ԹՎԵՐ 15
15
Զոհաբերության կանոններ
1Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. 2“Երբ մտնեք ձեր բնակության երկիրը, որը ես կտամ ձեզ, 3և կրակով այրված զոհաբերություն մատուցեք Տիրոջը կամ մի զոհ, մի ուխտ կատարելու կամ կամավոր ընծայի համար և կամ ձեր տոների ժամանակ, որպեսզի զոհաբերվող իր արջառներից ու ոչխարներից անուշահոտություն ընծայեք Տիրոջը, 4այն ժամանակ զոհաբերողը Տիրոջը կմատուցի իր զոհը՝ քառորդ հիմեն յուղով հունցված մեկ տասներորդ գրիվ ընտիր ալյուր՝ որպես հացի ընծա։ 5Ողջակեզի կամ զոհի հետ որպես թափելու ընծա կնվիրաբերես նաև քառորդ հիմեն գինի յուրաքանչյուր գառի համար։ 6Կամ մեկ խոյի համար որպես հացի ընծա կմատուցես մեկ երրորդ հիմեն յուղով հունցված երկու տասներորդ գրիվ ընտիր ալյուր։ 7Որպես թափելու ընծա՝ մեկ երրորդ հիմեն գինի կմատուցես իբրև անուշահոտություն Տիրոջ համար։ 8Եթե զվարակ մատուցես Տիրոջն իբրև ողջակեզ կամ զոհ ուխտ կատարելու համար և կամ խաղաղության զոհի համար, 9ապա զվարակի հետ կես հիմեն յուղով հունցված երեք տասներորդ գրիվ ընտիր ալյուրից հացի ընծա կմատուցես։ 10Թափելու ընծայի համար կմատուցես կես հիմեն գինի. դա կրակով այրված անուշահոտ զոհ է Տիրոջ համար։ 11Յուրաքանչյուր զվարակի կամ խոյի, կամ ոչխարի կամ այծի համար այդպես թող լինի։ 12Ձեր զոհերի թվի համեմատ այդպես կանեք յուրաքանչյուրի համար՝ դրանց թվի համեմատ։ 13Ամեն երկրաբնակ այդպես պետք է անի՝ Տիրոջը կրակով այրված անուշահոտ զոհ մատուցելու համար։ 14Եթե ձեզ մոտ պանդխտացած օտարականը կամ ձեր սերնդի մեջ ձեզ հետ բնակվողը կրակով այրված անուշահոտ զոհ անի Տիրոջը, նա էլ նույն ձևով պետք է անի, ինչպես դուք եք անում։ 15Ձեր ժողովրդի և պանդխտացած օտարականի համար մեկ կանոն լինի, հավիտենական կանոն ձեր ազգերի մեջ. ինչպես դուք, այնպես էլ օտարականը լինի Տիրոջ առաջ։ 16Ձեզ համար և ձեզ մոտ պանդխտացած օտարականի համար մեկ օրենք և մեկ իրավունք պետք է լինի”»։
17Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 18«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ մտնեք այն երկիրը, ուր պիտի տանեմ ձեզ, 19և երբ ուտեք այդ երկրի հացից, բարձրացնելու ընծա՛ մատուցեք Տիրոջը. 20ձեր առաջին խմորից մի շոթ բարձրացնելու ընծա՛ մատուցեք. այն մատուցե՛ք ինչպես կալից բարձրացվող ընծա։ 21Ձեր առաջին խմորից բարձրացնելու ընծա՛ մատուցեք Տիրոջը սերնդից սերունդ։
