ԹՎԵՐ 13:26-33

ԹՎԵՐ 13:26-33 ՆՎԱԱ

Նրանք քառասուն օր այդ երկիրը հետախուզելուց հետո վերադարձան։ Նրանք եկան հասան Մովսեսի, Ահարոնի և իսրայելացիների ամբողջ համայնքի մոտ՝ Կադես, Փառանի անապատում. լուր բերեցին նրանց և ամբողջ ժողովրդին ու նրանց ցույց տվեցին այդ երկրի պտուղները։ Պատմեցին Մովսեսին և ասացին. «Մենք գնացինք այն երկիրը, ուր ուղարկեցիր մեզ։ Իսկապես այնտեղ կաթ ու մեղր է հոսում, և ահա՛ դրա պտուղները։ Միայն թե այդ երկրի մեջ բնակվող ժողովուրդը հզոր է, քաղաքները պարսպապատ են և խիստ մեծ։ Մենք այնտեղ տեսանք նաև Ենակի որդիներին։ Ամաղեկացիները բնակվում են այդ երկրի հարավային կողմում, քետացիները, հեբուսացիները և ամորհացիները բնակվում են լեռնային շրջաններում, իսկ քանանացիները բնակվում են ծովեզերքին և Հորդանան գետի մոտ»։ Քաղեբը Մովսեսի շուրջը հավաքված ժողովրդին լռեցրեց և ասաց. «Վեր ելնենք և տիրենք այդ երկրին, որովհետև մենք վստահաբար կարող ենք տիրել դրան»։ Բայց նրա հետ գնացող մարդիկ ասացին. «Մենք չենք կարող այդ ժողովրդի դեմ դուրս գալ, որովհետև նրանք մեզանից ավելի ուժեղ են»։ Եվ նրանք իրենց հետախուզած երկրի մասին վատ լուրեր հաղորդեցին Իսրայելի որդիներին՝ ասելով. «Այն երկիրը, որի միջով անցանք հետախուզելու համար, իր բնակիչներին ուտող երկիր է։ Նրա բոլոր բնակիչները, որ մենք տեսանք, բարձրահասակ մարդիկ են։