ տրված բոլոր ընծաներից Տիրոջ համար պիտի մատուցեք ամեն բարձրացնելու ընծան, դրա ամենաընտիրը, դրա սուրբ մասը պիտի մատուցեք”։ 30Կասես ղևտացիներին. “Երբ դուք դրա ամենաընտիրը մատուցեք, այն ժամանակ մնացածը ղևտացիների համար կհամարվի կալի արդյունք և հնձանի արդյունք։ 31Դուք և ձեր ընտանիքները դա կարող եք ուտել ամեն տեղ, որովհետև դա ձեր վարձն է ժողովի վրանում ձեր մատուցած ծառայության փոխարեն։ 32Եվ դրա համար դուք մեղք կրած չեք լինի, երբ որ ամենաընտիրը մատուցեք դրանից. Իսրայելի որդիների սուրբ նվերները չպղծեք, որպեսզի չմեռնեք”»։
Արդեն Ընտրված.
ԹՎԵՐ 18: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018