22Իսկ եթե սխալմամբ չկատարեք այն բոլոր պատվիրանները, որ Տերն ասաց Մովսեսին, 23այն ամենը, որ Տերը Մովսեսի միջոցով պատվիրեց ձեզ այն օրվանից, երբ Տերն այս պատվիրանները տվեց ձեզ և այնուհետև՝ ձեր սերունդներին, 24և եթե ժողովուրդը չիմանալով սխալմամբ հանցանք գործի, ապա ժողովուրդը, որպես անուշահոտ ողջակեզ, մի զվարակ թող մատուցի և նրա հացի ընծան ու թափելու ընծան, ինչպես որ օրենքն է, և այծերից մի նոխազ՝ որպես մեղքի զոհ։ 25Քահանան քավություն կանի Իսրայելի որդիների ամբողջ ժողովրդի համար, և թողություն կլինի նրանց, որովհետև սխալմունք էր։ Եվ նրանք իրենց ընծան Տիրոջը որպես զոհ մատուցեն և իրենց մեղքի զոհը՝ Տիրոջ առաջ իրենց սխալմունքի համար։ 26Եվ թողություն կլինի Իսրայելի որդիների ամբողջ ժողովրդին ու նրանց մեջ պանդխտացած օտարականներին, որովհետև ամբողջ ժողովուրդը սխալվել էր։
27Եթե մի մարդ սխալմամբ մեղք գործի, ապա թող մի տարեկան էգ այծ մատուցի մեղքի զոհի համար։ 28Քահանան քավություն կանի սխալմամբ մեղք գործած անձի համար. Տիրոջ առաջ սխալմամբ մեղք գործելիս քավություն կանի նրա համար, և թողություն կլինի նրան։ 29Իսրայելի տեղաբնակ որդիների և նրանց մեջ պանդխտացած օտարականի համար միևնույն օրենքը պետք է լինի սխալմամբ մեղք գործողի համար։
30Բայց եթե մի մարդ միտումնավոր մեղք գործի, տեղացի թե օտարական, հայհոյած կլինի Տիրոջը։ Այդ մարդը պիտի վերանա իր ժողովրդի միջից, 31որովհետև նա արհամարհեց Տիրոջ խոսքը և զանց առավ նրա պատվիրանները։ Այդ անձը անպատճառ պիտի վերանա. նա պիտի կրի իր անօրենության պատիժը”»։
Շաբաթը խախտող մարդը
32Երբ Իսրայելի որդիներն անապատում էին, տեսան մի մարդու, որ շաբաթ օրը փայտ էր հավաքում։ 33Եվ այդ փայտ հավաքողին տեսնողները նրան բերեցին Մովսեսի, Ահարոնի և Իսրայելի ամբողջ ժողովրդի մոտ։ 34Բանտ դրեցին նրան, որովհետև դեռ չէին վճռել, թե ի՛նչ պետք է անեն նրան։ 35Տերն ասաց Մովսեսին. «Այդ մարդն անպատճառ պիտի մեռցվի. ամբողջ ժողովուրդը կքարկոծի նրան բանակատեղիից դուրս»։ 36Եվ ամբողջ ժողովուրդը բանակատեղիից դուրս բերեց նրան ու քարկոծեց. և նա մեռավ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
Ծոպավոր զգեստների կանոնները
37Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 38«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց, որ իրենց համար ծոպեր կարեն իրենց զգեստների քղանցքներին սերնդեսերունդ և քղանցքի ծոպերի վրա կապույտ մի ժապավեն դնեն։ 39Այդ ծոպերը պետք է ունենաք, որպեսզի տեսնեք այն և ձեր միտքը բերեք Տիրոջ բոլոր պատվիրաններն ու կատարեք դրանք և չհետևեք ձեր սրտերի ու ձեր աչքերի ցանկություններին, որոնց հետևից գնալով՝ դուք մոլորվում եք#15.39 Եբր. պոռնկանում եք։։ 40Որպեսզի ձեր միտքը բերեք և կատարեք իմ բոլոր պատվիրաններն ու ձեր Աստծու առաջ սուրբ լինեք։ 41Ես եմ ձեր Տեր Աստվածը, որ ձեզ հանեցի Եգիպտոսի երկրից, որպեսզի Աստված լինեմ ձեզ համար։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը»։
Արդեն Ընտրված.
ԹՎԵՐ 15: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018