ԹՎԵՐ 13:17-33

ԹՎԵՐ 13:17-33 ՆՎԱԱ

Սրանք են այն մարդկանց անունները, որոնց Մովսեսն ուղարկեց հետախուզելու այդ երկիրը։ Մովսեսը Նավեի որդի Օսեսի անունը Հեսու դրեց։ Մովսեսը նրանց ուղարկեց Քանանի երկիրը հետախուզելու և ասաց նրանց. «Հարավային կողմից դեպի վեր գնալով՝ բարձրացե՛ք լեռնային շրջանը և տեսե՛ք, թե դա ի՛նչ երկիր է. այնտեղ բնակվող ժողովուրդը ուժե՞ղ է, թե՞ տկար, փոքրաթի՞վ է, թե՞ բազմամարդ. ինչպիսի՞ն է այն երկիրը, որտեղ նրանք բնակվում են, լա՞վ է, թե՞ վատ. ինչպիսի՞ն են այն քաղաքները, որտեղ բնակվում են նրանք, վրաններո՞ւմ են ապրում, թե՞ բերդերում. ինչպիսի՞ն է հողը, պարա՞րտ է, թե՞ տկար, այնտեղ անտառներ կա՞ն, թե՞ ոչ։ Խիզա՛խ եղեք և բերե՛ք այդ երկրի պտուղներից»։ Այդ օրերը խաղողի առաջին բերքի օրերն էին։ Նրանք վեր գնացին և հետախուզեցին այդ երկիրը Սին անապատից դեպի Եմաթ, մինչև Րոոբ։ Բարձրացան հարավային կողմից և եկան Քեբրոն. այնտեղ էին ապրում Ենակի որդիները՝ Աքիմանը, Սեսին և Թոլմին։ Քեբրոնը Եգիպտոսի Տայանիս քաղաքից յոթ տարի առաջ էր կառուցվել։ Նրանք եկան մինչև Եսքողի ձորը, այնտեղից կտրեցին խաղողի մի ողկույզ որթատունկի ճյուղով և երկու հոգով այն տարան մի ձողի միջոցով. վերցրին նաև նռներ և թզեր։ Այդ վայրը կոչվեց Եսքողի ձոր այն ողկույզի պատճառով, որը Իսրայելի որդիները կտրել էին այնտեղից։ Նրանք քառասուն օր այդ երկիրը հետախուզելուց հետո վերադարձան։ Նրանք եկան հասան Մովսեսի, Ահարոնի և իսրայելացիների ամբողջ համայնքի մոտ՝ Կադես, Փառանի անապատում. լուր բերեցին նրանց և ամբողջ ժողովրդին ու նրանց ցույց տվեցին այդ երկրի պտուղները։ Պատմեցին Մովսեսին և ասացին. «Մենք գնացինք այն երկիրը, ուր ուղարկեցիր մեզ։ Իսկապես այնտեղ կաթ ու մեղր է հոսում, և ահա՛ դրա պտուղները։ Միայն թե այդ երկրի մեջ բնակվող ժողովուրդը հզոր է, քաղաքները պարսպապատ են և խիստ մեծ։ Մենք այնտեղ տեսանք նաև Ենակի որդիներին։ Ամաղեկացիները բնակվում են այդ երկրի հարավային կողմում, քետացիները, հեբուսացիները և ամորհացիները բնակվում են լեռնային շրջաններում, իսկ քանանացիները բնակվում են ծովեզերքին և Հորդանան գետի մոտ»։ Քաղեբը Մովսեսի շուրջը հավաքված ժողովրդին լռեցրեց և ասաց. «Վեր ելնենք և տիրենք այդ երկրին, որովհետև մենք վստահաբար կարող ենք տիրել դրան»։ Բայց նրա հետ գնացող մարդիկ ասացին. «Մենք չենք կարող այդ ժողովրդի դեմ դուրս գալ, որովհետև նրանք մեզանից ավելի ուժեղ են»։ Եվ նրանք իրենց հետախուզած երկրի մասին վատ լուրեր հաղորդեցին Իսրայելի որդիներին՝ ասելով. «Այն երկիրը, որի միջով անցանք հետախուզելու համար, իր բնակիչներին ուտող երկիր է։ Նրա բոլոր բնակիչները, որ մենք տեսանք, բարձրահասակ մարդիկ են։